Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի սպորտի նախարարը սպառնացել է Եվրոպական խաղերը քննադատող նյութեր հրապարակած հեռուստաալիքի ղեկավարին

Ադրբեջանի սպորտի նախարարը սպառնացել է Եվրոպական խաղերը քննադատող նյութեր հրապարակած հեռուստաալիքի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի ղեկավար Էմին Միլլին հայտարարել է այն մասին, որ սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Meydan TV-ի կայքը, սպառնալիքները ստացվել են այն բանից հետո, ինչ հեռուստաալիքը, որի կենտրոնակայանը գտնվում է Բեռլինում, հրապարակել է նյութեր, որոնցում պատմվել է այն մասին, թե ինչպես է Բաքվում ըմբիշների գյուղում ավտոբուսը հարվածել ավստրիացի լողորդուհիներին, ինչպես նաև մերկացվել է Ադրբեջանի եւ Եվրոպական խաղերի վերաբերյալ հիացական խոսքեր հնչեցրած` բրիտանացու տեղ դրված ադրբեջանցու կեղծիքը: Meydan TV-ի այդ եւ այլ նյութեր Ադրբեջանում իշխող ռեժիմի մերկացման նպատակով լայնորեն օգտագործվել են միջազգային ԶԼՄ-ների կողմից: Ինքը՝ Միլլին մի քանի հարցարզույց է տվել արտասահմանյան ԶԼՄ-ներին եւ հրապարակել Եվրոպական խաղերի շրջանակում իշխանությունների կոռուպցիայի մասին հետազոտություն:

Այդ ամբողջից հետո նա սպորտի նախարար Ռահիմովից հետեւյալ բովանդակությամբ սպառնալիք է ստացել. «Ի՞նչ է արել քեզ ադրբեջանական պետությունը: Որտեղ էլ լինես, մենք քեզ կգտնենք եւ պետությունը քեզ կպատժի այդ կեղտոտ արշավի համար, որը դու կազմակերպել ես: Դու դրա համար կպատժվես: Դու չես կարողանալու ազատորեն շրջել Բեռլինով կամ այլ տեղ: Իմացիր դա»:

Այդ առնչությամբ միջազգային կազմակերպությունները, որոնք մտնում են «Սպորտն իրավունքների համար» կոալիցիայի մեջ, Միլլիի հասցեին սպառնալիքները դատապարտող հայտարարություն են արել՝ բշելով, որ այդպիսով լրջորեն խախտվել են Միլլիի իրավունքները եւ Օլիմպիական խարտիան: Կոալիցիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել քննադատական ձայները լռեցնելու փորձերը եւ անհապաղ քայլեր ձեռնարկել երկրում ազատությունները բարելավելու գծով, այդ թվում` ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին:

Կոալիցիան նաեւ կոչ է արել Եվրոպական օլիմպիական կոմիտեին հրապարակորեն դատապարտել Միլլիի, ինչպես նաեւ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության հասցեին հնչեցվող սպառնալիքները:

Կոալիցիան կոչ է արել նաեւ Գերմանիայի իշխանություններին անհապաղ ապահովել Միլլիի պաշտպանությունը՝ կապված նրա հասցեին հնչեցված լուրջ սպառնալիքի հետ:

Դիմումը ստորագրել են մոտ 20 կազմակերպություն, այդ թվում` ARTICLE 19, Civil Rights Defenders, Committee to Protect Journalists, Freedom Now, Helsinki Foundation for Human Rights, Human Rights House Foundation, Index on Censorship, International Federation for Human Rights-ը (FIDH) եւ ուրիշներ:

Էմին Միլլին «Ազադլըգ»-ին հայտնել է, որ Բաքվում աշխատող Meydan TV-ի մի քանի աշխատակիցների այսօր թույլ չի տրվել դուրս գալ Ադրբեջանից: Նրանց ասվել է, որ երկրից դուրս գալու արգելք է դրված:

Ադրբեջանի իշխանության վերահսկողության տակ գտնվող Lider հեռուստաալիքը Եվրոպական խաղերը որպես լուրջ հաջողություն գրանցելու համար դիմել էր Ջաբրայիլից վերաբնակ Սեյմուր Սաֆարովին եթերում որպես անգլիացի զբոսաշրջիկ Ջեյմս Բոներ ներկայացնելու զավեշտալից կեղծարարության: Հեռուստաալիքի թղթակիցը «Բաքու-2015» սյուժետի շրջանակում հարցազրույց էր վերցրել ադրբեջանցի «բրիտանացուց», ով այդ դերում պատմել էր Բաքվի «արտակարգ հյուրընկալության, զարգացվածության եւ Եվրոխաղերի գերազանց կազմակերպված լինելու մասին»:

Հարցազրույցը սոցցանցերում մեծ աղմուկ առաջանալու պատճառ էր դարձել այն բանից հետո, երբ Սեյմուրի ընկերը Facebook-ի իր անձնական էջում բացահայտել էր ընկերոջ գաղտնիքը: Պարզվել է, որ Lider հեռուստաալիքի ներկայացրած բրիտանացի զբոսաշրջիկ Սեյմուր Սաֆարովը Բաքվի Լոքբաթան ավանում բնակվող Եվրոպական խաղերին մասնակից կամավորներից էր:

«Ազադլըգ»-ին հայտնի է դարձել, որ այդ խայտառակությունը քողարկելու համար իշխանությունները Սեյմուր Սաֆարովին ազատել են աշխատանքից:

«Սեյմուրի հավատարմագիրը չեղարկել են: Նրան աշխատանքից հեռացրել են` չվճարելով երկու ամսվա աշխատավարձը», -գրում է «Ազադլըգ»-ը:\


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]