1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է սփյուռքահայ ուսուցիչների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է սփյուռքահայ ուսուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հուլիսի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանում վերապատրաստման դասընթացներին մասնակցող սփյուռքահայ 62 ուսուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպման սկզբում Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ողջունել և բարի գալուստ է մաղթել 14 երկրների հայկական կրթական հաստատությունները ներկայացնող ուսուցիչներին` հույս հայտնելով, որ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ նրանք նոր լիցքերով կշարունակեն ուսուցչի վեհ առաքելությունը:

Այնուհետև հայագիտական առարկաներ դասավանդող սփյուռքահայ ուսուցիչներին իր օրհնությունն ու պատգամն է բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նորին Սրբությունն ուրախություն է հայտնել, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները շարունակվում են և ավելի մեծ թվով ուսուցիչներ են մասնակցում դրանց: Վեհափառ Հայրապետը վերհիշել է նաև, որ առաջին տարիներին վերապատրաստման դասընթացները կազմակերպվում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ:

Նորին Սրբությունն ընդգծել է, որ բարձրորեն գնահատում է ուսուցիչների` նոր սերնդի դաստիարակության և կրթության գործում բերած նվիրյալ ծառայությունը: Հայոց Հայրապետն ասել է` իր սպասումն է, որ ուսուցիչները հայագիտական առարկաներ դասավանդելուց զատ երիտասարդ սերնդին հաղորդ դարձնեն նաև ազգային, հայրենական և համայնքային կյանքի իրողություններին, նրանց առիթ ընձեռեն ներգրավվելու տարբեր ծրագրերում և այդպիսով մասնակից դառնալու ազգային կյանքին: Գարեգին Բ Վեհափառը հաստատել է, որ դա է հայրենասեր, ազգասեր և նախանձախնդիր սերունդ կրթելու ճանապարհը: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հավելել է, որ միայն Հայրենիքի նկատմամբ սեր, ապագայի հանդեպ հավատք և տեսիլք ունեցող անհատը կարող է հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները: Իր խոսքում Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ ուսուցիչները դասընթացի ավարտին իրենց երկրները կվերադառնան ոչ միայն նոր գիտելիքներով և փորձառությամբ, այլև հոգևոր-ազգային ապրումներով խանդավառված և ներշնչված ազատ ու անկախ Հայրենիքի իրողությամբ: 

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսն արդյունավոր ընթացք է ցանկացել դասընթացներին` մաղթելով, որ Բարին Աստված ուսուցիչներին զորացնի իրենց կարևոր առաքելության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]