Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

16:16, 24 Ապրիլ, 2024

ՄՈՍԿՎԱ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին:

m2.jpg (140 KB)

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կատարվել է նաև Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ, որին ներկա էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան պատասխանատուներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:  

m4.jpg (111 KB)

Հավատավոր ժողովրդին ուղղված իր խոսքում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը նշեց, որ Մեծ եղեռնի՝ դեռևս չսպիացած վերքին ավելացավ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով արցախահայության բռնի տեղահանումը:

Նա նշել է, որ 2023 թվականին ականատես եղանք նոր ցեղասպանության, երբ միջազգային հանրության լուռ հայացքի ներքո հայաթափվեց Լեռնային Ղարաբաղը։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդը հավելել է, որ Հայաստանի սահմանները նույնպես հանգիստ չեն և հայ ժողովրդին համախմբվելու կոչ է արել։

Պատարագից հետո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին ծաղիկների և ծաղկեպսակների տեղադրման արարողություն: Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես: Այսօր հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել նաև ՌԴ այլ քաղաքներում գործող հայկական կազմակերպությունների կողմից:

 


© 2009 ARMENPRESS.am