Մոտ 2200 հայ ուսանող մասնակցել է գերմանական կրթական և հետազոտական ծրագրերին
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ քսան տարվա ընթացքում 2200 հայ ուսանող գերմանական ակադեմիական ծրագրերի շնորհիվ ստացել է բարձրագույն կրթություն և կատարել հետազոտություններ: Այս մասին հոկտեմբերի 5-ին առաջին անգամ նշվող «Հայ-գերմանական գիտության օրվա» կապակցությամբ հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ բարձր գնահատելով 1996թվականից Հայաստանում գործող Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցչության աշխատանքը:
«Այս տարիների ընթացքում զարգացել են նաև հայ-գերմանական հարաբերությունները հանրակրթության ոլորտում», - ասաց ԿԳ նախարարը:
Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին լրջորեն քննարկվում է Հայաստանում գերմանական գիմնազիա բացելու գաղափարը և վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում այն արդեն կգործի:
«Գիտության և հետազոտության բնագավառում Հայաստանի հետ մեր համագործակցությունը ունի երկար ավանդույթ: Այն առկա էր դեռ Խորհրդային Միության տարիներից, ինչն սկսվեց երկու երկրների գիտնականների միջև առանձին կապերի տեսքով, և 2011 օգոստոսին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի հետ ստորագրվեց համատեղ հայտարարագիր, որի արդյունքում մեզ հաջողվեց իրականացնել լրացուցիչ գիտահետազոտական ծրագրերի և գիտնականների փոխանակում: Այս շրջանակում հնարավոր դարձավ նաև ընդլայնել թեմաների բնագավառը՝ շրջակա միջավայրին վերաբերող թեմաներից մինչև օպտիկա և նանոտեխնոլոգիաներ»,- նշեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեեսպան Մաթիաս Կեյսլերը:
Դեսպանն ընդգծեց նաև, որ այս ամենը հանգեցրել է նաև կիրառական գիտության ոլորտում համագործակցության խորացմանը՝ օրինակ բերելով վերջերս հեռաբժշկության վերաբերյալ ծրագրի մշակումը, որը հնարավորություն է տվել հեռավորության վրա փորձի փոխանակություն կատարել, օրինակ, ախտորոշման բնագավառում: Ուստի զարմանալի չէ, որ ցանկություն առաջացավ էլ ավելի զարգացնել և խորացնել համագործակցությունը:
Միջոցառման ընթացքում հայ-գերմանական գիտական համագործակցության ոլորտում ներդրում կատարելու համար ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը կոմիտեի ոսկե մեդալով պարգևատրեց Գերմանիայի կրթության և գիտության դաշնային նախարարության Արևելյան համագործակցության երկրների բաժնի պետին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում