Վերջին 48 ժամվա ընթացքում Սիցիլիական ծովածոցում 4.5 հազար ներգաղթյալ է փրկվել
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրեթե 4.5 հազար անօրինական ներգաղթյալ է փրկվել վերջին 48 ժամվա ընթացքում Սիցիլիական ծովածոցում, որը բաժանում է Իտալիան լիբիական ափերից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալույթունը, նման տեղեկություններ է հայտնել իտալական Sky TG-24 լրատվական ալիքը` ելնելով ափային պահպանության ծառայության տվյալներից:
Իտալիան շարունակում է ամեն օր ընդունել ծովային ուղիներով ժամանող ներգաղթյալների: Ի տարբերություն սիրիացիների, ովքեր փախչում են այսպես կոչված «բալկանական միջանցքով», որն անցնում է Հունգարիայի տարածքով դեպի Հյուսիսային Եվրոպայի երկրներ, Իտալիա են ժամանում հիմնականում աֆրիկական ամենաաղքատ երկրներից:
Նրանք բոլորը ուղեւորվում են Լիբիայից եւ վճարում են հազար դոլարից ոչ պակաս: Ներգաղթյալներին փրկելու գործողություններին մասնակցում են ինչպես ափային պահպանության նավակները, այնպես էլ եվրոպական «Տրիտոն» առաքելության նավերը եւ Միջազգային Կարմիր խաչի նավը:
Միգրացիայի հարցով միջազգային կազմակերպության վերջին տվյալներով Միջերկրական ծովով դեպի եվրոպական ափեր վտանգավոր ճանապարհորդության հետեւանքով զոհվածների թիվը հասել է գրեթե 3 հազարի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում