Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկեց «Մշակութային կրթօջախներ-դպրոց» ծրագրի երրորդ փուլը

Մեկնարկեց «Մշակութային կրթօջախներ-դպրոց» ծրագրի երրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության աջակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ջանքերով հոկտեմբերի 21-ին «Առնո Բաբաջանյան» սրահում մեկնարկեց «Մշակութային կրթօջախներ-դպրոց» ծրագրի երրորդ փուլը Հայաստանի ազգային նվագարանների համերգով: Համերգն անցկացվեց դասի մեթոդաբանությամբ: «Երեխաներն այցելում են տարբեր մշակութային օջախներ: Այս երևույթն ունի գիտաճանաչողական նշանակություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը:

Այս տարվա ծրագիրն իրականանում է երեք փուլով: Նախագծի երկու փուլերն անցկացվել են մայիս, հունիս և սեպտեմբեր ամիսներին, որին մասնակցել է 1160 երեխա ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից:

«Հաշվի առնելով երեխաների նախասիրությունները` մշակութային վայրերից բացի նրանք կգնան կենդանաբանական այգի, կշրջեն հյուսիսային պողոտայում: Ցանկանում ենք, որ ապագա սերունդը հստակ պատկերացում կազմի մշակութային արժեքների մասին և գնահատի հայ ժողովրդի հարուստ ժառանգությունը»,-ընդգծեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Դահլիճում գտնվող երեխաները բազում հարցեր ուղղեցին փոխնախարարին, որոնց  նա սիրով պատասխանեց:

Հալեպից Հայաստան եկած մի աշակերտուհի ասաց, որ շատ է սիրում Երևանը, եղել է օպերայում, տարբեր համերգներ է դիտել ու դեռ շատ սպասելիքներ ունի իր հարազատ երկրից:

«Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը իրականացվել է 2015թ.: Մասնակցել են ՀՀ Տավուշի, Սյունիքի, Արարատի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանապահ համայնքների հիմնական դպրոցների և ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերի միջին դասարաններում սովորող աշակերտներ: Ծրագրի մասնակիցներին պարբերաբար միացել են Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտներ, ինչպես նաև սիրիահայ երեխաներ և մանկատների սաներ`Երևանից և Գավառից:

Այս տարվա նախագծի ընթացքում երեխաները կայցելեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, կծանոթանան Կոմիտասի կյանքին, գործունեությանը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությանը: Հայաստանի ազգային պատկերասրահում նրանց կներկայացնեն հայկական և եվրոպական գեղանկարչությունը, Հայաստանի նախապատմական ժամանակներից եկող մշակույթն ու պատմությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]