Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գալիք տարին նախապատրաստական տարի է լինելու ծանրամարտի կանանց թիմի համար. Արտաշես Ներսիսյան

Գալիք տարին նախապատրաստական տարի է լինելու ծանրամարտի կանանց թիմի համար. 
Արտաշես Ներսիսյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվող մարզական տարվա կարևորագույն ձեռքբերումներից մեկը ծանրամարտի կանանց հավաքականի ձեռք բերած արդյունքն էր Եվրոպայի առաջնությունում, որտեղ թիմը դարձավ Հին աշխարհի գավաթակիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն, ամփոփելով նախորդ տարին, խոսեց ձեռքբերումների, դոպինգային միջադեպի, Օլիմպիական խաղերի և հաջորդ քառամյա շրջանի մասին:

-2016 թվականն ավարտվում է, ինչպիսի՞ն էր այն կանանց ծանրամարտի համար:

-Կանանց հավաքականն այս տարի աննախադեպ ձեռքբերումներ արձանագրեց: Մենք ունեցանք երկու Եվրոպայի չեմպիոն, թիմային հաշվարկում դարձանք Եվրոպայի լավագույն թիմը: Այս ամենը պատմական նվաճում էր Հայաստանի կանանց ծանրամարտի համար: 2016 թվականին մեծ հիասթափություն ապրեցինք Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման հետ կապված: Ընդհանուր առմամբ, հաջողված տարի եմ համարում մեր հավաքականի համար:

- Եվրոպայի առաջնության ավարտից հետո հետաքրքրությունն, արդյոք ավելի չի՞  մեծացել կանանց ծանրամարտի նկատմամբ:

-Երբ աղջիկները չեմպիոններ դարձան՝ հետաքրքրությունը Հայաստանում ավելի մեծացավ, սակայն ցավալի էր Հռիփսիմեի հետ տեղի ունեցած միջադեպը: Ծանրամարտով զբաղվելու համար բերում են հիմնականում դեռահասներին, և ծնողների մոտ մտավախություն կա, որ եթե մեծահասակները նման խնդրի առաջ են կանգնում, ապա ինչ կլինի իրենց երեխաներին հետ: Բայց հիմա տեղաշարժ և հոսք կա դեպի դահլիճներ:

-Պարոն Ներսիսյան, բոլորի քննարկման, քննադատման առարկան դոպինգի հետ կապված բացահայտումներն են: Որքանո՞վ ենք մենք ապահով, որ մի քանի տարի անց նորից նույն խնդրի առաջ չենք կանգնի:

-Տարեցտարի իրադրությունը փոխվում է: Մենք երկար ժամանակ է, ինչ «մաքուր ենք»: 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերից սկսած մենք շատ «մաքուր ենք»: Բայց ի՞նչ  իմանանք, թե մի քանի օրից ինչ նոր բաներ կհնարեն: Կարող են ասել, որ այդ ժամանակ այդ օդը շնչելու իրավունք չենք ունեցել և այլն: Դեպքեր եղան, որ 5-րդ մրցանակակիրը դարձավ մեդալակիր, բայց արդյոք ստուգվո՞ւմ են բոլորը, արդյոք նրանք «մաքո՞ւր են»: Հռիփսիմեն մինչ մրցահարթակ դուրս գալը 4 անգամ ստուգվել է: Օլիմպիական խաղերի ավարտին, օլիմպիական ավանը լքելուց հետո ամեն ինչ պետք է ավարտված համարել: 4 և 8 տարի անց դոպինգ-թեստերը վերանայելն անլուրջ վերաբերմունք է:

-Ի՞նչ հեռանկար եք տեսնում Հռիփսիմեի համար:

-Իմ կարծիքով, տրամաբանական կլինի, որ այս միջադեպն այսպես էլ ավարտվի: Օլիմպիական խաղերին չմասնակցելն արդեն պատիժ է: Հիմա կարելի է նրան թույլ տալ մեկ անգամ ևս մասնակցել Խաղերին: Թող հիմա իրենց ունեցած ժամանակակից տեխնիկայով ստուգեն մարզիկներին: Հիմա 90 կգ քաշային կարգ կա, որն Հռիփսիմեի իսկական քաշային կարգն է: Նա կարող է նորից ապացուցել, որ աշխարհում լավագույններից է: 

-Հավաքականի հիմնական անդամներից է նաև Նազիկ Ավդալյանը: Ի՞նչ է սպասում նրան:

-Ես անձնապես չէի ցանկանա, որ նա հեռանար հավաքականից: Նա իրեն արդեն ցույց տվեց այս տարի: Այսքան դժվարությունների առկայության դեպքում կամային որակներով առանձնացավ: Իր պայքարը հենց սա էր, որ ապացուցեր` ավտովթարից հետո էլ հնարավոր է վերադառնալ մեծ սպորտ: Օլիմպիական խաղերում 5-րդ մրցանակակիր լինելը մեծ հաջողություն է: Եթե նա ցանկանա, ապա մենք իր կողքին կանգնած ենք, թե որոշի հեռանալ մեծ սպորտից, ապա նորից իր հետ կլինենք:

-Սկսվում է նոր քառամյա շրջան մինչև Տոկիո-2020-ը: Արդյոք սկսելո՞ւ եք աշխատանք տանել երիտասարդների հետ և ավելի շատ հնարավորություններ տալ նրանց:

-Երբ վերջնականապես որոշվեն Հռիփսիմեի և Նազիկի հետ կապված հարցերը, այդ ժամանակ կանցնենք մյուս հարցերին: 2017 թվականը նախապատրաստական տարի է լինելու: Պետք է, որ 2018 և 2019 թվականների վարկանիշային մրցաշարերում  կարողանանք բավարար միավորներ հավաքել: 

Հարցազրույցը վարեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]