Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հունվարյան իրադարձություններով պայմանավորված ակտիվացել են թե հայկական, թե ադրբեջանական հաքերային խմբերը

 Հունվարյան իրադարձություններով պայմանավորված ակտիվացել են թե հայկական, թե 
ադրբեջանական հաքերային խմբերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարյան իրադարձություններով պայմանավորված ակտիվացել են թե հայկական, թե ադրբեջանական հաքերային խմբերը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Մոտենում է  հունվարի 20-ը, իսկ դա նշանակում է, որ սպասվում է ադրբեջանցի հաքերների հարձակումներ հայկական կայքերի վրա: Սպասվում է մեծ հարձակում, չնայած, վերջին շրջանում նկատվում է, որ որոշ ադրբեջանական խմբեր պասիվացել են: Բավական լուրջ դեմքեր դուրս են եկել ասպարեզից անհայտ պատճառներով»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Ադրբեջանական հաքերների թիրախի տակ են բոլոր կայքերը: Փորձագետի տեղեկացմամբ` հարձակման են ենթարկվում բոլոր այն տեղեկատվական կայքերը, որոնք խոցելի տեղեր ունեն, ընդ որում, չեն տարանջատվում ոչ կարևարագույնները, այստեղ քանակն է կարևոր:

«Եթե դու կարողանում ես կոտրել 600 հատ թեկուզ ոչ նշանակալի կայք, միևնույն է, աղմուկն ապահովված է: Հիմնականում քանակի վրա են աշխատում: Դրանից բացի, այսօր տեղեկատվական դաշտում շատ դժվար է տարանջատել կարևորագույն և ոչ կարևորագույն տեղեկատվական կայքերը: Ամեն դեպքում, 2015 թվականի ընթացքում լուրջ հարձակումներ եղան տեղեկատվական կարևոր կայքերի վրա, որոնք շատ մտահոգիչ են: Հարձակումների միջոցով ապատեղեկատվություն է տարածվել»,-ասաց Սամվել Մարտիրոսյանն` ընդգծելով, որ հունվարին ակտիվ են նաև հայկական հաքերների խմբերը: Եթե 3-4 տարի առաջ ադրբեջանցիներն էին օրացույցով հայկական կայքերը կոտրում, ապա նույնն այժմ անում են նաև հայկական հաքերային խմբերը:

Անդրադառնալով հայկական կայքերի պաշտպանվածությունը` Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ պետական կայքերը հիմնականում պաշտպանված են: Աշխատանքներ պետք է տարվեն արցախյան կայքերի պաշտպանվածությունն ավելի բարձր մակարդակի վրա դնելու ուղղությամբ:

«Շատ դեպքերում հայ հաքերները կոտրում են հայկական չպաշտպանված կայքերը և թողնում գրառում` խնդրելով բարձրացնել կայքերի անվտանգության մակարդակը: Ասածս այն է, որ չպետք է բավարարվել միայն լավ հիմքերի վրա կայք ստեղծելով, անհրաժեշտ է հետևողական լինել անվտագության հարցում»,-հավելեց փորձագետը:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]