1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օպերային թատրոնում հոկտեմբերին կցուցադրվեն բազմաթիվ ներկայացումներ

Օպերային թատրոնում հոկտեմբերին կցուցադրվեն բազմաթիվ ներկայացումներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերը հարուստ է խաղացանկային ներկայացումներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին օպերային թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հոկտեմբերի 7–ին կներկայացվի Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան, որն այս թատերաշրջանի պրեմիերան է և արդեն մեծ խանդավառությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից:

Գլխավոր դերերում հանդես կգան Ինգա Կարապետյանցը (Կարմեն), Հովհաննես Այվազյանը (Խոսե), ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը (Էսկամիլիո), ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Բադալյանը (Միկայելա), Արծվիկ Դեմուրչյանը (Ֆրասկիտա): Ներկայացման բեմադրիչն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը:

Խաչատրյանական «Գայանե»-ն Հայաստանի գլխավոր թատրոնի բեմում կլինի հոկտեմբերի 9-ին: Գլխավոր դերերում հանդես կգան Սևակ Ավետիսյանը (Արմեն), Սյուզաննա Փիրումյանը (Գայանե), ՀՀ վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանը (Նունե), Վահագն Մարգարյանը (Կարեն), ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Հարությունյանը (Գիքո): Բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի, նկարիչ՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյան, զգեստների նկարիչ՝ Ռուբինա Հովհաննիսյան:

Տ. Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան ընթացիկ թատերաշրջանում առաջին անգամ կներկայացվի հոկտեմբերի 15–ին: Ներկայացման բեմադրիչն է Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը:

Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի հոկտեմբերի 17–ին: Գլխավոր դերերում հանդես կգան Ռուբեն Մուրադյանը (Սպարտակ), ՀՀ վաստակավոր արտիստուհի Ժակլին Սարխոշյանը (Ֆրիգիա), ՀՀ վաստակավոր արտիստուհի Մարիա Դիվանյանը (Էգինա), Գրիգոր Գրիգորյանը (Կրասոս), ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Հարությունյանը (Գլադիատոր): Ներկայացման բեմադրիչն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչը:

 «Սպարտակ»-ը գրվել է 1954 թվականին, լիբրետոն՝ Նիկոլայ Վոլկովի։ Առաջին անգամ բալետը բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան թատրոնում։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆաելո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը։

Հոկտեմբերի 20-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան, որը հայկական ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան է:

Հոկտեմբերի 22-ին հանդիսատեսը դարձյալ հնարավորություն կունենա վայելելու Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը: Հոկտեմբերի 24-ին կներկայացվի Ս. Ռախմանինովի «Ալեկո» օպերան, իսկ երեկոյի երկրորդ մասում՝ Ժ. Սարխոշյանի «Երազ» բալետային ներկայացումը:

Հոկտեմբերն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կեզրափակվի Ջ. Վերդիի «Աիդա» օպերայով, բեմադրող ռեժիսոր՝ Մարիո Կորադի (Իտալիա): «Աիդա»-ի առաջնախաղը կայացել է 1871 թ. դեկտեմբերի 24-ին Կահիրեում։ «Աիդան» Վերդիի լավագույն և սիրված ստեղծագործություններից մեկն է, ընդգրկված է աշխարհի խոշորագույն օպերային թատրոնների խաղացանկում։ Երևանի օպերային թատրոնում առաջին անգամ բեմադրվել է 1941 թ.։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]