ՀԳՄ-ում մեծարեցին Ցեղասպանությանը զոհ գնացած բանաստեղծին, ում իր ժամանակակիցները ցանկացել էին Նոբելյան մրցանակի ներկայացնել

17:33, 22 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի գրողների միությունում ապրիլի 22-ին տեղի ունեցավ արևմտահայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի ծննդյան 140-ամյակին նվիրված գրական հանդիսություն։

«Արմենպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը կրում էր «Եղէգնեայ գըրչով երգեցի փառքեր. Քեզի ընծայ, իմ հայրենիք…» խորագիրը։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն անդրադարձավ Դանիել Վարուժանի արվեստի լայն ընդգրկմանը, որում գեղարվեստորեն խտացված են տարբեր իրադարձություններ ու դիպվածներ՝ անտիկ ժամանակներից մինչև իր ապրած օրերը։

«Առաջին բանաստեղծությունների գրքից՝ 18 բանաստեղծություն ընդգրկող «Սարսուռներ»-ից մինչև վերջին գրվածքներն ընդգրկում էին մարդկության, հայ ժողովրդի պատմության անցքեր, դիպվածներ, ժամանակներ՝ մինչև իր ապրած կյանքի օրերը, և այդ ամենն իր ժամանակի մեջ խտացրած։ Դա հավերժական ժամանակն է, որին հաղորդակից են միայն հանճարեղ մարդիկ։ Շատ ուրախալի է, որ դեռ իր ժամանակ արդեն ընկալել էին Վարուժանի մեծ տաղանդը, և որոշակի շրջանակներ մտածում էին նրան ներկայացնել Նոբելյան մրցանակի»,-ասաց Միլիտոնյանը։

Նրա խոսքով՝ դեռ մանուկ հասակից անձամբ առանձնահատուկ սեր է ունեցել Վարուժանի պոեզիայի նկատմամբ և որոշել է տուրք մատուցել եղեռնազարկ պոետի հիշատակին։

Արդյունքում՝ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, անգլերենով, ռուսերենով, ֆրանսերենով և գերմաներենով ԳՄ ջանքերով լույս է տեսել Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած գրողների ստեղծագործությունների գիրքը։

Միջոցառմանը պոետի սիրերգներից, խոհափիլիսոփայական, հայրենասիրական ստեղծագործություններից ասմունքեցին  ՀԳՄ պոեզիայի թատրոնի անդամները և Երևանի Դանիել Վարուժանի անունը կրող դպրոցի շնորհալի աշակերտներ։

[gallery id= 67886]


© 2009 ARMENPRESS.am