Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեր հաջողությունների և հաղթանակների հիմքը հզոր պետությունն է. Բակո Սահակյան

Մեր հաջողությունների և հաղթանակների հիմքը հզոր պետությունն է. Բակո Սահակյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ «Արարատ» հեռուստաընկերության մեր գործընկերները բացառիկ հարցազրույց են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է այն ամբողջությամբ:

1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի պատգամավորները հռչակեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ օրը ինչպե՞ս է Ձեր մեջ տպավորվել, ի՞նչ հիշողություններ ունեք:

-Այդ օրը ողջ Արցախը լցված էր խանդավառությամբ: Բոլորը հասկանում էին, որ տեղի է ունեցել պատմական իրադարձություն: Չափազանց բարձր էր նաեւ միասնականության ոգին: Միեւնույն ժամանակ, մենք հասկանում էինք, որ անհրաժեշտ է լինելու պաշտպանել նորաստեղծ Արցախի Հանրապետությունն ադրբեջանական ագրեսիայից: Չնայած նրան, որ մենք այդ ժամանակ չունեինք կանոնավոր բանակ, զենք ու զինամթերք, կար ներքին խորը համոզվածություն, որ սեփական ուժերով մենք անպայման ի վիճակի ենք լինելու կերտել մեր ազատ պետականությունը:

-Երբ հռչակվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նախատեսե՞լ էիք կամ պատկերացնու՞մ էիք, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է հրահրելու:

-Ինչպես ես նշեցի, նման տեսլական գոյություն ուներ, թեպետ կային նաեւ մարդիկ, ովքեր չէին պատկերացնում, որ գործընթացները կընթանան հենց այդպիսի հունով:

-Պատմությունը «եթե»-ներ չի սիրում, այնուամենայնիվ` Ադրբեջանին կապիտուլացնելու ռեսուրս կա՞ր 1994-ին: Հնարավո՞ր էր ավելին անել, օրինակ` զարգացնել ռազմական հաջողությունները Բարդայի ուղղությամբ:

-1994թ. Ադրբեջանի Հանրապետությունն ու նրա բանակը լիովին պարտվել էին պատերազմում, եւ պաշտոնական Բաքուն խնդրում էր խաղաղություն պաշտոնական Ստեփանակերտից: Իհարկե, պատմությունը «եթե»-ներ չի սիրում, եւ ոչ ոք չգիտի՝ ինչ կլիներ, եթե մեր բանակը շարունակեր իր հաղթարշավը: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք հանգամանքներ՝ ավելի հստակ պատկերացնելու այն ժամանակ կայացրած որոշման տրամաբանությունը:

Նախ եւ առաջ, մենք նվաճողական նպատակներ չէինք հետապնդում: Այսինքն, հարցը տարածքների կամ սահմանների ընդլայնումը չէր, այլ երկիրն ու ժողովուրդը փրկել կործանումից եւ ոչնչացումից, ինչպես նաեւ հուսալի երաշխիքներ ստեղծել մեր անվտանգության պահպանման համար: Կարեւոր էր նաեւ նոր զոհեր չունենալը: Բացի դրանից, մենք, ինչպես ցանկացած ողջամիտ ժողովուրդ, ուզում ենք ապրել խաղաղության մեջ, եւ հաշվի առնելով երկրի ստացած խոր վերքերը եւ լայնամասշտաբ ավերածությունները, խաղաղությունն ավելի գերադասելի էր, նամանավանդ որ դա եղել է արժանապատիվ խաղաղություն, որն ամրագրել ենք հաղթանակով:

-Արցախը չճանաչված հանրապետություն է, բայց 1994-ի ստատուս-քվոն մինչ օրս պահպանվում է: Մի կողմից միջազգային հանրությունը ակնհայտ ճնշում չի գործադրում Արցախի վրա, մյուս կողմից`տարեցտարի ավելանում է Արցախ այցելող տարբեր երկների պատգամավորների և այլ պաշտոնյաների այցելությունը, մի շարք երկրների մարզեր, նահանգներ ճանաչում եմ Արցախի անկախությունը: Արդյո՞ք սա ինչ-որ ձևաչափով միջազգային ճանաչում չէ:

-Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Արցախի միջազգային ճանաչումը լոկ ժամանակի խնդիր է: Դա բնական է, որովհետեւ մենք վաստակել ենք այդ իրավունքը՝ առաջին հերթին կառուցելով նորմալ ժողովրդավարական պետություն, որը որեւէ սպառնալիք չի ներկայացնում քաղաքակիրթ աշխարհին: Նման պետությունը վաղ թե ուշ ճանաչվելու է: Իհարկե, մենք պասիվ դիրք չենք որդեգրել եւ ակտիվորեն աշխատում ենք այս ուղղությամբ Հայաստանի ու Սփյուռքի հետ միասին եւ արդեն իսկ ունենք շոշափելի ձեռքբերումներ: Համոզված եմ, որ այս ուղղությամբ կշարունակենք գրանցել լուրջ հաջողություններ նաեւ ապագայում:

-Ադրբեջանը սպառնում է ոչ միայն Արցախի բնակչությանն ու տարածքային ամբողջականությանը, այլև` Հայաստանի Հանրապետության: Այս տեսքով Ադրբեջանը սպառնալիք չէ արդյո՞ք հայ ժողովրդի, հայկական պետականության համար, և ինչպե՞ս պետք է չեզոքացնել այդ սպառնալիքը:

-Ես կասեի՝ Ադրբեջանը սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի եւ հայոց պետականության, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, եւ տարբեր զարգացած երկրներ օրեցօր ավելի լավ են պատկերացնում այս ամենը: Պաշտոնական Բաքվի վարած ագրեսիվ, ազգայնամոլական քաղաքականությունն ամենամեծ սպառնալիքն է նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար, որովհետեւ ատելության վրա հիմնված պետական գաղափարախոսությունը երբեւիցե լավ բանի չի բերի:

Ինչ վերաբերում է մեր անելիքներին, ապա դրանք շատ պարզ են եւ հստակ. պետք է շարունակել զորացնել մեր բանակը, զարգացնել տնտեսությունը եւ ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Դա է մեր հաղթանակների եւ հաջողությունների գրավականը:

-Արցախը նույնականացված է հայ ժողովրդի հաղթանակի, ազգային հպարտության և վերջին հազարամյակում, թերևս, ամենամեծ հաղթանակի հետ: Այս հաղթանակը զարգացնելու ի՞նչ ուղիներ եք տեսնում, ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը:

-Կարծում եմ՝ ես այդ հարցին արդեն պատասխանեցի. մեր հաջողությունների եւ հաղթանակների հիմքը հզոր պետությունն է, մարտունակ բանակը եւ հայրենասեր ու համախմբված հասարակությունը:

Ադրբեջանի հետ դիմակայությունը շարունակվում է գրեթե բոլոր ոլորտներում` սկսած սահմանից, վերջացրած քարոզչական դաշտում: Ի՞նչ բացթողումներ կան այս պայքարում, որ հայկական կողմը պետք է արագորեն շտկի:

-Կարծում եմ, որ Ադրբեջանն արժանի հակահարված է ստանում բոլոր ոլորտներում՝ լինի դա սահմանին, թե քարոզչական դաշտում: Եվ ես չեմ համարում, որ Բաքուն հաջողված քաղաքականություն է վարում, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչ խնդիրների առաջ է կանգնում Ադրբեջանը իր իսկ վարած քաղաքականության պատճառով: Մեր տեսլականն արմատապես տարբերվում է եւ հիմնված չէ ատելության ու կաշառքի վրա, ինչը, անկասկած, առավելություն է եւ հնարավորություն է տալիս ավելի շոշափելի հաղթանակներ կերտելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]