1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայում խոսքի ազատությունը շարունակում է «բանտարկված» մնալ

Թուրքիայում խոսքի ազատությունը շարունակում է «բանտարկված» մնալ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից Թուրքիան պատկանում է այն երկրների շարքին, որոնք, անտեսելով երկրի ներսում առկա խնդիրները, մշտապես ցանկանում են միջազգային հանրության աչքերին երևալ որպես առաջադեմ և զարգացած երկիր: Սակայն անկախ մեծ ցանկությունից` երևալու արտաքին աշխարհին որպես մարդու իրավունքները հարգող երկիր, միևնույնն է, իրականությունը մշտապես դուրս է գալիս ջրի երես և ապացուցում է հակառակը:

 Մեր օրերում Թուրքիան առաջատար դիրք է գրավում խոսքի ազատությունը ոտնահարող երկրների ցուցակում: Երկրում գրեթե ամեն օր ձերբակալվում են լրագրողներ, որոնք իրենց հոդվածներով այս կամ այն կերպ հակասում են պետական տեսակետին: Թեև 1990-ականների հետ համեմատ, երբ լրագրողները ձերբակալվում էին հարյուրներով, երկրում նկատվում է առաջընթաց, այդուհանդերձ դեռևս անելու շատ բան է մնացել: Թուրքիայում «Արդրություն և զարգացում» կուսակցության` իշխանության գալուց և երկրի քաղաքական համակարգում իր դիրքերը զգալիորեն ամրապնդելուց հետո կուսակությունը սկսեց հետապնդել ցանկացածին, ով «կհամարձակվեր» պետականին հակասող տեսակետ արտահայտել:

Միջազգային մամուլը բազմիցս անդրադարձել է վերոհիշյալ խնդրին և կոչ արել Թուրիքիային ավելի հետևողական գտնվել մարդու ազատությունները պահպանելու հարցում: Բրիտանական Financial Times պարբերականի վերլուծաբան Դանիել Դամբելը հրապարակել է մի հոդված, որում խստորեն քննադատում է Թուրքիայում առկա դրությունը: Բրիտանացի հոդվածագիրը հետաքրքիր կերպող զուգահեռներ է տանում Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի միջև: Որպես ընդհանուր գիծ նա առանձնացրել էր հետևյալ կարգախոսը. «Դու կամ մեր հետ ես, կամ մեր դեմ»: Իրականում այս կարգախոսը ճշգրտորեն բնութագրում է Էրդողանին և ընդհանրապես նրա ողջ կուսակցության վարած քաղաքականությունը: Որպես սրա վառ ապացույց կարող ենք դիտել երկրում ավանդական դարձած այն լրագրողների ձերբակալությունները, որոնք «համարձակվում են» այս կամ այն կերպ խոսել Էրդողանի կամ նրա կուսակցության դեմ: Սրա վկայությունն է նաև այն, որ ներկայում Թուրքիայում կան ձերբակալված կամ հետապնդման մեջ գտնվող շուրջ 600 լրագրող, ինչն ավելին է, քան Չինաստանում և Իրանում ձերբակալված բոլոր լրագրողները միասին վերցրած:

Չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը շարունակում է պնդել երկրում ժողովրդավարության առկայության մասին, այդուհանդերձ դա խնդրահարույց ժողովրդավարություն է, քանի որ երկրում գոյություն ունի տարակարծության նկատմամբ անհանդուժողականություն, անձնական ազատությունների սահամանափակում: Եվ ամենևին էլ պատահական չէ այն, որ տարբեր գերտերություններ բազմիցս հանդես են գալիս կոչերով` հորդորելով Թուրքիային առավել մեծ ուշադրություն դարձնել երկրում խոսքի ազատության պահպանմանը: Նմանօրինակ գործողություններից են ԱՄՆ Պետդեպարտամենտի պատրաստած զեկույցները, որով խստորեն քննադատվում է Թուրքիայում մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումը: Մասնավորապես, մայիսի 25-ին պատրաստած զեկույցում ասվում է. «Լրագրողների, գրողների, քուրդ մտավորականների և քաղաքական ակտիվիստների ձերբակալությունները բացասական ազդեցություն են գործում խոսքի ազատության վրա»: Զեկույցը դատապարտում էր թուրքական իշխանություններին, մասնավորապես Էրդողանին, որոնք հետապնդում և ձերբակալում են ցանկացածին, ով կքննադատի իրենց:

Բնականաբար խոսքի ազատության սահմանափակման արդյունքն է նաև այն, որ շատ թուրք մտավորականներ, որոնք հակառակ թուրքական քարոզչական մեքենայի կողմից պատմական փաստերի խեղաթյուրմանը գիտակցում են, որ 1915 թվականի դեպքերն իրական ցեղասպանություն է, այդուհանդերձ չեն համարձակվում բարձրաձայնել դրա մասին, իսկ բարձրաձայնելու պարագայում էլ ստիպված են լինում լքել երկիրը:

Այս և մի շարք այլ փաստեր խոսում են այն մասին, որ Թուրքիան խոսքի ազատությունը հարգող երկիր չէ: Լրագրողներին շատ մեծ քաջություն է պետք` իրենց աշխատանքն անելու համար: Սա վտանգավոր մասնագիտություն է, որը նրանց ենթարկում է բանտարկվելու ռիսկի, սպառնալիքների և ֆիզիկական բռնության: Եվ նման պայմաններում պատահական չէ, որ թուրք լրագրողներն էլ, սեփական անվտանգության նկատառումներից ելնելով, դառնում են թուրքական իշխանությունների կամակատարները և մասն են կազմում թուրքական քարոզչական մեքենայի, որն անդադար գործում է իրական փաստերը խեղաթյուրելու համար:

 

 

Արաքս Կասյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]