Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միջուկային անվտանգության կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ կասկածելի գործարքի մեջ մտնելուց

Միջուկային անվտանգության կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ կասկածելի 
գործարքի մեջ մտնելուց

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործնականում հնարավոր չէ ռադիոակտիվ նյութ կամ ռադիոակտիվ թափոն հափշտակել ապօրինի օգտագործման նպատակով: Հսկողությունն իրականացվում է ամենաբարձր մակարադակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն` անդրադառնալով միջուկային նյութերի անօրինական իրացման  փորձի համար Վրաստանում Հայաստանի 3 քաղաքացիների ձերբակալման փաստին:

Վերջերս վրացական էլեկտրոնային լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ միջուկային նյութերի անօրինական իրացման  փորձի համար ձերբակալվել են Հայաստանի 3 և Վրաստանի 3 քաղաքացիներ: Հայտարարությանն անմիջապես հաջորդեց ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական հակահայկական հիստերիան, թե  հայկական «ատոմային ահաբեկչությունը»  վտանգ է ոչ միայն Ադրբեջանի, այլ ամբողջ աշխարհի համար: Ադրբեջանը շարունակում է  շահարկել այդ տեղեկատվությանը` փորձելով վնասել մեր պետության հեղինակությանը:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջուկային նյութերի անօրինական իրացման  փորձի համար Հայաստանի քաղաքացիներ ձերբակալվել են նաև նախկինում: Մասնավորապես, 2010 և 2014 թվականներին: ՀՀ քաղաքացիների որոշ շրջանակ, հիմնականում սոցիալապես անապահով խավից, գայթակղվում են  խոշոր  գումարներ  վաստակելու  առաջարկներով  և ներքաշվում կասկածելի գործարքների մեջ: Քաղաքացիներին սկզբնական շրջանում առաջարկվում են առաջին հայացքից անմեղ թվացող գործարքներ, որից հետո նրանց առաջարկվում է որոնել «կարմիր սնդիկ», «ցեզիում», «ուրան», «կոբալտ» և այլ ռադիոակտիվ նյութեր: Նման գործարքների նախաձեռնությունը գալիս է բացառապես օտարերկրացիներից` տարածաշրջանի Հայաստանին սահմանակից և արաբական երկրներից:

Հայաստանում ի՞նչ մակարդակի վրա է միջուկային, ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության մակարդակը: Ինչպիսի՞ հսկողություն է իրականացվում սահմանային հատվածներում:  Որքանո՞վ  է հավանական Հայաստանից խոշոր քանակի ռադիոակտիվ նյութերի դուրս բերումը. թեմայի վերաբերյալ առավել հանգամանալից տեղեկատվություն ստանալու համար «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի հետ:

-Պարոն Մարտիրոսյան, նախ սկսենք վրացական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունից, միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար ձերբակալվել են Հայաստանի 3 քաղաքացիներ: Ձեր մեկնաբանությունը:

-Սկսենք Հայաստանում գտնվող միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի՝այդ թվում ռադիոակտիվ թափոնների, ֆիզիկական պաշտպանության մակարդակի մասին տեղեկատվությունից: Դա ցույց կտա, որ գործնականում հնարավոր չէ միջուկային կամ ռադիոակտիվ նյութ  հափշտակել, կամ ապօրինի օգտագործել: Հայաստանը միացել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին, ինչպես նաև այդ պայմանագրին կից Երաշխիքների կիրառման համաձայնագրին և Լրացուցիչ արձանագրությանը: Դրանով Հայաստանը պարտավորություն է ստանձնել չարտադրել միջուկային զենք, չաջակցել միջուկային զենքի արտադրմանը, ինչպես նաև դրա տարածմանը: Մինչև այժմ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (Գործակալություն) կողմից անցկացվել են մոտ 200 տեսչական ստուգումներ, որոնք հավաստել են, որ Հայաստանն ամբողջովին կատարում է ստանձնած բոլոր պարտավորությունները: Գործակալության տեսուչները Հայաստանում պարբերաբար  իրականացնում են տեսչական ստուգումներ  ոչ միայն ատոմակայանում, այնպես էլ` այլ օբյեկտներում: Բոլոր ստուգումների վերաբերյալ կազմում են հաշվետվություններ: Ստուգումները բոլոր օբյեկտներում ցույց են տվել զրո շեղումներ: Դա ոչ միայն միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության, դրանց հաշվեկշռի, քանակության, գտնվելու վայրի մասին է, այլ նաև տեխնոլոգիաների: Այսինքն` բոլոր հոդվածներով Հայաստանը կատարում է իր միջազգային պարտականությունները: Դա նշանակում է, որ հնարավոր չէ որ միջուկային նյութը հայտնվի օրինախախտների ձեռքում: Ընդ որում, միջուկային նյութի հաշվառումն իրականացվում է  գրամի հազարերորդական մասի ճշտությամբ: Նշված նյութերի հսկողությունն իրականացվում է մի քանի մակարդակներով` թե տեղական թե միջազգային:

-Իսկ ինչպիսի՞ հսկողություն է իրականացվում սահմանային հատվածներում:

-Սահմանային կետերում տեղակայված են ժամանակակից, շատ զգայուն դոզիմետրիկ սարքավորումներ, որոնք ճառագայթման բնական ֆոնի նույնիսկ աննշան գերազանցումը հայտնաբերում են: Դա նշանակում է, որ ապօրինի կերպով ռադիոակտիվ նյութ Հայաստան ներմուծել կամ Հայաստանից արտահանել անհնար է: Նույնիսկ «ճառագայթահարված» մարդիկ պետական սահմանը աննկատ հատել չեն կարող: Վերջին տարիներին զգալի քանակությամբ ՀՀ քաղաքացիներ բուժման նպատակով մեկնում են Վրաստան:  Բուժման ժամանակ հիվանդները անցնում են ռադիոիզոտոպային դիագնոստիկա,  ռադիոակտիվ նյութերի կիրառմամբ: Վերադառնալուց, սահմանային կետերում դոզիմետրերը այդ մարդկանց մոտ հայտնաբերում են բնական ֆոնը գերազանցող ռադիոակտիվ ճառագայթում: Մաքսային ծառայությունը միայն անցած մեկ տարում 100-ից ավելի նման դեպք է գրանցել և հայտնել մեզ: Սահմանային ճառագայթային վերահսկողությունը իրականացվում է միջազգային մակարդակին համապատասխան:

-Դուք խոսեցիք այն մասին, որ հնարավոր չէ նման նյութեր հափշտակել: Դա այն տարածքներում, որտեղ պետական վերահսկողություն կա, ի՞նչ կասեք չհաշվառված ռադիոակտիվ աղբյուրների մասին:

-Այդ հիմնախնդիրը կա ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում: Այդ նյութերի հայտնաբերման համար ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի և Միջուկային կարգավորման հանձնաժողովի հետ համատեղ մշակված է և իրականացվում է հատուկ ծրագիր: Հայտնաբերման աշխատանքներ են իրականացվում հատկապես նախկին խորհրդային, փակ ռեժիմով աշխատող ռազմաարդյունաբերական օբյեկտներում, որտեղ  հնարավոր է, որ առկա լինեին ռադիոակտիվ նյութեր: ԱՄՆ-ի հետ այդ ծրագիրը բավական արդյունավետ է իրականացվում. ԱՄՆ փորձագետների հետ կազմակերպել ենք հայտնաբերված ռադիոակտիվ նյութերի վնասազերծումը և անվտանգ տեղափոխումը ռադիոակտիվ թափոնների  պահեստարան:  Դա շարունակական ծրագիր է: Մեկ ուրիշ օրինակ. Գործակալությունը ունեցել է տեղեկություն, որ խորհրդային տարիներին Վանաձորում  գործել  է  ծանր  ջրի գործարան, որը օգտագործվում  է  ատոմային զենքի  արտադրության  ժամանակ: Գործակալությանը հայտնեցինք, որ այդ գործարանը աշխատել է մինչև  70-ականների վերջը, այնուհետև կազմակաքնդվել է և տեղափոխվել Ռուսաստան և ներկայումս այդ գործարանը  չկա: Սակայն Գործակալությունը ցանկացավ ստուգել հայտնված տեղեկությունը: Անցկացվեց կոմիտեի տեսուչների հետ համատեղ այց նշված գործարան: Գործակալության տեսուչները համոզվեցին, որ այդ գործարանը չկա. Միայն շենքն էր մնացել` պատերը, տանիքը: Տեսան, նկարեցին, կատարեցին համապատասխան չափումներ, համոզվեցին: Դրանից հետո  ևս 3 անգամ եկան ստուգելու (հավանաբար համոզվելու,  որ Հայաստանը չի շարունակում ծանր ջրի արտադրությունը իր ուժերով): Այդպիսի խիստ հսկողություն է, չզարմանաք, այս տարի ևս գալու են ստուգումների: Հետևաբար, բացառում եմ, որ լուրջ քանակի ռադիոակտիվ նյութ գտնվի Հայաստանում ու մենք չիմանանք:

-Կրկին վերադառնանք վրացական լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակմանը, որտեղ նշվեց նաև ռադիոակտիվ նյութերի արժեքի մասին, մոտ 200 մլն ԱՄՆ դոլարի մասին խոսք գնաց: Հրապարակման մեջ թվարկված ռադիոակտիվ նյութերը որքանո՞վ են արժեքավոր և 200 մլն դոլարի ռադիոակտիվ նյութերի տեղափոխումը որքանո՞վ է իրատեսական: 

-Այնտեղ խոսվում էր «ուրան 238»-ի մասին: Միջազգային շուկայում ուրան 238-ի մեկ կգ-ն արժե շուրջ 80 ԱՄՆ դոլար: 200 մլն դոլար ստանալու համար նրանք պետք է ունենային ավելի քան 2 հազար տոննա «ուրան-238» : Նախ` ասեմ, որ Հայաստանում մեծ քանակի ուրան կա միայն ատոմակայանում, որն աշխատած միջուկային վառելիք է, ունի հսկայական, մահացու ակտիվություն: Դրա ոչ միայն վաճառելը, նույնիսկ դրան ապօրինի մոտենալը հնարավոր չէ: Այն գտնվում է ատոմակայանի ֆիզիկական պաշտպանության համակարգի ներքո, դրանից բացի Գործակալությունը տեղադրել է 24 ժամյա հսկողությամբ տեսասարքեր այն բոլոր օբյեկտների վրա, որտեղ կա միջուկային նյութ: Այդ օբյեկտները կնքված են հատուկ կնիքներով, որոնց նույնիսկ վնասումն անմիջապես արձանագրվում է Գործակալության համապատասխան ստորաբաժանման կողմից:

-Ամեն դեպքում փաստը կա, որ Հայաստանի 3 քաղաքացի ձերբակալված է: Միգուցե սոցիալական խնդիրներից ելնելով կամ տեղեկացվածության պակասի պատճառով կասկածելի գործարքների մեջ են ներքաշվում: Ձեր խորհուրդը քաղաքացիներին:

-Շատ կարևոր է քաղաքացիներին տեղյակ պահել, որ նրանք իմանան միջազգային փորձը. միջուկային նյութի հետ կապված ապօրինի բոլոր գործողություններն ավարտվում են իրավապահ մարմիններում: Մարդիկ միգուցե տեղեկացված չեն, չեն պատկերացնում, թե ինչ խարդախության մեջ են մտնում:Հայտնեմ, որ միջուկային և ռադիոակտիվ նյութերը բոլոր երկրներում գտնվում են լուրջ հսկողության տակ:

-Իրավապահների հետ խնդիրներ ունենալուց բացի, ոչ պակաս կարևոր են առողջական խնդիրները: Առնչվելով այդ նյութերի հետ լուրջ առողջական խնդիրների առաջ կկանգնեն:

-Իհարկե, միջուկային և ռադիոակտիվ նյութերն ունեն ներթափանցող հատկություն: Այդ նյութի հետ գործ ունեցողը ստանում է որոշակի դոզա: Մարդիկ պետք է իմանան, որ իոնացնող ճառագայթումը չունի հոտ, համ, գույն: Եթե պատահականորեն նրանց ձեռքն ընկնի ռադիոակտիվ նյութ, ապա շատ լուրջ կվնասեն իրենց առողջությունը, ընդհուպ դա կարող է հանգեցնել մահվան:

-Նման դեպքերից զերծ մնալու համար ինչ քայլեր են պետք իրականացնել:

-Մենք առաջակում ենք, որպեսզի քաղաքացիները զերծ մնան ապօրինի գործարքների մեջ մտնելուց: Եթե կստանան  նման  առաջարկություններ, հարկ է դիմել իրավապահ մարմիններին: Դրանից բացի, շատ կարևոր է հասարակության հետ աշխատանքը` օգտագործել հատկապես հեռուստատեսությունը և զանգվածային լրատվության այլ միջոցները, իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար:

Իսկ այսպես կոչված «անտեր» ռադիոակտիվ նյութի հանդիպելիս, որի վրա կլինի ռադիոակտիվության նշանը, անհապաղ  զանգահարել 911:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]