Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արփինե Հովհաննիսյանի ամենասիրելի ուտեստը մայրիկի պատրաստած թփով տոլման է

Արփինե Հովհաննիսյանի ամենասիրելի ուտեստը մայրիկի պատրաստած թփով տոլման է

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի համար Ամանորն անցնող տարին ամփոփելու, կատարած աշխատանքը վերագնահատելու և հաջորդող տարում անելիքները կանխորոշելու նշանակություն ունի:  Ամանորի խորհրդի, նախատոնական թոհուբոհի, խոհանոցային անցուդարձի մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:

-Տիկին Հովհաննիսյան, ինչպիսի՞ տոն է ձեզ համար Ամանորը: Ի՞նչ  նշանակություն ունի այն:

-Շատերի նման ինձ համար ամանորն ընտանեկան տոն է, որն առաջացնում է ջերմ հիշողություններ: Ընդհանրապես, Ամանորն ինձ համար անցնող տարին ամփոփելու, անցնող տարում կատարած աշխատանքս վերագնահատելու և հաջորդող տարում անելիքներս կանխորոշելու նշանակություն ունի:

-Ինչպե՞ս եք սովորաբար նախընտրում դիմավորել Նոր տարին, ինչպիսի՞ մարդկանց շրջապատում եք տալիս տարվա մեկնարկը:

- Ամանորը նախընտրում եմ դիմավորել ընտանիքիս, հարազատներիս  և ընկերներիս շրջապատում, այսինքն` այն մարդկանց շրջապատում, ովքեր  ինձ հետ են եղել ամբողջ տարվա ընթացքում, ում հետ կիսել եմ և′ իմ հաջողությունները, և′ դժվարությունները:

-Հաշվի առնելով ձեր զբաղվածությունը, որքանո՞վ եք հասցնում մասնակցել տոնական նախապատրաստական գործընթացին: Եվ այդ գործընթացում կա՞ ինչ-որ աշխատանք, որի իրականացման պարտավորությունները դուք եք ստանձնում:

- Մեր ընտանիքում պարտավորությունների բաժանում  չկա: Յուրաքանչյուրն անում է այն, ինչ այդ պահին պետք է անել եւ կարող է անել, սակայն այս տարի զբաղվածության պատճառով իմ մասնակցությունը  նախապատրաստական աշխատանքներին  գրեթե զրոյական է:

-Ո՞րն  է ամանորյա ձեր ամենասիրելի ուտեստը: Եվ կա արդյո՞ք ուտեստ, որ Արփինե Հովհաննիսյանն է պատրաստում:

-Ամենասիրելի ուտեստը մայրիկիս պատրաստած թփով տոլման է: Ինքս գրեթե խոհանոցում չեմ լինում, խիստ հազվադեպ դեպքերում իմ նախաձեռնությամբ պատրաստում եմ որոշ կերակրատեսակներ կամ թխվածքներ:

-Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում ընտանիքի անդամներին նվերներ ընտրելիս: Սիրում եք ավելի շատ նվերներ ստանալ, թե՞ նվիրել:

-Սիրում եմ և′ նվերներ ստանալ, և′ նվիրել: Ընդհանրապես չեմ սիրում, երբ նվերները ինքնանպատակ են և ընկալվում են միայն որպես պարտականություն, դրա համար  փորձում եմ նվիրելիս  ամեն կերպ հաշվի առնել նվեր ստացողի նախասիրությունները, ցանկությունները, որպեսզի այն հնարավորինս  լինի հոգեհարազատ և օգտակար: Դա այն նախապատրաստությունն է, որի կատարումից ինձ չեմ զրկում, որքան էլ զբաղված լինեմ:

-Ո՞րն է եղել ձեզ համար ամենահիշարժան և տպավորիչ ամանորյա նվերը:

-Չեմ կարող առանձնացնել որևէ հատուկ նվեր: Ինձ համար իսկական սիրով և ջերմությամբ նվիրված ամեն նվեր հիշարժան և տպավորիչ է:

-Ամանորի գիշերն առաջինն  ինչի՞ համար եք բաժակ բարձրացնում:

-Այն հնարավորության համար, որ Աստված ընձեռել է` կրկին հարազատներով շրջապատված լինելու համար:

-Ի՞նչ եք ակնկալում 2017 թվականից, և ձեր  բարեմաղթանքը հայ ժողովրդին:

-Յուրաքանչյուր տարվա նախաշեմին ակնկալիքները, իհարկե շատ մեծ են, քանի որ յուրաքանչյուրս էլ ցանկանում ենք հավատալ, որ գալիք տարին լինելու է միայն ձեռքբերումների և հաջողությունների տարի: Իմ ամենամեծ ցանկությունը և բարեմաղթանքն այն է, որ 2017 թվականը ինչպես մեր երկրի, այնպես էլ ցանկացած ընտանիքի համար լինի ներքին և արտաքին խաղաղության, կայունության  և պարզ,  մարդկային երջանկության տարի:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]