Գալուստ Սահակյանն ընդունել է Ավստրիայի խորհրդարանի Ժողովրդական խմբակցության նախագահին
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և Ավստրիայի Հանրապետության Ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկան քննարկել են ապագայում մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման հարցում խորհրդարանների կարևոր դերակատարության հարցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Գալուստ Սահակյանը հունիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովում ընդունել է Ռայնհոլդ Լոպատկային:
Ողջունելով հյուրին՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ նրա այցը կնպաստի հայ-ավստրիական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ հարաբերությունների ակտիվացումը ոչ միայն երկկողմ, այլ նաեւ` բազմակողմ ձեւաչափերով:
ԱԺ նախագահը շնորհակալալություն է հայտնել Ռայնհոլդ Լոպատկային` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար: Ըստ Գալուստ Սահակյանի` Ավստրիայի խորհրդարանի այդ կարեւոր քայլը կնպաստի ապագայում մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելմանը:
Աժ նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ի կողմից նախաձեռնվել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության պլատֆորմ, որի ձեւավորման գործում նա կարեւորել է բոլոր երկրների խորհրդարնների ներկայացուցիչների մասնակցությունը:
Ավստրիայի Հանրապետության Ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, եւս անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Նա, անդրադառնալով պլատֆորմի ձեւավորմանը, նշել է, որ այն համագործակցության նոր եզրեր կստեղծի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում