1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կրկեսային արվեստում նոր մասնագետների կարիք կա. Սոս Պետրոսյան

Կրկեսային արվեստում նոր մասնագետների կարիք կա. Սոս Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցում է համադրական արվեստի այս տեսակի՝ կրկեսի նվիրյալներից մեկի՝ Երևանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի հետ:

-Ինչպե՞ս դարձաք կրկեսի դերասան:

-Ծնվել եմ Թիֆլիսում, ապրում էինք հայկական թատրոնի հարևանությամբ: Ներկայացումներ շատ էի նայում, սիրում էի դերասաններին և հաճախ հետևում էի նրանց խաղին: Մի օր դիտեցի «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը և սիրահարվեցի կրկեսին: Որոշեցի դերասան դառնալ: Ինքնուրույն շատ վարժություններ էի կատարում. լիմոնադ գնելիս շիշը քթիս էի դնում և պահում մինչև ընկնի, նույն բախտին էր արժանանում նաև հացը:

-Դուք աշակերտել եք Լեոնիդ Ենգիբարյանին: Ե՞րբ առաջին անգամ հանդիպեցիք մեծ ծաղրածուին:

-Մեր առաջին հանդիպումը տպավորիչ էր: Մի օր ազդագրերում կարդացի, որ Հայկական կրկեսային կոլեկտիվը ժամանել է Թիֆլիս հյուրախաղերի: Փորձեցի գնալ Ենգիբարյանի մոտ, բայց թույլ չտվեցին: Շատ էի ցանկանում նրան ցույց տալ կարողություններս: Հորս միջամտությամբ, վերջապես, կայացավ մեր հանդիպումը: Երբ տեսավ ինձ, իմ ոգևորությունը, ունակությունները, ասաց, որ ես երկրորդ հայը կլինեմ, ով կընդունվի Մոսկվայի կրկեսային ուսումնարան: Առաջինն ինքն էր: Հայրս խորամանկ մարդ էր: Նա գնում է Ենգիբարյանի մոտ և ասում, որ ես վատ եմ սովորում դպրոցում, խնդրում է ինձ ասել, որ եթե ոսկե մեդալով չավարտեմ դպրոցը, չեմ կարողանա Մոսկվա գնալ: Եվ ես ոսկե մեդալով ավարտեցի դպրոցն ու հեշտությամբ ընդունվեցի Մոսկվայի կրկեսային ուսումնարան:

-Ինչպե՞ս սկսվեց ձեր համագործակցությունը:

-Ավարտական համարս էի ցույց տալիս և իմացա, որ Ենգիբարյանը դահլիճում է: Դհոլներով համար էի ներկայացնում: Ինքս էլ չհասկացա, թե ինչպես ելույթս սկսվեց և ավարտվեց: Ելույթից հետո հանդիպեցինք, և նա ասաց, որ ինձ վերցնում է Հայկական կրկեսային կոլեկտիվ: Այդ օրվանից մինչև իր մահը աշխատել ենք միասին: Տղայիս անունն էլ է նա որոշել: Ասաց՝ թող լինի երկրորդ Սոսը: Իսկ թոռնիկիս Յուրի Նիկուլինն է կնքել՝ Սոս երրորդ:

-Ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմեք Լեոնիդ Ենգիբարյանի հետ կապված:

-Ենգիբարյանը շատ էր սիրում գեղեցիկ կանանց: Կարող էր փողոցում հավանել մեկին և նրա համար նվեր գնել: Նա բավականին մեծ գումարներ էր վաստակում, բայց աշխատավարձ ստանալու հաջորդ օրն արդեն մոտը գումար չէր ունենում: Ես հորիցս փող էի խնդրում և պարտքով տալիս նրան: Մի անգամ ինձ խնդրեց իրեն տալ իմ կոստյումը, ես էլ իրենը վերցրեցի: Պարզվեց, որ իր կոստյումի ծոցագրպանում գումար կա, որի մասին նա անգամ չէր հիշում, երբ վերադարձրի գումարը, ասաց. «Самый честный из армян это Сосик Петросян»:

-Ի՞նչ վիճակում է այսօր Լ. Ենգիբարյանի անունը կրող ստուդիան:

-Նրա մահից հետո հիմնեցի Լ. Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց ստուդիան: Ժամանակին 4 000 երեխա կար, սակայն հիմա քիչ են: Այս արվեստը բարդ է, դժվար, ոչ բոլորին է հասանելի: Մարդիկ թեթև ժանրերի են ձգտում: Ունենք պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք աշխատում են երեխաների հետ: Ստուդիայում ընդունելություն է հիմա: Մյուս տարի կունենանք կրկեսի նոր շենք՝ նախատեսված 2 500 հանդիսատեսի համար: Մեր լավագույն շրջանավարտները կաշխատեն նոր կրկեսում:

-Ի՞նչ նոր ծրագրեր, ներկայացումներ ունեք ապագայում:

-Սեպտեմբերից կրկեսի, էստրադայի, մասսայական տեսարանների ռեժիսուրա մասնագիտությամբ կուրս ենք ունենալու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Լավ մասնագետների կարիք կա: Ուսուցումը հեռակա է, պրակտիկա անցնելու հնարավորություն կընձեռվի բոլոր ուսանողներին, իսկ լավագույնները աշխատանք կունենան: Կրկեսի նոր շենքի բացմանը հետաքրքիր համարներ կլինեն: Կընդգրկենք արտիստների նաև այլ երկրներից:

Հարցազրույցը վարեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]