Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բաքուն սպառնում է լրագրողներին. FAZ

Բաքուն սպառնում է լրագրողներին. FAZ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական ազգային Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) օրաթերթը հոդված է հրապարակել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, լրագրողների դեմ բռնությունների և սահմանափակումների մասին՝ այդ ամենը դիտարկելով հարևան երկրում անցկացված Եվրոպական խաղերի ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրաթերթը նշում է, որ Ադրբեջանը կարող էր արժանանալ մրցանակի՝ մամուլի ազատության ճնշումների համար: Գերմանական լրատվամիջոցը հայտնում է, որ ադրբեջանական կառավարությունը բացեիբաց սպառնացել է Գերմանիայում ապրող ադրբեջանցի լրագրող Էմին Միլլիին, ով բազմիցս քննադատել է Բաքվի քաղաքական իշխանությանը և Ադրբեջանում Եվրոպական խաղերի անցկացումը:

Մասնավորապես, սպորտի նախարար Ազադ Ռահիմովը զգուշացնում է լրագրողին «այլևս այդքան վստահ չլինել»: «Անգամ Գերմանիայում այլևս անվտանգ չէ»,- հայտնում է FAZ-ը:

Ադրբեջանցի լրագրողը դեռևս 2009թ. 16 ամսով ազատազրկման էր ենթարկվել կառավարությանը քննադատելու համար: Նշվում է նաև, որ Ադրբեջանում լրագրողների դեմ ուղղված սպառնալիքները մտահոգել են նաև «Լրագրողներն առանց սահմանների» (ԼԱՍ) կազմակերպությանը: «Մենք անհանգստացած ենք, որ ադրբեջանական կառավարության անդամը սպառնում է Գերմանիայում բնակվող լրագրող Էմին Միլլիին,- նշել է ԼԱՍ-ի բեռլինյան մասնաճյուղի ղեկավար Քրիստիան Միհրը: - Բաքվի իշխանությունները վերջապես պետք է հարգեն մարդու իրավունքները, ինչպես նաև՝ ազատ արտահայտվելու և մամուլի ազատության իրավունքներն իրենց երկրում: Եվրոպական խաղերի ավարտից հետո ևս մենք ուշադիր հետևելու ենք երկրում տիրող իրավիճակին և շարունակելու պայքարը՝ ձերբակալված լրագրողներին ազատության համար»,- մեջբերվում է կազմակերպության տարածած հաղորդագրությունը:

Քննադատական ձայները խանգարում են Ադրբեջանի կառավարությանը

Էմին Միլլիի և մյուսների քննադատությունները ստվերում են այն կերպարը, որով Ադրբեջանը ցանկանում է ներկայանալ հասարակությանը: Դրա համար Ադրբեջանը մեծ ռեսրուսներ է ներդրել: Հունիսի 12-ի Եվրոպական խաղերի բացման արարողությունը միայն Արդեբջանի համար արժեցել է 85 մլն եվրո: Ադրբեջանը նաև իր վրա է վերցրել ժամանող թիմերի ծախսերի մեծ մասը:

2013թ. Միլլին Բեռլինում հիմնել է ադրբեջանական «Meydan TV»-ն, որը համագործակցում էր բրիտանական «The Guardian» օրաթերթի հետ և քննադատաբար էր արտահայտվում խաղերի անցկացման վերաբերյալ: Իսկ երբ ադրբեջանական ավտոբուսը Օլիմպիական ավանում վրաերթի ենթարկեց ավստրիացի լողորդներին, «Meydan TV»-ն հրապարակեց այդ կադրերը:

«Meydan TV»-ն բացահայտել է նաև «Lider TV ադրբեջանական հեռարձակողի կեղծ հարցազրույցն ադրբեջանցու հետ, ով ներկայացվել էր որպես բրիտանացի զբոսաշրջիկ և ոգևորությամբ արտահայտվել Ադրբեջանի և Եվրոպական խաղերի մասին:

Մինչ խաղերի մեկնարկն ադրբեջանական իշխանությունները բռնաճնշումների հզոր ալիքով հարձակվեցին գրեթե բոլոր անկախ լրագրողների և ընդդիմադիր լրատվամիջոցների վրա: Օրինակ՝ 2014թ. դեկտեմբերի 5-ին ձերբակալվեց հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան, ով հայտնի էր իշխանության բարձր շրջանակներում իր հետաքնչական գործունեությամբ: Լռեցվեցին քննադատող լրատվամիջոցների մեծ մասը: Առվազն ութ լրագրող և չորս բլոգեր հայտվեց ճաղերի ետևում:

Իշխանությունները սպառնում էին նաև խաղեր լուսաբանելու համար Ադրբեջան մեկնող արտասահմանյան լրագրողներին: 2015թ. ապրիլին Արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ արտասահմանյան լրագրողները, ովքեր կզեկուցեն Ադրբեջանի «շահերի դեմ» կամ «խեղաթյուրված տեղեկատվություն» կտարածեն, անմիջապես կզրկվեն հավատարմագրումից: ARD-ի սպորտային լրագրող Ֆլորիան Բաուերը, բրիտանական «The Guardian» թերթի սպորտային գլխավոր խմբագիր Օուեն Գիբսոնը զրկվեցին հավատարմագրումից:

Եվրոպական խաղերի բացման օրը Գերմանիայի Բունդեսթագը հրապարակեց զեկույց Ադրբեջանում մարդու իրավունքների դրության մասին, որի համաձայն՝ պարբերաբար ոտնահարվում են ազատ արտահայտվելու, ԶԼՄ-ների, կրոնական, հավաքների անցկացման, միությունների ստեղծման ազատությունները: Խորհրդարանականները կոչ էին անում դաշնային կառավարությանը կողմ հանդես գալ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակմանը  և Բաքվի իշխանություններից պահանջել արտասահմանյան լրագրողներին և սոցցանցերիի ակտիվիստներին թույլ տալ օգտվել մամուլի ազատությունից: Ինչպես նշում է «Լրագրողներն առանց սահմանների»-ն, մամուլի ազատության ցուցակում Ադրբեջանը 180 երկրների շարքում 162-րդն է:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]