1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հալեպում հայ համայնքին թիրախավորելը կարող է ուղղորդված լինել Թուրքիայի կողմից. արաբագետ

Հալեպում հայ համայնքին թիրախավորելը կարող է ուղղորդված լինել Թուրքիայի կողմից. 
արաբագետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հալեպի ռմբակոծությունների ժամանակ հայկական համայնքին թիրախավորելը կարող է ուղղորդված լինել Թուրքիայի կողմից: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նրա խոսքով` փետրվարի վերջից Սիրիայում հաստատված հրադադարի ռեժիմը փաստացի օգտագործվեց մի շարք կառույցների կողմից` համալրվելու, նոր գրոհներ կազմակերպելու նպատակով, հատկապես Սիրիայի հյուսիսում: Հրադադարի ռեժիմը չի գործում Սիրիայի հյուսիում` Հալեպ նահանգում, մասամբ Լաթաքիայում: Այս ընթացքում Թուրքիայի տարածքից ռազմական օգնություն հասավ հյուսիս և բաժին հասավ «Ջաբաթ ան Նուսրա»-ին և այլ խմբավորումներին:

«Վերջին 10-15 օրերի ընթացքում Հալեպում ակտիվ գործողություններ են ընթանում քրդաբնակ  բնակչության դեմ և ռմբակոծվում են հայկական որոշ թաղամասերը: Այստեղ առկա է թուրքական ձեռագիրը: «Ջաբաթ ան Նուսրա»-ն, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մրցակիցն է, ինչո՞ւ պետք է ռազմական գործողություններ ծավալի քրդերի դեմ, որոնք գործում են «Իսլամական պետության» դեմ: Կամ ինչո՞ւ պետք է նույն կառույցը ռազմական գործողություններ իրականացնի սիրիական բանակային ստորաբաժանումնեի դեմ, որոնք կռվում են իսլամական պետության դեմ: Հետևաբար, ակնհայտ է, որ այստեղ Թուրքիան որոշ խնդիրներ է լուծում»,-ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նրա խոսքով, մայիսի վերջին հայկական թաղամասերում ռազմական գործողություններն ակտիվացան, եղան թե նյութական, թե մարդկային կորուստներ: Երեկ էլ զոհվել է Հալեպի ինքնապաշտպանությունը համակարգող դաշնակցական գործիչներից մեկը:

Այս ամենը ցույց է տալիս, որ Հալեպում թեժ պայքար է գնում, ու, ըստ արաբագետի, այս համատեքստում է, որ օրերս տեղի ունեցավ Սիրիայի, Իրանի, ՌԴ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը` նպատակ ունենալով Սիրիայի հյուսիսիում` Հալեպում, հետագա ծրագեր իրականացնել: Ըստ նրա `ակնհայտ է, որ դա կարևոր  տարածք է Սիրիայի իշխանությունների համար:

Անդրադառնալով Սիրիայում «Իսլամական պետության» դեմ իրականացվող ռազմական գործողություններին` արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ երկրի հյուսիսում  ծավալվող գործողությունները թույլ են տալիս, որ խմբավորումը կտրվի Թուրքիայի հետ սահմանից:

«Գաղտնիք չէ, որ այդ սահմանից էին գալիս ֆինանսական, մարդկային, ռազմական հոսքերը, աջակցությունը: Սահմանից կտրվելով, փաստորեն, «Իսլամական պետություն»-ը զրկվում է այդ աջակցությունից: «Իսլամական պետության» դեմ ուղղված գործողությունները կարևոր են նաև այն առումով, որ այն զրկվում է որոշ տարածքներից և խմբավորումը  քաշվում է դեպի անապատ, իրենց համար անապահով տարածքներ»,-ասաց Սարգիս Գրիգորյանը:

Թուրքիան էլ շատ արագ փորձում է իր պլաններն իրագործել: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ Ռուսաստան ու Իրանը կրկին ակտիվանալու են: Արաբագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ Թուրքիան շատ լավ դա հասկանում է և ցանկանում է կարճ ժամանակում խնդիրներ լուծել` կապված քրդերի, ինչպես նաև հայ համայնքի դիրքերի թուլացման հետ:

Քրդերն իրենց դիրքերն ամրապնդում են, Թուրքիան ձախողվում է: Այդ ամենը հաշվի առնելով, Սարգիս Գրիգորյանը հավանական է համարում, որ Թուրքիան գնա միակողմանի ռազմական գործողությունների: Առայժմ նրա ակտիվությունը դրսևորվում է հատուկ ջոկատայինների մասնակցությամբ սահմանին քրդերին հարվածելով, սահմանից տարբեր խմբավորումներին օժանդակելով, որպեսզի կռվեն և' քրդերի, և' իշխանության,և' «Իսլամական պետության» դեմ:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]