Միջազգային

Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել

2 րոպեի ընթերցում

Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ մի քանի օրից թույլտվություն կխնդրի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ընտանիքից՝ վերջինիս տեսակցելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Վուչիչի՝ «ԵՄ-Արևմտյան Բալկաններ» տարածաշրջանային ֆորումի շրջանակում արված հայտարարությունը։

«Վստահ եմ, որ առաջիկա օրերին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ միասին նրա (խմբ. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցո) ընտանիքից թույլտվություն կստանամ այցելելու։ Իհարկե, սա չի կարող լինել այսօր և վաղը, բայց ես հույս ունեմ, որ նա կհաղթահարի այս ամենը։ Նա մարտիկ է, բացառիկ ուժեղ առաջնորդ, ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես, և վստահ եմ, որ դա կօգնի իրեն հաղթահարել այս բոլոր խնդիրները։», - ասել է Վուչիչը։

Մայիսի 15-ին՝ Հանդլովա քաղաքում կողմնակիցների հետ հանդիպումից հետո, երբ Սլովակիայի վարչապետը դուրս է եկել շենքից, մի տղամարդ մի քանի անգամ կրակել է նրա վրա։

Ավելի վաղ Սլովակիայի փոխվարչապետ Թոմաս Տարաբան հայտնել էր, որ Հրազենային վիրավորում ստացած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին վտանգ չի սպառնում։

Երկրի ներքին գործերի նախարարն այս հարձակումն անվանել է քաղաքական դրդապատճառներ ունեցող մահափորձ։

Ոստիկանությունն առայժմ չի բացահայտել կասկածյալի ինքնությունը, սակայն լրատվամիջոցները նշում են, որ 71-ամյա տղամարդը գրող է և քաղաքական ակտիվիստ։ Համացանցում տարածված մի տեսանյութում ենթադրյալ կասկածյալը ասում է, որ համաձայն չէ կառավարության վարած քաղաքականության հետ։

59-ամյա Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայում իշխանության է վերադարձել 2023 թ․սեպտեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո` հինգ տարի ընդդիմության շարքերում լինելուց հետո։ Նախկինում նա Սլովակիայի վարչապետ էր եղել 2006-2010 թթ․և 2012-2018 թթ․։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում