1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գալիք երեք տարիներին Արցախի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի տարեկան 8%

Գալիք երեք տարիներին Արցախի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի տարեկան 8%

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ՀՆԱ-ի իրական աճը 2017-2019 թվականներին կկազմի 8%, պետական բյուջեի սեփական եկամուտներն առաջիկա երեք տարիներին պլանավորվում են տարեկան միջինը շուրջ 8 տոկոս աճի շրջանակներում: Այս մասին Արցախի Հանրապետության կառավարության սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած հերթական նիստում, որը վարել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը, հայտնել է  ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը։ Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Օրակարգային հարցերի շուրջ ելույթով հանդես է եկել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, ով, մասնավորապես, ներկայացրել է «ԼՂՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», ինչպես նաև՝ «ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները:

Առաջին հարցի կապակցությամբ ԼՂՀ ֆինանսների նախարարը նշել է, որ 2017թ-ին կանխատեսվող մակրոտնտեսական ցուցանիշները ՀՆԱ-ի մասով կլինեն 254.2 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%), 2018թ.-ին` 280.1 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%), իսկ 2019թ.-ին` 308.6 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%): Պետական բյուջեի սեփական եկամուտներն առաջիկա երեք տարիներին պլանավորվում են տարեկան միջինը շուրջ 8 տոկոս աճի շրջանակներում: Պետական բյուջեի ծախսերը 2017թ-ին կկազմեն 88,880.7 մլն դրամ (2016թ. 87,928.2 մլն դրամի դիմաց, աճը` 1.1 %), 2018թ.-ին` 88,858.6 մլն դրամ (նվազումը` 0.1%) և 2019թ.-ին` 89,233.3 մլն դրամ (աճը` 0.4%):

Ծրագրով նախատեսվում է նույն ժամանակահատվածում նվազեցնել սղաճի չափը, և 2019թ—ին պետական բյուջեն կատարել 7,681.0 մլն դրամ հավելուրդով, որը, վարչապետի խոսքով, կարող է ուղղվել սոցիալական ծախսերի չնախատեսված ավելացմանը: Նախարարի ելույթից հետո վարչապետը կառավարության քննարկմանն է դրել «ԼՂՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», որը հաստատվել է գործադիր մարմնի անդամների կողմից:

«ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Ս. Թևոսյանը նշել է, որ նախատեսվում է 3 մլրդ դրամով նվազեցնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտները: Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է ԼՂՀ հարկատուների տնտեսական գործունեության արդյունքների վրա ս.թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքների ազդեցությամբ (մոտ 1.1 մլրդ դրամի չափով), փոքր և միջին ձեռնարկատիրությանը հարկային արտոնությունների տրամադրմանն ուղղված օրենսդրական փոփոխություններով (մոտ 0.3 մլրդ դրամի չափով), ինչպես նաև՝ խոշոր հարկատու` «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ կողմից վճարվող հարկային եկամուտների գծով 2016թ. պետական բյուջեի ձևավորման ժամանակ իրենց իսկ կողմից կատարված կանխատեսումների պակասեցմամբ (մոտ 1.6 մլրդ դրամի չափով): Օրինագծով նախատեսվում է 2 մլրդ դրամով նվազեցնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մի շարք հատկացումներ: Առաջարկվող նվազեցումները սահմանվել են` հիմնականում հաշվի առնելով ընթացիկ տարվա՝ այս պահի դրությամբ իրականացված ծախսերը: Բացի դրանից, առաջարկվել է 2.7 մլրդ դրամով ավելացնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագրի հատկացումները: Օրենքի նախագիծը կուղարկվի Խորհրդարանի քննարկմանը:

Վարչապետը, անդրադառնալով ծախսերի կրճատման վերաբերյալ կառավարության առաջարկին, մասնավորապես, նշել է. «Նշված ծախսերի կրճատումները համաձայնեցված են գերատեսչությունների ղեկավարների հետ, սակայն պետք է նշել, որ սոցիալական ծրագրերի ու ծախսերի կրճատումներ չունենք: Ինչ վերաբերում է ավելացված ծախսերին, դրանք հիմնականում կուղղվեն շինանյութերի ձեռքբերմանը, որոնց գերակշիռ մասը կտրամադրվի Քաշաթաղի շրջանին՝ բնակիչների բնակարանային պայմանների բարելավման նպատակով, սակայն հատկացումներ կլինեն նաև Շահումյանի շրջանին և Մարտակերտի շրջանի՝ ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքով տուժած բնակավայրերի վերականգնման աշխատանքներին: Շինարարության ոլորտում ավելացված ծախսերի մի մասն էլ ուղղվելու է սահմանամերձ համայնքների ճանապարհների բարեկարգման ընթացիկ աշխատանքներին: Ինչ վերաբերում է «Բեյզ Մեթըլս»-ի հարկային պարտավորությունների քիչ վճարումներին, ապա պետք է հաշվի առնել, որ դրանք պայմանավորված են գնային անկումով և ներդրումային ծրագրերով: Պղնձի միջազգային գինը նախատեսվածից ավելի ցածր է, իսկ մոտակա ժամանակահատվածում ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագրերի շնորհիվ գալիք տարուց զգալիորեն ավելանալու են արտահանվող հանքանյութի ծավալները: Արդյունքում, 2017-2019թթ.-ին ընկերության վճարած հարկերն ապահովելու են պետական բյուջեի եկամուտների լրացուցիչ աճը» :

Գործադիր իշխանության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու մարմիններին օրինագիծ մշակել՝ կուտակված տույժերի և տուգանքների ներման վերաբերյալ, որպեսզի այն, 2017թ. պետական բյուջեի նախագծի հետ միասին, ներկայացվի ԱԺ-ին: «Մենք հարկային արտոնություններ արդեն մտցրել ենք ՓՄՁ-ի համար, սակայն տույժերի և տուգանքների ներման վերաբերյալ ևս պետք է որոշում կայացնենք, ինչը տնտեսվարող սուբյեկտների համար, նախ, լրացուցիչ խթան կհանդիսանա իրենց ընթացիկ հարկային պարտավորությունները կատարելու համար և, երկրորդ, տնտեսական ավելի ակտիվ գործունեություն կիրականացնեն: Բացի դրանից, առաջիկա տարիներին տարբեր խթաններ ենք կիրառելու նաև ՓՄՁ-ի գործունեությունն աշխուժացնելու նպատակով, որը հնարավորություն է տալու ավելացնել հարկային մուտքերը»,- նշել է վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]