Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Օլիմպիական խաղերին ինձ հաջողվեց պատվով ներկայացնել մեր երկիրը. Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյան

Օլիմպիական խաղերին ինձ հաջողվեց պատվով ներկայացնել մեր երկիրը. Օլիմպիական 
փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ծանրամարտի դպրոցը միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել համաշխարհային սպորտում: Հիմա էլ երիտասարդ սերունդը շարունակում է ավագ սերնդի գործը՝ պատվով ներկայացնելով Հայաստանի միջազգային մի շարք մրցաշարերում, առաջնություններում և Օլիմպիական խաղերում: 2016 թվականի ընթացքում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե, աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե, Օլիմպիական խաղերի արծաթե, Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր և սա այն դեպքում, երբ նա դեռևս 19 տարեկան է: Սիմոնն անմիջական է, նվիրված ծանրամարտին իր ամբողջ էությամբ, նաև բարի է, պատրաստակամ և միշտ ժպիտը դեմքին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարտիրոսյանը խոսեց անցնող 2016-ի, Օլիմպիական խաղերի մասին:


-Սիմոն, ե՞րբ ես սկսել ծանրամարտով զբաղվել:

-Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 13 տարեկանից, սակայն մինչև ծանրամարտը ես բռնցքամարտով էի հետաքրքրված, որն այդքան էլ չէի հավանել: Հորեղբայրս՝ Անդրանիկ Մարտիրոսյանը, ծանրամարտով է մարզվել և մեր հարևանն էլ էր ծանրամարտիկ, ով առաջարկեց մարզվել այս մարզաձևով: Ես իմ հերթին հայրիկիս համոզեցի, բայց նա մի պայման դրեց իմ առջև՝ պետք է դասերս լավ սովորեի, որ թողներ մարզվեի ծանրամարտով:

-Ունե՞ս սիրելի ծանրորդ, ով քեզ համար առանձնանում է մյուսներից:

-Դե, ինձ համար ուրիշ է Կախի Կախիաշվիլին (խմբ. Օլիմպիական խաղերի եռակի հաղթող): Կարող եմ այլ անուններ էլ թվարկել, ովքեր ծանրամարտի լեգենդներն են, ինչպես օրինակ` Յուրի Վարդանյանը:

-2016 թվականի ընթացքում դու Եվրոպայի առաջնության բրոնզե, աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե, Օլիմպիական խաղերի արծաթե, Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր դարձար: Այս ամենը աշխատասիրությա՞ն, թե տաղանդ նվաճում է:

-Իմ կարծիքով` մարզիկն ի սկզբանե տաղանդի փոքր նշույլ պետք է ունենա, բայց աշխատասիրությունը պարտադիր է: Մեծ դեր են խաղում նաև մարզիչները, ովքեր մեծ ներդրում ունեն մարզիկի կայացման գործում:

-Սիմոն, դու դեռ 19 տարեկան ես և անընդմեջ ուշադրության կենտրոնում ես, միշտ խոսում են քո մասին, ինչ-որ տեղ քննադատում են: Ինչպե՞ս է քեզ հաջողվում պահպանել բարձր մակարդակդ:

-Պարզապես պետք է խոսակցությունների մեծ ուշադրություն չդարձնել: Պետք է քրտնաջան աշխատես, անընդհատ մարզվես և միշտ գնաս առաջ:

-Նորվեգիայում կայացած Եվրոպայի առաջնությունում երկամարտում գրանցեցիր 402 կգ, Օլիմպիական խաղերին երկամարտում 417 կգ էր: Արդյոք սա բավարար աճ էր քեզ համար:

-Եվրոպայի առաջնությունում կարող էի առավել լավ արդյունք ցույց տալ: Պարզապես վատ ստացվեց: Օլիմպիական խաղերին էլ ունակ էի ավելին անել: Աճս ոչ թե պետք է լիներ 402-417, այլ՝ 417 և ավելին: Կարծում եմ միայն տարիքիս և փորձիս պակասը իր խոսքն ասաց:

-Տարվա և քառամյակի ամենասպասվածը Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերն էին: Հիմա, երբ ամեն ինչ արդեն պատմության գրկում է, ի՞նչն ես ամենաշատը հիշում այդ խաղերից:  

-Ժամանակին, հենց ձեզ հետ զրույցում՝ դեռևս խաղերի մեկնարկից ամիսները առաջ, ասացի, որ ինձ համար ամենակարևորը այդ ճանապարհը պատվով անցնելն էր և հիմա ինչ-որ տեղ կարող եմ ասել, որ Օլիմպիական խաղերին հաջողվեց պատվով ներկայացնել մեր երկիրը:

-Ի՞նչ կասես մրցակիցներիդ մասին, ովքեր են նրանք և ինչպիսի՞ հակառակորդ են նրանք քեզ համար:

-Չկան անհաղթահարելի մրցակիցներ: Օլիմպիական խաղերին ուզբեկ մարզիկը մի քիչ ուժեղ էր, այս անգամ չստացվեց գերազանցել նրան, բայց միայն այս անգամ: Ընդհանրապես ես չեմ մտածում մրցակիցներիս մասին, մտածում եմ իմ և ծանրաձողի մասին:

-Ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս խոսվում, քննարկվում և քննադատվում է ՄՕԿ-ի կողմից դոպինգի վերանայվող թեստերի մասին որոշումը: Արդյո՞ք ճիշտ ես համարում 8 տարի անց կրկին ստուգումներ անցկացնելը: 

-ՄՕԿ-ն այս քայլով գուցե ուզում է ասել, որ պետք չէ այժմ նման բաներ անել, քանի որ տեսնում եք, որ այս կերպ էլ կարող ենք վարվել և հետ պահանջել ձեր մեդալները: Սխալ քայլ եմ համարում այս կերպ վարվելը, բայց հետոյի համար շատ օգտակար քայլ էր:

-Արդյո՞ք մենք նման փաստի առաջ չենք կանգնի տարիներ հետո:

-Ծանրամարտին հեռու-մոտիկ կանգնած մարդիկ ասում են, որ անհնար է նման քաշեր բարձրացնել առանց խթանիչների: Հիմա վստահաբար կասեմ, ուզում են հավատան, ուզում են՝ ոչ, Հայաստանի այս հավաքականը «մաքուր» թիմ է: Կարող ենք պարզ ճակատով գնալ մյուս Օլիմպիական խաղերին էլ:

-Սիմոն, ծանրորդները երկար ժամանակ անցկացրեցին Բրազիլիայում, ինչ տպավորություններ ստացար երկրից և մարդկանցից:

-Լավն էին բրազիլացիները: Երկիրը գեղեցիկ էր, կանաչը` շատ, օվկիանոսի մասին էլ չասած: Թեպետ ասում էին, որ Օլիմպիական խաղերը լավ կազմակերպված չէին: Համեմատած պատանեկան Օլիմպիական խաղերի հետ` ավելի շատ բացթողումներ կային: Բայց մարզիկներին չպետք է հետաքրքրի թե սենյակի պատերն ինչ գույնի են կամ մեծ թե փոքր է սենյակը:

-Օրեր առաջ Իսրայելում դարձար Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Տպավորություններով կկիսվե՞ս:

-Արդյունքներն Օլիմպիական խաղերում գրանցված արդյունքից 17 կգ ցածր էին, սակայն այս դեպքում ոչ թե արդյունքներն էին կարևոր, այլ ոսկե մեդալ նվաճելը և հայկական դրոշը բարձրացնելը:

-Եվ որտե՞ղ ես անցկացնելու Ամանորը:

-Տանը, ընտանիքիս հետ:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի և rio2016.com-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]