Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սուննի-շիա հակամարտությունն ակտիվանում է. Սարգիս Գրիգորյան

Սուննի-շիա հակամարտությունն ակտիվանում է. Սարգիս Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն շուրջ երկու տարի շարունակվող «Արաբական գարունը» մեծ փոփոխությունների պատճառ դարձավ Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Այս փոփոխությունների ընթացքում նկատվեց իսլամի երկու հիմնական ուղղությունների` սուննիական և շիական հոսանքների միջև հակամարտության նոր ալիքի բարձրացում, որը հատկապես առավել արտահայտիչ բնույթ է ստանում դեռևս շարունակվող սիրիական  ճգնաժամում: «Արաբական գարունը», որը սկզբնավորվեց ավտորիտար և կոռումպացված վարչախմբերի դեմ ուղղված զանգվածային ելույթներով, աստիճանաբար վերածվում է իսլամի երկու հիմնական ուղղությունների` սուննիների և շիաների միջև ընթացող պայքարի: Այժմյան մերձավորարևելյան զարգացումներում ներմուսուլմանական կրոնական տարաձայնություններն ու հակասությունները սուննիների և շիաների միջև ներկայացված են մի կողմից Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան (Հիզբալլահ) շիական միությամբ, իսկ մյուս կողմից Սաուդյան Արաբիա-Կատար-Եգիպտոս-Թուրքիա սուննիական դաշինքով:

Իսլամի առաջացման հենց սկզբում` Մուհամմադ մարգարեի օրոք, իսլամն ամբողջական կառույց էր, որտեղ չկաին հստակ տարանջատված ուղղություններ և հոսանքներ: 632 թ. մարգարեի մահից հետո մուսուլմանական համայնքում (Ումմա) սկսեցին տարաձայնություններ` կապված այն խմդրի շուրջ, թե ով պետք է ղեկավարի մուսուլմանական համայնքը: Արդեն այդ ժամանակվանից իշխանության պատկանելիության խնդիրը մասնատեց մուսուլմանական ումման երկու հիմնական ուղղությունների` սուննիների և շիաների:

Սուննիները («Ահլ Ալ-Սուննա»-Սուննայի մարդիկ) կարծում են, որ մուսուլմանական «ումմայում» իշխանությունը պետք է պատկանի խալիֆին, ով ընտրվում է ամբողջ մուսուլմանական համայնքի կողմից: Մինչդեռ շիաները («Շիա»-խմբավորում, Ալի իբն Աբու Տալիբի հետևորդներ) ընդունում են իմամի իշխանությունը, ով պետք է լինի Մուհամմադ մարգարեի հետնորդը, նրա դստեր` Ֆաթիմայի և Ալիի սերնդից:

Իսլամի ձևավորման ժամանակվանից սկսած քաղաքական ղեկավարության խնդիրը սուր կերպով կանգնած է մուսուլմանական հասարակական-քաղաքական օրակարգում: Սուննիների և շիաների միջև արդեն 15 դար գոյություն ունեցող ջրբաժանն իր մասին զգացնել է տալիս հատկապես վերջին շրջանում: Այն առավել ցայտուն դրսևորվեց հատկապես 1979 թ. Իրանի իսլամական հեղափոխությունից հետո: Շիական մեծամասնություն ունեցող երկրների շարքում Իրանի աստիճանական հզորացումն ու ռազմականացումը հանգեցրեց շիական հոսանքների ակտիվացման Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում: Այս ենթատեքստում, Իրանի վարած քաղաքականությանը որպես հակակշիռ հանդես է գալիս Սաուդյան Արաբիան`առաջ քաշելով վահհաբականության գաղափարները և իրականացնելով սուննիական ուղղության դիրքերի ամրապնդմանն ուղղված քայլեր: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա սաուդական թագավորական ընտանիքի կողմից սուննիական բազմազան ուժեր ստանում են մեծ ֆինանսական և գաղափարական աջակցություն: Այդ  աջակցությունից օգտվում են նաև սուննիական առավել ծայրահեղ հոսանքները, որոնց մեջ շատերն իրենց պայքարը շիաների դեմ ներկայացնում են որպես անհավատների դեմ պայքար, որոնց դեմ նույնպես պետք է իրականացնել ջիհադ: Այս ամենը հստակ պռոեկտվում է սիրիական այժմյան հակամարտության վրա: Բաշար Ալ-Ասադի շիական-ալաուիական վարչախմբի դեմ պայքարում են զանազան ընդդիմադիր հոսանքներ, որոնք մեծ հաշվով սուննիներ են և իրենց ընդվզումը ներկայացնում են որպես պայքար անհավատ ալաուիական վարչախմբի դեմ:

Հակառակ պատկերը տեսանելի է օրինակ Բահրեյնում, որտեղ մեծամասնություն կազմող շիաները ժամանակ առ ժամանակ ընդվզում են ղեկավարող սուննիական փոքրամասնության դեմ` ենթարկվելով կառավարող սուննիների և Պարսից ծոցի արաբական միապետությունների կողմից ճնշումների: Անհանգիստ է նաև մուսուլմանական աշխարհի և սուննիական հոսանքի սրտում` Սաուդյան Արաբիայում: Երկրի արևելյան շրջաններում բնակվող շիաները նույնպես շատ հաճախ դուրս են գալիս փողոց` ընդդեմ սուննիական իշխանությունների, ինչը կարող է թուլացնել սաուդական թագավորական ընտանիքի դիրքերը` ապահովելով Իրանի ռազմավարական հաղթանակը, քանի որ հենց Սաուդյան Արաբիայի շիաներով բնակեցված շրջաններում է կենտրոնվացած երկրի նավթային պաշարների զգալի մասը:

Արաբական գարնան արդյունքում իշխանափոխության ենթարկված Եգիպտոսը, որը միշտ առանցքային դեր է ունեցել մուսուլմանական աշխարհում,  նույնպես ներքաշվում է սուննիական և շիական հակամարտության մեջ: Դա բացատրվում է նրանով, որ դեռևս իշխանափոխության հետևանքները չթոթափած եգիպտական նոր իշխանությունները, որտեղ առանցքային դիրք է ստանձնել իսլամական արմատական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը, արդեն հանդիպում են Սինայի թերակղզում իրանամետ խմբավորումների ակտիվության: Չմոռանանք նաև, որ Եգիպտոսում է գտնվում Ալ-Ազհարը` սուննիական մուսուլմանական կրոնա-իրավական կենտրոնը, որը միշտ մուսուլմանական հիմնախնդիրների նկատմամն իր հեղինակավոր դիրքն ու կարծիքն է ունեցել մուսուլմանների համար:

Այսօր ներմուսուլմանական հակամարտության դրսևորման աշխարհագրությունը վաղուց դուրս է եկել մուսուլմանական աշխարհի սահմաններից` ազդելով այլ տարածաշրջանները բնակեցնող մուսուլմանական երկու հիմնական ուղղությունների` սուննիների և շիաներ հարաբերությունների վրա: Դժվար է կանխատեսել ներկայիս քարգացումների համատեքստում ներմուսուլմանական երկու հիմնական հոսանքների միջև պայքարի հետագա ընթացքը, սակայն պարզ է այն, որ այս հոսանքների միջև առկա լարվածությունը հղի է նոր արյունալի բախումներով և հեղափոխություններով:                                                            

Իսլամագետ Սարգիս Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]