Ներկայացվեց «Էլեկտրոնային բիզնես» մագիստրոսական ծրագիրը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրասիա» միջազգային համալսարանում այսօր ներկայացվեց «Էլեկտրոնային բիզնես» մագիստրոսական ծրագիրը, որը նպատակ ունի նպաստելու Հայաստանում էլեկտրոնային բիզնեսի զարգացմանը' համադրելով կրթական ծրագրերն ու բիզնեսի ներուժը: Ծրագրի շնորհանդեսին Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր նշեց, որ Հայաստանի տնտեսության զարգացման կարեւորագույն ռեսուրսը լավագույն գիտելիքների տիրապետող ու ստեղծագործ մարդկային կապիտալն է, որին հասնելու միակ ուղին միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ստեղծումն է:
«Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումները թեւակոխում են նոր փուլ, երբ արդեն տեղի համալսարանները ներկայացնում են իրենց ծրագրերը, որոնք կյանքի են կոչվում միջազգային հայտնի այլ համալսարանների հետ համատեղ: «Էլեկտրոնային բիզնես» մագիստրոսական ծրագիրը դրանց թվում առաջիններից մեկն է, որը շոշափում է կրթական ծրագրի միջոցով տնտեսության նոր ճանապարհների զարգացումն ու համապատասխան մասնագիտական կրթությունը Հայաստանում»,- ասաց Ա. Աշոտյանը:
«Էլեկտրոնային բիզնես» մագիստրոսական ծրագիրը ենթադրում է մի քանի մասնագիտությունների ուղղությամբ կրթական ծրագրի իրականացում Լիտվայի Միկոլաս Ռոմերիսի ու Եվրոպական համալսարանների հետ համատեղ, որոնք բարեհաջող ավարտելու դեպքում ուսանողը ստանում է կրկնակի դիպլոմ: Ուսանողն ուսման ընթացքում հանդիսանում է ոչ միայն «Եվրասիա», այլեւ Լիտվայի Միկոլաս Ռոմերիսի կամ Եվրոպական համալսարանի ուսանող: