Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիա ներխուժելու դեպքում Թուրքիան կվերածվի պատերազմի դաշտի. PKK

Սիրիա ներխուժելու դեպքում Թուրքիան կվերածվի պատերազմի դաշտի. PKK

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Թուրքիայի զինված ուժերը ներխուժեն Սիրիայի Ռոջավա քրդաբնակ տարածաշրջան, ապա Թուրքիան կվերածվի պատերազմի դաշտի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ANF լրատվական գործակալությունը, նման հայտարարությամբ է  հանդես եկել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը` մեկնաբանելով մինչեւ 20-30 կմ խորությամբ Սիրիայի տարածք մտնելու եւ ռազմական գործողություններ սկսելու պատրաստ լինելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի  արած հայտարարությունները:

«Եթե թուրքական պետությունը Ռոջավա ներխուժելու մասին որոշում ընդունի, ապա այդ միջամտությունը կգնահատվի որպես քուրդ ժողովրդի դեմ ռազմական գործողություն: Քոբանիի դեմ ագրեսիան հավասարազոր է Ամեդի (Դիրաբեքիրի) դեմ ագրեսիայի: Ոչ մի տարբերություն չկա: Բացահայտ հայտարարում եմ, եթե նրանք ներխուժեն Ռոջավա, մենք էլ գործողություններ կսկսենք թուրքերի դեմ: Այդ ժամանակ ամբողջ Թուրքիան կվերածվի պատերազմի դաշտի», -ասել է քուրդ առաջնորդը:

Wikilieaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը անցյալ շաբաթվա վերջին Russia-1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել էր, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Քաթարը 2012 թվականին գաղտնի համաձայնության են եկել Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգը տապալելու հարցում:

Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ավելի քան երեք տարի թաքնվող Ասանժն ասել է, որ այդ համոզմանն են եկել Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության հետ այլ պետական կառույցների միջեւ 70 հազար գրագրությունները հետազոտելուց հետո:

«Այդ երեք  երկրների միջեւ ձեռք բերված գաղտնի համաձայնությանը հեռակա  աջակցել են նաեւ ԱՄՆ-ը, Անգլիան եւ Ֆրանսիան», -ասել է նա:

Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ընդդիմադիր «Ալ Բազի բրիգադներ» զինված խմբավորման հրամանատար Մահմուդ Հասանը «Ալ Ջազիրա»-ի թղթակցի հետ զրույցում չի թաքցրել այն, որ սիրիացի ընդդիմադիրները կողմ են թուրքական սահմանին մոտ տարածքներում քրդական զորամիավորումների դեմ Թուրքիայի զինված ուժերի հարձակումներին, որպեսզի կանխվի տարածաշրջանում քրդերի կողմից հնարավոր ինքնավարություն ստեղծվելու հնարավորությունը:

«Թուրքիայի գլխավորությամբ Սիրիայի ժողովրդի բարեկամ երկրները հարկադրված են միավորվել եւ գործել ԻՊ-ի գրաված Հասեքե եւ Ռաքքա քաղաքներն ու շրջակայքը սիրիական Քուրդիստանին միացնել ցանկացող ուժերի դեմ», -ասել է սիրիացի ընդդիմադիրների հրամանատարը:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է Թուրքիան վտանգող ցանկացած ուժի դեմ զորք կիրառելու հարցում: Նման հայտարարությամբ նախօրեին հանդես էր եկել նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]