Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ապրիլյան պատերազմում հակառակորդի տանկերը փախուստի ժամանակ միմյանց էին կրակում

Ապրիլյան պատերազմում հակառակորդի տանկերը փախուստի ժամանակ միմյանց էին կրակում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը փայլուն տիրապետում են զինատեսակներին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ԶՈՒ Հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության շտաբի պետ, գնդապետ Արտավազդ Յաղմուրյանն` անդրադառնալով այն հարցադրումներին, թե որքանով են հայ մասնագետները տիրապետում «Իսկանդեր» հրթիռային համակարգին:

«Իսկանդեր համակարգերը ձեռքբերելուց առաջ, իրականացվել է ձևավորված ստորաբաժանումների վերապատրաստում: Նոր դրանից հետո պատրաստված անձնակազմը Հայաստանում ընդունել է տեխնիկան: Կիրառման համար ոչ մի բարդություն չկա: Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե որտեղ է կայացվում զենքի կիրառման որոշումը, ապա կարող եմ ասել, որ Երևանում»,-ասաց Արտավազդ Յաղմուրյանը:

Նա նշեց, որ հայկական Զինված ուժերում «Իսկանդեր»-ի առկայությունը հակառակորդին զսպող գործոն է: Ըստ նրա` հակառակորդն այս հանգամանքը պետք է հաշվի առնի, որևէ գործողություն սկսելուց առաջ:

«Իսկանդերի հասցրած ավերածությունների մասշտաբը պատկերացնելու համար ներկայացնեմ օրինակ. 152 մմ տրամաչափով հրանոթից արձակված մեկ արկը կշռում է 54 կգ, որով հնարավոր է  ավերել մի ամբողջ ինժեներական կառույց: «Իսկանդեր»-ի մարտական մասի քաշը կես տոննա է և կարող է ճշգրիտ հարված հասցնել 280 կմ հեռավորության վրա: Հիմա պատկերացրեք, թե ինչպիսի ավերածություններ կարող են լինել»,-ասաց Արտավազդ Յաղմուրյանն` ընդգծելով, որ «Իսկանդեր»-ը գործնականում հայտնաբերել ու խոցել հնարավոր չէ:

ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման եւ պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը նշեց, որ պատերազմում հաղթելու կարևոր գործոններից է նաև այն, որ զինատեսակները ճշգրիտ են կիրառվում: Նրա խոսքով, հայ մասնագետները փայլուն տիրապետում են զինատեսակներին:

«Ամենակարևոր հանգամանքը զենքին լիարժեք տիրապետելն է, ամենօրյա մարտական պատրաստվածությամբ  զբաղվելն է: Մենք, ինչպես նաև մեր ենթականերն ամեն օր սովորում ենք: Ի դեպ, ապրիլյան պատերազմը նույնպես ինչ-որ առումով ուսանելի էր, դասեր քաղեցինք` անելով համապատասխան հետևություններ»,-ավելացրեց Զորայր Գաբրիելյանը:

Արտավազդ Յաղմուրյանն էլ ավելացրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի տանկային խոշոր ստորաբաժանումների առաջխաղացումը կասեցնող հիմնական միջոցը մեր հրետանավորների հմուտ գործողություններն էին: Հակառակորդի որոշ տանկեր ոչնչացվեցին ելման դիրքերում:

«Ադրբեջանը տարիներ շարունակ ի լուր աշխարհի հայտնում էր, որ իր տանկերն արդիականացրել է իսրայելական տեխնոլոգիաներով, որ այդ տանկերն անխոցելի են: Ապրիլյան գործողություների ժամանակ հայկական Զինված ուժերի հակատանկային միջոցից մեկ օպերատորը մեկ մարտի ժամանակ խոցեց  5 տանկ: Այս փաստն իրենց լուրջ մտածելու տեղիք է տալիս: Հրետանային մեկ համազարկով իրենց տանկերը ոչ միայն հետ փախան, այլև անկանոն փախուստի ժամանակ միմյանց վրա կրակ բացեցին»,-հավելեց Արտավազդ Յաղմուրյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]