Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երեւանի կենդանաբանական այգին փոքրիկ բնապահպանների համար ժամանակավորապես դարձավ բաց արվեստանոց

Երեւանի կենդանաբանական այգին փոքրիկ բնապահպանների համար ժամանակավորապես դարձավ բաց արվեստանոց

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի կենդանաբանական այգում նկարչական մեծ միջոցառումով այսօր մեկնարկեց Համահայկական նկարչական մրցույթը, որը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իրականացնում է չորրորդ անգամ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հիմնադրամի' ԶԼՄ-ների հետ աշխատանքի համակարգող Մանե Մադոյանը, ամենամյա այս մրցույթի նպատակն է համախմբել բոլոր այն հայ երեխաներին, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ հայրենի բնության պահպանման գործում: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը FPWC-ի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համատեղ կազմակերպված այս նախաձեռնության միջոցով հազարավոր երեխաներ պաշտպանում են իրենց կենսական իրավունքներից մեկը' առողջ եւ բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը:

«Երեւանի կենդանաբանական այգին փոքրիկ բնապահպանների համար ժամանակավորապես դարձավ նկարչական բաց արվեստանոց. բնության եւ նրան սպառնացող վտանգների մասին երեխաները պատմեցին գույների ու պատկերների միջոցով»,- ասաց Մ. Մադոյանը: Պատանի բնասերները գունազարդել են նաեւ կրթօջախներից եւ մանկապարտեզներից բերված հարյուրից ավելի սեղաններ, որոնք հետագայում, համապատասխան վերամշակումից հետո, կվերադարձվեն կրթօջախներ եւ կդառնան երեխաների առօրյայի անբաժանելի մասը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ «ՎիվաՍել»-ը հպարտությամբ է կանգնում նման կարեւոր նախաձեռնությունների կողքին: «Մենք գիտակցում ենք, որ եկել է Երկրի բնության փրկության համար համախմբվելու ժամանակը, եւ յուրաքանչյուրն այդ քայլը պետք է սկսի իր շրջակա միջավայրից: Ավելին' անհրաժեշտություն է երեխաներին այս գործընթացում ներգրավելը, քանի որ նրանք են շարունակելու մեր գործը»,- ասաց Ռ. Յիրիկյանը' հավելելով, որ գունագեղ այս միջոցառումը հրաշալի միջոց է երեխաների մեջ բնության հանդեպ սեր եւ հոգատարություն սերմանելու համար:

Կենդանաբանական այգու այցելուներին նկարչական տոնից բացի այլ անակնկալներ էին սպասվում' կրկեսային ներկայացումներ, կենդանի երաժշտություն, բազմաբնույթ խաղեր, թատերական բեմադրություններ: Կազմակերպվեց նաեւ ինտելեկտուալ խաղ, որի հաղթողի համար նախատեսված էր հատուկ մրցանակ:

Մ. Մադոյանը նշեց, որ օրվա ընթացքում կգործի մրցույթի պաշտոնական կայքը' www.paintingday.sunchild.org, որտեղ իրենց նկարների օնլայն տարբերակները տեղադրելու հնարավորություն ունեն աշխարհի տարբեր ծայրերում ապրող 5-16 տարեկան բոլոր երեխաները: Այսօրվա միջոցառման ժամանակ երեխաների ստեղծած նկարներն արդեն իսկ ընդգրկված են մրցույթում: Այս տարվա մրցույթի թեմաներն են' «Իմ երազած կենդանաբանական այգին», «Իմ հայրենի բնությունը», «Ես ծառ եմ»: Այն կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 1-ը: Այս անգամ էլ հաղթողներին կորոշի ոչ միայն անկախ ժյուրին, այլեւ մրցույթի կայքէջի այցելուները: Քվեարկությունից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Երեւանի կենդանաբանական այգուն:

Համահայկական նկարչական 4-րդ մրցույթի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 14-ից 18-ը կայանալիք «Արեւորդի» 3-րդ բնապահպանական միջազգային փառատոնի շրջանակում: Համահայկական նկարչական մրցույթն իրականացվում է 2008 թ-ից: 2010 թ-ից այն համահայկական բնույթ է ստացել: Նախորդ տարի մրցույթին ներկայացվել են ավելի քան 2500 նկարներ, որոնցից շուջ 500-ը' Սփյուռքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am