Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լույս է տեսել «Հենրիկ Մալյան» գիրք-ալբոմը

Լույս է տեսել «Հենրիկ Մալյան» գիրք-ալբոմը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, ազգային կինոյի մեծագույն բեմադրիչ Հենրիկ Մալյանի կյանքին ու ստեղծագործական ուղուն նվիրված «Հենրիկ Մալյան» գիրք-ալբոմի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 15-ին`Հենրիկ Մալյանի անվան թատրոնում: Գիրք-ալբոմի հեղինակներն են Նարինե Մալյանը և Ռոբերտ Մաթոսյանը: «Գրքում կան լուսանկարներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում հանրությանը: Գիրք-ալբոմը ստեղծելիս հաճախ վիճել ենք դիզայների և Ռոբերտի հետ, սակայն վերջնական արդյունքը գոհացուցիչ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նարինե Մալյանը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի խոսքով՝ Հենրիկ Մալյանին լավ չի ճանաչել, բայց շատ է սիրել: «Մալյանը չափազանց հետաքրքիր մարդ էր, մի առանձին մոլորակ, որի առանձնահատուկ կողմերը կարծում եմ՝ ներկայացված են գիրք-ալբոմում»,-շեշտեց նախագահը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ Հենրիկ Մալյանն իր դասախոսն է եղել: «Կարող եմ իմ հիացմունքն ու զարմանքն արտահայտել Հենրիկ Մալյանի ֆիլմերի, նրա ներաշխարհի, մտածողության, գույների և երևակայության առնչությամբ: Նա ստիպում է կինոդիտողին մտածել երազելի Հայաստանի մասին: Հայ մշակույթի անգին գանձն է Մալյանը»,-նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

ՀՀ ազգային կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքով՝ Մալյանը բարձր տեղ է գրավում հայկական և համաշխարհային կինոարվեստում: «Մալյանական կինոն Խորհրդային տարիներին շատ է ճամփորդել և ժամանակն է վերականգնելու նրա համբավը և աշխարհին ներկայացնելու նրա աշխատանքները, քանի որ դրանք մարդու հոգու, հույզերի, ամենանվիրական զգացմունքների մասին ֆիլմեր են»,- ընդգծեց Խաչատրյանը:

Գիրք-ալբոմի շնորհանդեսից հետո ներկաները հնարավորություն ունեցան դիտելու թատրոնի հիանալի ներկայացումներից մեկը:

Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին Թելավում։ Աշխատել է Թբիլիսիի ավիագործարանում, որպես գծագրիչ, փականագործ։ Գալով Երևան` սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում:  Որպես ռեժիսոր աշխատել է Հայաստանի տարբեր թատրոններում (Արտաշատ, Կիրովական, Ղափան) և հեռուստատեսությունում։ Մեծ ներդրում է ունեցել նաև Հայֆիլմ կինոստուդիայում:  1980 թվականին Հայֆիլմին առընթեր հիմնադրեց «Մալյան թատրոն-ստուդիա»։ Առաջին բեմադրությունը Վիլյամ Սարոյանի պատմվածքի հիման վրա «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները» ներկայացումն էր։ Հայ կինոարվեստի լավագույն գործերից շատերի հեղինակը Հենրիկ Մալյանն է: Նկարահանել է «Եռանկյունի», «Հայրիկ», «Կարոտ», «Կտոր մը երկինք», «Ճանապարհ դեպի կրկես», «Մենք ենք, մեր սարերը», «Մի կաթիլ մեղր», «Նահապետ», «Նվագախմբի տղաները» և այլ հզորագույն ֆիլմեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]