Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ոսկե ծիրան»-ն ազդարարվեց Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն» ֆիլմի ցուցադրությամբ

«Ոսկե ծիրան»-ն ազդարարվեց Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն» ֆիլմի ցուցադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն» ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկեց Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնը:  Հայոց ցեղասպանության թեման արծարծող ֆիլմը հուլիսի 12-ին ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում:

Անվանի ռեժիսորը ֆիլմի ցուցադրությունից առաջ նշեց, որ շատ հուզված է, որ «Ոսկե ծիրան»-ը մեկնարկում է իր ֆիլմով:

«Այս ֆիլմով ես ցանկանում էի ներկայացնել հայերի հիշողությունը: Միշտ ասում են, որ պատմությունը գրում են հաղթողները, իսկ պարտվածներին մնում է միայն հիշողությունը, բայց այս հիշողությունը կարող է անցնել տարիների միջով և նորից ստեղծվելու միջոցներ գտնել՝ մշակույթի, երբեմն էլ զենքի միջոցով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռոբեր Գեդիգյանը:  

Ռեժիսորի խոսքով՝ ցեղասպանության հիշողությունը կենդանի է և պատմության մաս է կազմում: «Հուսով եմ, որ այս ֆիլմը կօգնի, որ հայության պատմությունն ամբողջ աշխարհով պտտվելով հասցնի հանդիսատեսին այն, ինչ որ պետք է ընդունվի»,-հավելեց նա:

Ռոբեր Գեդիգյանն այս տարի գլխավորում է «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին:  Գեդիգյանն արդեն 35 տարի է ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Նրա հեղինակած շուրջ երկու տասնյակ ֆիլմերը ամենատարբեր ժանրերի են ՝ կատակերգություններ, դրամաներ, պատմական ֆիլմեր և այլն:  Գեդիգյանի ֆիլմերը մշտապես ընդգրկվում են եվրոպական հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի Սան-Սեբաստյանի և այլ կինոփառատոների մրցութային ծրագրերում: Մի շարք ֆիլմերում Գեդիգյանն անդրադարձել է հայկական թեմային: Այս տարվա Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկվել էր Գեդիգյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության թեման այդ կարևորագույն կինոհարթակում: 2006 թվականին Գեդիգյանն իր «Ուղևորություն դեպի Հայաստան» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» կինփառատոնի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին:

«Խենթ պատմություն» ֆիլմը մեկնարկում է Սողոմոն Թեհլերյանի հայտնի դատավարությամբ, այնուհետև կինոդիտողին տեղափոխում է 1981 թվական, Փարիզ: Հայազգի Արամը պայթեցնում է թուրք դեսպանի մեքենան՝ ծանր վնասվածք պատճառելով Ժիլին, որն անցնում էր իր հեծանվով: Արամը փախչում է Բեյրութ՝ միանալու Հայ ազատագրական բանակին: Նրա մայրը՝ Անուշը, գնում է հիվանդանոց Ժիլին տեսնելու և որդու համար ներողություն խնդրելու, բայց Ժիլն ուզում իր դահճին դեմ առ դեմ հանդիպել: Մտքում վրեժ ՝ նա ուղևորվում է Մարսել՝ Արամի ընտանիքի անդամների հետ ճակատելու, բայց այնտեղ երկարատև հյուրընկալություն է գտնում: Արամը Բեյրութում ընհարվում է ընկերների հետ, մինչև որ մի օր որոշում է հանդիպել իր զոհին նրան իր  ներկայացուցիչը դարձնելու մտադրությամբ… 

Ֆիլմում նկարահանվել են Գրեգուար Լըպրենս-Ռենգեն, Արիան Ասկարիդը, Սիմոն Աբգարյանը, Սերժ Ավետիքյանը, Սայրուս Շահիդին և այլք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]