Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ուզում եմ որ գյումրեցին ժպտա նախկինի պես. Սամվել Բալասանյան

Ուզում եմ որ գյումրեցին ժպտա նախկինի պես. Սամվել Բալասանյան

ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավերիչ երկրաշարժից 28 տարի անց Գյումրիում շատ բան է փոխվել, սակայն բոլոր խնդիրները լուծված չեն: Այդ խնդիրների լուծման և նախատեսված անելիքների ու ծրագրերի մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

-Երկրաշարժից 28 տարի անցպարոն Բալասանյան, ո՞րն է Գյումրու գերխնդիրը ու ինչ ուղիներ կան այդ խնդիրը լուծելու:

-Աշխատատեղերի բացակայությունը, փողոցների բարեկարգումը,լուսավորությունը, քաղաքը տնակներից ազատելն ու անօթևաններին բնակարաններով ապահովելը, ենթակառույցների զարգացումը, սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնք տարիներ շարունակ ծառացած են Գյումրու առջև: Այդ խնդիրների լուծման ուղղությունները ներառված են քաղաքի զարգացման 5-ամյա ծրագրում:

-Տնակների խնդիրը երբևէ լուծվելո՞ւ է քաղաքում, եթե հաշվի առնեք, որ Գյումրիում դեռ կան տնակային ավաններ:

-Անօթևանության խնդիրը, մարդկանց բնակարանով ապահովելը քաղաքապետի գործառույթը չէ, բայց ես որպես քաղաքապետ շատ մտահոգ եմ այդ խնդրի կարգավորման համար: Իմ նախաձեռնությամբ կյանքի կոչվեց «Գյումրին առանց տնակների» ծրագիրը, որի շրջանակներում մոտ 20 ընտանիք այս ընթացքում ապահովվեց բնակարանով: Ծրագիրն իր շարունակությունը կունենա ու դեռ շատ ընտանիքներ կապահովվեն բնակարանով: Քաղաքապետարանի և այլ կառույցների համագործակցության արդյունքում ներկայումս Գյումրիում իրականացվում է Սոցիալական բնակարանների կառուցման ծրագիրը, որը ևս մեկ միջոց է մարդկանց բնակարանով ապահովելու: Թե՛ պետական,թե՛ մասնավոր ներդրումներ են պետք այս խնդրի կարգավորման համար« տեսնենք ինչպես կլինի այս խնդրի լուծումը ժամանակի ընթացքում:  

-Ի՞նչ է պետք Գյումրին կրկին արդյունաբերական քաղաք դարձնելու համար, եթե դա հնարավոր է:

-Նախ պետք է ասեմ, որ Գյումրին մշակութային, սպորտային քաղաք է և բոլոր ջանքերը ներդրվելու են Գյումրին տուրիստական, զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնելու համար: Այս պահին քայլեր են իրականացվում թեթևարդյունաբերությունը Գյումրիում զարգացնելու ուղղությամբ, կառուցվում և առավել հզորացվում են արդեն իսկ գործող տեքստիլ արտադրությամբ զբաղվող ընկերություններ՝ շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի ներդրումային ծրագրի միջոցով:

-Տարիներ անց գյումրեցու մեջ ի՞նչ է փոխվել և ի՞նչ եք ուզում, որ փոխվի:

-Բնականաբար, գյումրեցին միշտ եղել է պատվախնդիր,սրտաբաց, հյուրընկալ ու այդպիսին էլ մնացել է, բայց հիմա մի քիչ հոգսերն են շատ,սոցիալական խնդիրն է մարդկանց մտահոգում: Ուզում եմ որ գյումրեցին ժպտա նախկինի պես, մոտ երկու տասնամյակ գյումրեցու դեմքից պակասել է այդ ժպիտը, անհոգությունը: Չնայած Գյումրիում իրականացվող մի շարք փոփոխությունների՝ գյումրեցին դեռևս չի կարողանում լիարժեք ուրախանալ, քանի դեռ շատերի ընտանիքներում կա սոցիալական խնդիր,կան ընտանիքներ,որոնք դեռ բնակվում են տնակներում: Սրանք գործոններ են, որ մեծապես ազդում են մարդու տրամադրության, աշխարհընկալման վրա: 

 

-Ձեր որդիներն իրենց ապագան Գյումրիում տեսնո՞ւմ են:

-Մեր արմատները Գյումրիում են, հայրական օջախը Գյումրիում է, մեր ընտանիքն այս քաղաքում ունի ներդրած բիզնեսներ, որոնց արդյունքում մեծ թվով մարդիկ ապահովվել են աշխատանքով: Բնականաբար, իմ որդիները մնալու են և անելու են հնարավորը քաղաքը զարգացնելու համար:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]