Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում խոսել է լրագրողական պատասխանատվության և էթիկայի մասին

Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում խոսել է լրագրողական 
պատասխանատվության և էթիկայի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել «Մեդիայի պատախանատվությունը և էթիկան մեդիայի փոփոխվող միջավայրում» զեկույցի շուրջ: Պատգամավորը ելույթում անդրադարձել է ՄԻԵԴ-ի մեծ պալատի «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանի ելույթն  ամբողջությամբ: 

«Հարգելի՚ գործընկերներ,

Ազատ մամուլը և անկախ լրագրությունը միշտ եղել են ժողովրդավարության հիմնաքարը և, լինելով հասարակության ձայնը, իրենց առաքելությունը կատարելու համար միշտ օժտված են եղել արտոնություններով: Համացանցի և տեխնոլոգիաների զարգացմամբ, մամուլի վերաբերյալ պատկերացումը փոխվել է, դարձել ավելի լայն և ընդգրկում է ոչ միայն ավանդական մամուլը, այլև առցանց լրագրությունը, բլոգոլորտը և սոցիալական մեդիան: Համացանցը դարձել է ձայն հնչեցնելու, հոդվածներ տեղադրելու, այլոց քննարկումների հրավիրելու և կարծիք արտահայտելու նոր հարթակ ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ անհատ բլոգերների համար:

Սա, ընդհանուր առմամբ, ընդլայնում է ինչպես մամուլի ապագա զարգացման հնարավորությունների շրջանակը, այնպես էլ թվային մամուլի ներկայացուցիչների պարտավորությունները և պատասխանատվությունը: Համացանցի առանձնահատկությունների շնորհիվ, թվային մամուլը դարձել է ավելի ինտերակտիվ՝ նվազեցնելով սովորական ընթերցողի և լրատվամիջոցի մեջ առկա անջրպետը: Չնայած դրական կողմերիի առկայությանը՝ համացանցում տեդադրված հոդվածի անմիջական ազդեցությունը և ակնթարթային հետևանքները հնարավոր չէ ամբողջությամբ չեղարկել: Ժամանակակից լրագրության մյուս առանձնահատկությունն արագությունն է: Առավել շատ դիտումներ ստանալու համար լուրերը հրապարակվում են առանց խմբագրական ստուգման և հաստատման, արդյունքում զոհ են գնում լրագրողական էթիկայի և ավանդական լրագրության այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են հավաստիությունը և թափանցիկությունը: 

 Ներկայիս լրագրության առանձնահատկությունները, լուրերի առցանց տարածման և լրատամիջոցների գործունեության կարգավորման անհրաժեշտությունը հանգեցրել են լրատվամիջոցի՝ իր կայքում տեղադրված հոդվածների և մեկաբանությունների համար պատասխանատվության ընդլայնմանը: Վերջերս կայացված ամենակարևոր որոշումը, որը հստակություն մտցրեց մամուլի պատասխանատվության վերաբերյալ շարունակական բանավեճերին, թերևս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատի «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով որոշումն է, որով, հաշվի առնելով զարգացած և հայտնի լրատվամիջոցի հնարավորությունները, դրա կողմից օգտագործվող ընթացակարգերը, կայքի առևտրային բնույթը, ինչպես նաև կայքի բովանդակության նկատմամբ գործուն դերակատարումը, ակնհայտ անընդունելի մեկնաբանությունների, այդ թվում՝ ատելություն պարունակող խոսքի, ավտոմատ հեռացման ընթացակարգի ոչ արդյունավետությունը, դատարանը լրատվամիջոցին պատասխանատու ճանաչեց օգտատերերի՝ կայքում տեղադրված հոդվածների տակ կատարված մեկնաբանությունների համար:

Սա խիստ կարևոր որոշում է առցանց լրատվական միջոցների համար, որը կոչ է անում վերակազմակերպել խմբագրման ընթացակարգը՝ խոսքի ազատության և զրպարտության ու վիրավորանքի միջև հավասարակշռություն պահպանելու համար: 

Ինչպես այս ոլորտում վերոգրյալ վերջին զարգացումները, այնպես էլ լրատվամիջոցի՝ համացանցում գործելու դժվարություները և ռիսկերը, զեկույցում նշված էթիկայի չափորոշիչները հույժ կարևոր են լրագրության ինքնակարգավորման համար և, հուսանք, կօգնեն թվային մամուլին պահպանել հավասարակշռություն տեղեկատվության անկախության, ազատ հոսքի, կարծիքների փոխանակման և մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության միջև:

 Լուրերը և ժամանցային մամուլը մեր օրերում պահանջում են էթիկայի այնպիսի նոր չափորոշիչների զարգացում և ընդունում, որոնք հիմնված կլինեն փոփոխվող միջավայրի և թվային ժամանակաշրջանի ու համացանցի առանձնահատկությունների վրա:

Ես կարևոր եմ համարում ընդգծել, որ, չնայած համացանցը ստեղծում է տեղեկատվության ազատ հոսքի համար բազմաթիվ հնարավորություններ, օֆ-լայն (ցանցից դուրս) օրենսդրությունը հավասարպես վերաբերում է և՚ տպագիր մամուլին, և՚ համացանցային մամուլին՝ այդ հարթակի առանձնահատկությունների հաշվառմամբ: Այսպիսով, նոր իրականությանը համապատասխանող էթիկայի չափորոշիչների ընդունումը և դրանց պահպանումը վերահսկող ինքնակարգավորվող մարմինների ստեղծումը նոր մեդիայի զարգացման խթանը և թվային ժամանաշրջանին համահունչ գործունեության նախադրյալն են»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]