Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հերմինե Նաղդալյանն Ադրբեջանի սպառնալից հայտարարություններն անհարիր է համարել ԵԽ-ին

Հերմինե Նաղդալյանն Ադրբեջանի սպառնալից հայտարարություններն անհարիր 
է համարել ԵԽ-ին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում թշնամանքի և այլատյացության քաղաքականությամբ պայմանավորված` երկրում երիտասարդ սերունդը մեծանում է ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտում:  Ավելին, ադրբեջանական հասարակության ներսում ցանկացած փորձ՝ կապեր հաստատելու, վստահություն ստեղծելու Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև` Ադրբեջանի ղեկավարության կողմից ուժեղ դիմադրության է հանդիպում և դաժանորեն ճնշվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԽԽՎ-ում հունիսի 26-ին «Նեոռասիզմի ճանաչումն ու կանխարգելումը» թեմայով «Ոչ ատելությանը» խորհրդարանական ալյանսի հանդիպման շրջանակում ունեցած ելույթի ժամանակ այս մասին ասել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Նա բարձրաձայնել է մի շարք մտահոգություններ` կապված Ադրբեջանում ահագնացող այլատյացության ու անհանդուրժողականության քաղաքականության դրսևորումների հետ: «Արմենպրես»-ն ստորև ներկայացնում է ելույթն ամբողջությամբ:

«Հարգելի գործընկերներ,

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին Սանտերինիին` գերազանց արված ու շատ կարևոր աշխատանքի համար, քանի որ այսօր, 21-րդ դարում, երբ քաղաքական ծայրահեղականության դրսևորումները նոր ձևավորում են ստանում  և դառնում ավելի ու ավելի ինտենսիվ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, առավել քան երբևէ, բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսին անհանդուրժողականությունն է, ռասիզմն ու այլատյացությունը: Գլոբալացման այս դարաշրջանում, մարդկանց լայնածավալ շարժով պայմանավորված, մշակութային միջավայրը դառնում է ավելի բազմազան, որն առաջ է բերում նոր սոցիալական եւ մշակութային մարտահրավերներ: Այս առումով, անհանդուրժողականությունն այսօր Եվրոպայի լրջագույն խնդիրներից մեկն է:

Հարավային Կովկասի տարածաշրջանը, ցավոք, ականատեսն է այսպիսի ռիսկերի:

Ինչպես արդարացիորեն նշում է զեկուցողը «Քաղաքական գործիչները պետք է գիտակցեն իրենց խոսքի ազդեցությունը»: Մեր հարևան Ադրբեջանի իշխանությունների կողմից  ամենաբարձր մակարդակով հնչող՝ Հայաստանին և հայերին ուղղված ատելության կոչերը և պատերազմական հռետորաբանությունը, մտահոգության լուրջ առիթ են, քանի որ դրանք հաճախ հանգեցնում են սահմանի վրա անմեղ կյանքերի կորստի: 

 Ադրբեջանի նախագահը իր հրապարակային ելույթներում ողջ հայ ժողովուրդը դիտարկում է որպես «թիվ մեկ թշնամի», և այն, ինչ ամբողջ աշխարհում համարվում է հանցագործություն, Ադրբեջանում գնահատվում է փառահեղ արարք, ինչպես և տեսանք Սաֆարովի դեպքում, ով ազատ էր արձակվել և հերոսի կոչում ստացել Ադրբեջանի իշխանությունների կողմից` հայ զինվորին քնած կացնահարելու համար: Բարձրաստիճան գեներալները, հնչեցնելով իրենց նախագահի խոսքերը, հայտարարում են, որ յուրաքանչյուր հայ պետք է սպանվի:

Տիկնայք և պարոնայք, սա վտանգավոր ուղի է, որն ազդում է ոչ միայն երկրի ներկայի, այլև ապագայի վրա:

Առավել ցավալի է, որ երկրում թշնամանքի և այլատյացության քաղաքականությամբ պայմանավորված` Ադրբեջանի երիտասարդ սերունդը մեծանում է ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտում: Ավելին, ադրբեջանական հասարակության ներսում ցանկացած փորձ՝ կապեր հաստատելու, վստահություն ստեղծելու երկու երկրների հասարակությունների միջև` Ադրբեջանի ղեկավարության կողմից ուժեղ դիմադրության են հանդիպում և դաժանորեն ճնշվում:

Ադրբեջանի շարունակական սպառնալիքները տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը, ռազմատենչ և ատելություն սերմանող սադրիչ հայտարարությունները անհարիր են Եվրոպայի խորհրդի անդամ պետությանը, և որոշ չափով վնասում են կազմակերպության հեղինակությանը:

Միջազգային կազմակերպությունները տալիս են իրենց համապատասխան գնահատականները Ադրբեջանում այլատյացության, ռասիզմի և անհանդուրժողականության դրսևորումներին:

Ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության Եվրոպական հանձնաժողովն Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում անդրադարձել է ,Հայաստանի Հանրապետությանն առնչվող պաշտոնական և լրատվամիջոցների մշտական բացասական երկխոսությանը», և խորհուրդ է տվել ադրբեջանական իշխանություններին` «պատշաճ կեցվածք ընդունել` հայերի դեմ խտրականության և ատելության բոլոր դեպքերում»:

Հարգելի գործընկերներ,

Երբեմն թվում է, որ մենք գիտակցաբար խուսափում ենք առերեսվել իրականությանը, փակում ենք մեր աչքերը այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում ԵԽ անդամ այս  պետության մեջ: Հաճախ Վեհաժողովը զբաղվում է խնդիրներով, որոնք դուրս են մեր իրավասություններից, բայց սա հենց այն հարցն է, որին մեր Վեհաժողովը պետք է անդրադառնա և համապատասխան իրավական գնահատական տա:

Ինչպես շեշտվեց զեկուցողի կողմից` «Ազգային իշխանություններն ու քաղաքացիական հասարակությունը պետք է զգոն լինեն: Ռասիզմի, անհանդուրժողականության և այլատյացության կանխարգելումն ու դրանց դեմ պայքարը պետք է առաջնահերթություն լինի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար»:

Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի ժողովուրդների միասնության ամրապնդումը և նրանց հոգևոր արժեքների ըմբռնումը:

Մենք պետք է վճռական լինենք՝ արմատախիլ անելու նման դրսևորումները աշխարհի յուրաքանչյուր անկյունում` մեր հաջորդական գործողություններով, որոնք միտված են առանց բաժանարար գծերի Եվրոպա ունենալուն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]