Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանի 5 քաղաքներում մեկնարկում են զբոսաշրջության զարգացմանը միտված խոշորածավալ ծրագրեր

Հայաստանի 5 քաղաքներում մեկնարկում են զբոսաշրջության զարգացմանը միտված 
խոշորածավալ ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքների համաչափ զարգացման սկզբունքից ելնելով՝ Հայաստանի 9 քաղաքներում մեկնարկում են խոշորածավալ ծրագրեր, որոնցից առաջին 5-ում սկիզբն արդեն տրվել է: Ջերմուկում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հեռանկարների վերաբերյալ խորհրդակցությունից հետ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: «Խոսքը շուրջ 50 միլիոն դոլարի վարկային ծրագրի մասին է, որը տրամադրվում է Ասիական զարգացման բանկի կողմից ծրագրի առաջին փուլն իրականացնելու համար: Առաջին փուլում ընդգրկված են Վանաձոր, Ջերմուկ, Դիլիջան, Ծաղկաձոր և Աշտարակ քաղաքները: Վանաձորի զարգացման համար նախատեսված է 20 միլիոն դոլար, Ջերմուկի համար՝ 10 միլիոն դոլար, Դիլիջանի համար՝ 6 միլիոն դոլար, Ծաղկաձորի համար՝ 10 միլիոն դոլար, Աշտարակի համար՝ 4 միլիոն դոլար: Աշխատանքներին մասնակցելու է նաև մասնավոր հատվածը, և մենք ակնկալում ենք, որ այդ գումարն առնվազն կկրկնապատկվի իր ծավալների մեջ և հսկայածավալ ենթակառուցվածքներ, զբոսաշրջային, հանգստյան գոտիներ և այլ գրավիչ ծրագրեր կունենանք տվյալ տարածքներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց նախարարը:

Նա հավելեց, որ ծրագիրը կունենա իր շարունակությունը: Երկրորդ փուլում կգումարվեն ևս 5 քաղաքներ, որոնց նախնական ցանկը կհրապարակվի առաջիկայում: Այդ քաղաքների մեջ պարտադիր լինելու է նաև Գյումրին: Նախարարը հայտնեց, որ վարկային ծրագիրը ուժի մեջ կմտնի 2017թ. սեպտեմբերին, երբ կհաստատվի առաջիկա ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանի կողմից՝ մայիս-հունիսին:

«Բացի այդ, հանրապետության նախագահին ներկայացվել է մեր կողմից իրականացվող մեկ նոր ծրագրի մասին: Ռուսաստանի կողմից 3 միլիոն դոլարի գրանտ է հատկացվել Հայաստանի Հանրապետությանը՝ գյուղական տուրիզմի զարգացման խնդիրները լուծելու համար, որն ընդգրկելու է շուրջ 60 գյուղական բնակավայրեր: Այս ծրագիրը միտված է գյուղական տուրիզմի աշխուժացմանը»,- ընդգծեց Դավիթ Լոքյանը:

Նախարարը մանրամասնեց, որ գյուղական տուրիզմի զարգացման վերը նշված ծրագրի շրջանակներում առաջնահերթ քայլերից մեկը լինելու է Ամասիայի տարածաշրջանում՝ Արփի լճի հարակից տարածքում, ամառային և ձմեռային տուրիզմի կենտրոն ստեղծելու գաղափարը: «Գյուղական տուրիզմի մեկ այլ կտոր վերաբերելու է Ստեփանավանի տարածաշրջանին: Մեկ այլ կտոր կարող է տեղափոխվել և իրականացվել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում: Մեկ ամիս հետո կլինի ցանկը, թե ինչ բնակավայրեր են ընդգրկվելու այդ ծրագրում: Մեզ այս խնդրում օգնում է ՄԱԿ-ի համապատասխան կառույցը, որն օգնում է ընտրել այնպիսի բնակավայրեր, որոնք ունեն գյուղական տուրիզմի զարգացման մեծ հեռանկարներ»,- հայտնեց Լոքյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Վայոց Ձորի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում զբոսաշրջության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանակարները և այդ ուղղությամբ մինչ օրս իրականացված գործողությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am