Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սեւան քաղաքում տարեցտարի ավելանում է հետաքրքրությունը ֆրանսերեն լեզվի և մշակույթի նկատմամբ

Սեւան քաղաքում տարեցտարի ավելանում է հետաքրքրությունը ֆրանսերեն լեզվի և մշակույթի նկատմամբ

ԳԱՎԱՌ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Սեւան եւ Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում արդեն 7-րդ տարին է, ինչ Սեւանում գործում է Ֆրանսերեն լեզվի ուսուցման ամառային երկամսյա դպրոցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, ֆրանսերենի ուսուցման հերթական տարեշրջանի փակումը նշանավորվեց  այս տարվա ավարտական «Մենք+Դուք. միասին կարող ենք ամեն ինչ» խորագիրը կրող համերգ- ներկայացմամբ, որին  մասնակցում էին դպրոցի` առաջինից չորրորդ մակարդակներում սովորող 95 աշակերտներ:

Սեւանի եւ Գրենոբլի քաղաքապետարանների աջակցությամբ «Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալ» կազմակերպության միջոցով ամառային դպրոցը տարեցտարի ավելի մեծ հաջողություններ է գրանցում` ներգրավելով ֆրանսերեն լեզվի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող տարբեր տարիքի ու նախասիրությունների տեր հարյուրավոր երեխաների ու մեծահասակների:

«Ուսուցումն ընթանում է 4 փուլով /4 տարի/, որը հնարավորություն է տալիս` տիրապետելու ֆրանսերեն լեզվի տարբեր մակարդակների: Ամառային դպրոցի տարեշրջանի փակումը սովորաբար ուղեկցվում է ավարտական միջոցառումներով, որոնք յուրաքանչյուր տարի պատրաստվում են տարբեր ձեւաչափերով` ներկայացումներ, ֆիլմ, համերգ, բազմաբնույթ ակցիաներ: Այս տարի շուրջ 100 ֆրանկոֆոններին համախմբել էր մշակութային ալիքը, եւ ֆրանս-հայկական երաժշտական արվեստը Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում ներկայանում էր կողք կողքի` լրացնելով եւ ամբողջացնելով իրար»,-նշեց Արմինե Ղուկասյանը:

«Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալ» կազմակերպության Սեւանի համակարգող Գոհար Մնացականյանի փոխանցմամբ` այս տարի փորձել են ավարտական միջոցառումը դարձնել առավել բազմամարդ:

«Խնդիր ունեինք` հանդիսատեսին եւս ներգրավել, քանի որ ֆրանսերեն լեզվի չիմացությունը հաճախ դառնում էր խոչընդոտ` նյութի մատուցման համար: Գտնվել է նաեւ տարբերակը` արդեն 2-րդ տարին ամփոփիչ միջոցառումը կառուցվում է երաժշտական հենքի վրա: Երգն ու երաժշտությունը լեզվական արգելքներ չեն ճանաչում, եւ մատուցման առումով առավել հասանելի են հանդիսատեսին: Այս անգամ երաժշտական համարները կառուցվել էին կոնկրետ սյուժեի վրա` մարդու եւ բնության ներդաշնակություն, միասնականություն: Միաժամանակ բացահայտեցինք, որ երաժշտական առումով եւս ունենք լավ ռեսուրս»,- նշեց Գոհար Մնացականյանը:Համերգային հագեցած ծրագիրը, հայկական եւ ֆրանսիական սիրելի եւ հարազատ դարձած երգերը, որոնք կատարում էին 7-ից 50 տարեկանները, բեմական ճիշտ լուծումները, նպատակային անցումները նպաստեցին, որպեսզի օրը դառնա երաժշտական տոն` ֆրանս-հայկական գուներանգներով:

Դասընթացների փակման արարողությանը մասնակցում էր Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը:Ֆրանսերենի ոսուցման ամառային դպրոցի աշխատանքներն ամփոփվեցին վկայագրերի հանձնմամբ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am