Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Քամփ Արմեն»-ը վերադարձնելու համար Ստամբուլում քայլերթ է իրականացվել

«Քամփ Արմեն»-ը վերադարձնելու համար Ստամբուլում քայլերթ է 
իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոցը հետ վերադարձնելու նպատակով Ստամբուլում հունիսի 26-ին քայլերթ է իրականացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:

Ստամբուլի Թունել հրապարակում հավաքվածները քայլել են դեպի Գալաթասարայի ուսումնարան: «Նոր Զարթոնք և Քամփ Արմեն դիմադրության» անդամներն իրենց ձեռքերում պահել են պաստառ հետևյալ գրությամբ. «Հե~յ, մարդկությո'ւն, բողոք ունեմ, մեզ նետել են մեր իսկ ստեղծած քաղաքակրթությունից»: Մասնակիցները տարբեր կոչեր են բղավել, ինչպես, օրինակ, «Սա դեռ սկիզբն է», «Պայքարը շարունակվում է», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»:

Քայլերթից հետո ելույթով է հանդես եկել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Ստամբուլից ընտրված պատգամավոր Գարո Պայլանը, ով հայտնել է, որ պայքարը հայկական որբանոցի վերադարձի համար շարունակվելու է: «52 օր է` պայքարում ենք, սակայն 100 տարի արդարության ենք սպասում: Նրանք, ովքեր չեն նայում 100 տարի առաջ գործված հանցանքին, ովքեր դա թողնում են պատմաբաններին,   թող նայեն «Քամփ Արմեն»-ին: «Քամփ Արմեն»-ը Ցեղասպանության փաստացի ապացույցն է: Ինչպես որ պետության որոշմամբ հափշտակվել է, այնպես էլ պետության կողմից պետք է հետ վերադարձվի»,- նշել է Պայլանը:

Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից «Արմեն ճամբար» ամառային որբանոցը կառուցվել է հայորբերի աշխատանքով: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին: Նրանք ավազ են կրել ծովից, որով էլ կառուցվել է այն: «Արմեն ճամբար» որբանոցը թուրքական պետության որոշումով փակվել է 1983 թվականին: Իշխանությունները երբեք թույլ չեն տվել որբանոցի վերանորոգում, ինչի պատճառով այն գտնվում է անմխիթար վիճակում: Թուրքիայում 2011թվականին օրենք է ընդունվել ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների` 79տարի բռնագրավված անշարժ գույքը վերադաձնելու մասին, սակայն, Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից այդ ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակագույքի ցուցակում: 5.552 հազար քմ տարածք ունեցող որբանոցը 1961 թվականին գնել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամը: Մանկատան հողատարածքի սեփականատեր Սեիթ Դուրմազի երեխաներից մեկը հետագայում հաջողացրել է որբանոցից 600 քմ տարածք գնել: 1974 թվականին այդ տարածքը գնած կապալառուի կողմից բացված դատական գործընթացի արդյունքում նա կարողացել է զարտուղի ճանապարհով ճամբարի տարածքը կցել իր կողմից գնված 600 քմ-ին: 1977 թվականին փոքրամասնությունների հիմնադրամների մասին ընդունված նոր օրենքով հայ որբերի ճամբարը բռնագրավվել է:

Ստամբուլում մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել հայ որբերի «Արմեն ճամբար» ամառային որբանոցը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Շինության վրա տարբեր պաստառներ են փակցված և գրություններ են արված: «Արմեն ճամբար»-ի տարածքում մշտական մարդկային հերթապահություն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]