Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ապագայի ջահը երիտասարդներինն է. Զավեն Վարդանյան

Ապագայի ջահը երիտասարդներինն է. Զավեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջ. Ռոսսինիի «Մոխրոտիկը» օպերայի համերգային կատարման պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 13-ին՝ Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցեց ներկայացման դիրիժոր Զավեն Վարդանյանի հետ:

-Հայաստանյան հանդիսատեսին հաճախ ներկայացրել եք անհայտ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Տվյալ գործերը ճանաչվե՞լ են, սիրվե՞լ:

-Գուցե անհամեստ թվա, բայց նշեմ, որ եղել են համերգներ, որոնք փայլուն են անցել: Կարծում եմ՝ գեղարվեստական դաշտի որոշ մասը դատարկ է, այդ իսկ պատճառով հիմնական նպատակս երաժշտասեր հասարակությանը երբեմն անարդարացիորեն չհնչած կամ քիչ կատարված գործերը ներկայացնելն է: Կատարածս աշխատանքն ունի լուսավորչական, ճանաչողական և դաստիարակչական նշանակություն: Միշտ ցանկացել եմ ճանապարհ տալ երիտասարդներին, բեմ բարձրացնել և նպաստել նրանց կայացմանը:

-Ի՞նչ հատկանիշներ, որակներ են անհարաժեշտ դիրիժորին երգչախմբի, նվագախմբի հետ ներդաշնակության հասնելու համար:

-Առաջին հերթին գիտելիք, ինտելեկտուալ մեծ պաշար ոչ միայն երաժշտության, այլև  արվեստի այլ տեսակների վերաբերյալ: Տարբեր երգիչների, նվագախմբերի հետ աշխատանքում առանձնահատուկ մոտեցում է պահանջվում: Անհրաժեշտ է ճանաչել  երգչախմբի, նվագախմբի օրգանիզմը, իմանալ նրա թույլ և ուժեղ կողմերը: Նվագավարը տեխնիկապես պետք է հասուն լինի. ձեռքերը … Փորձում եմ ոչ միայն ղեկավարել, այլև ներշնչել նրանց, որ իրենցից յուրաքանչյուրը երաժշտության արարման մասնակիցն է: 

-Հանդիսատեսին մեջքով եք կանգնում: Զգու՞մ եք նրան:

-Սովորաբար դիրիժորները զգում են դրական կամ բացասական էներգիան: Դահլիճի լռությունը խոսուն է, քարացած չէ: Լռությանն ունի ձայն, շունչ, էներգետիկ դաշտ: Նվագավարը գիտի հանդիսատեսն իրե՞նն է, թե՞ ոչ: Նույնը ճարտասանի դեպքում է: Նա դահլիճում գտնում է որևէ արտահայտիչ հայացք և խոսում նրա հետ: Եթե նման շահագրգիռ հայացքները շատ են, բնականաբար՝ հռետորը փայլուն է անցկացնում ելույթը:

-Ի՞նչ կասեք ներկայիս հանդիսատեսի մասին: Երիտասարդների պակաս կա՞:

- Մենք չենք կարողացել ձևավորել երաժշտասեր հասարակություն, որը մինչ խորհրդային միության փլուզումը կար: Բարոյական նորմերը, մոտեցումները փոխվել են: Պետք է ջանք թափել արվեստասեր հասարակություն ստեղծելու համար:

-Մտերիմ եք եղել Օհան Դուրյանի հետ…

-Ես նրա առաջին և վերջին աշակերտն եմ: Ավագ և կրտսեր ընկեր հարաբերություններ էին: Մեծապես պարտական եմ նրան իմ հոգեկերտվածքի ձևավորման համար: Բախտավոր եմ նրա նման ուսուցիչ ունենալու համար:

-Կխոսե՞ք «Մոխրոտիկը» ներկայացման մասին:

-70-ականներից հետո Ռոսսինիի ոչ մի ստեղծագործություն չի ընդգրկվել մեր խաղացանկում. միայն «Սևիլյան սփիրչը»: Բարեբախտաբար, նոր գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը ցանկանում են նոր ճանապարհներ բացել մեզ համար և ընդգրկել այնպիսի օպերաներ, մասնավորապես կոմիկական, որոնք կարող են մանուկներին, դպրոցականներին, երիտասարդներին օպերային դահլիճ բերել: Նման ներկայացումներն ունեն դաստիարակչական բնույթ և արտահայտում են հավերժական այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են՝ սերը,  արդարությունը, ճշմարտությունը, հավատարմությունը, նվիրվածությունը…

-Օպերայի հետ կապված ի՞նչ խնդիրներ են ծառացել ձեր առջև:

-Այն համերգային ներկայացում է, որն ունի բեմականացված տարրեր: Աշխատանքային գործընթացում խնդիրներ միշտ էլ լինում են, սակայն անում ենք ամեն բան՝ դրանք հաղթահարելու համար: Գոհցուցիչ է նվագախմբի աշխատանքը, երգիչների վերաբերմունքը, նվիրումը:  Երիտասարդ երգիչներից շատերն առաջին անգամ են մեծ դերերգով հանդես գալու հանրության առաջ: Մեր խնդիրն այդ երիտասարդությանը վստահություն, հավատ ներշնչելն է: Իմ խորին համոզմամբ՝ երիտասարդությունը և՛ ներկան է, և՛ գալիքը. պետք  չէ վախենալ ապագայի ջահը նրանց հանձնել:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]