Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախյան ազատամարտը՝ թատրոնի բեմին. «Արծվաբույն»-ը կհանձնվի հանդիսատեսի դատին

Արցախյան ազատամարտը՝ թատրոնի բեմին. «Արծվաբույն»-ը կհանձնվի հանդիսատեսի 
դատին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան ազատամարտին նվիրված «Արծվաբույն» ներկայացման պրեմիերան տեղի կունենա փետրվարի 7-ին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց բեմադրության ռեժիսոր Դավիթ Հարությունյանի հետ:

-Ինչպե՞ս ծնվեց արցախյան իրադարձությունների մասին պատմող ներկայացում բեմադրելու գաղափարը:

-Վաղուց էի ցանկանում այս թեմային անդրադառնալ, քանի որ արցախյան պատերազմի մասին պատմող բազմաթիվ ֆիլմեր կան, բայց թատրոնում այն գրեթե չի արծարծվում: Շատ արդիական է, մերօրյա կյանքն է. արցախյան պատերազմի մասնակիցներն այսօր մեր կողքին են: Հնարավոր է, որ մենք դեռ երկար խրամատներում մնանք: Ներկայացման փորձերը սկսեցինք 2015 թվականին: 2016-ի  մայիսի 16-ին պատրաստվում էինք Շուշիում այն խաղալ, սակայն ապրիլյան դեպքերը սկսվեցին, և մենք ժամանակավորապես դադարեցրինք մեր աշխատանքը: Հունվարի 28-ին՝ հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին, չհասցրինք առաջնախաղը ներկայացնել: Կարծում եմ՝  այս թեման հարատև է. այն մեր մայրերի, քույրերի, զինվորների, մեր ընտանիքների մասին է: Պետք է ոգի տալ, իմաստավորել ամեն բան, երկրպագել, խոնարհվել մայրերի, աղջիկների առաջ, որոնք զինվոր են դաստիարակում, ինչպես մեր ներկայացման հերոսուհիները:

-Կխոսե՞ք ներկայացման դիպաշարի մասին:

-Իրադարձությունների մեծ մասը տեղի է ունենում կիսավեր գյուղում, որտեղ արցախցի մի կին է ապրում, որն ասես մայր է դարձել բոլոր զինվորների համար: Կան հետաքրքիր կերպարներ՝ լրագրող աղջիկը, որը մարտի դաշտում է հայտնվում, վիրավոր Կամոն, ով, չնայած վնասված ոտքերին, ցանկանում է կանգնել ընկերների կողքին: Բեմադրության մեջ արտացոլված են պարզ մարդկային հարաբերություններ: Այն կարողանում է որոշակիորեն ներկայացնել մեր 25 տարվա հոգսերն ու աղերսները:

-Ներկայացումը բեմադրվել է արձակագիր, բանաստեղծ Հրաչ Բեգլարյանի պիեսի հիման վրա: Պիեսը որոշակի փոփոխությունների ենթարկվե՞լ է:

-Խմբագրել ենք այն: Շատ պատասխանատու թեմա ենք վերցրել և չենք ցանկանում որևէ բան անտեսել: Անում ենք ամեն ինչ, որ նյութը ճշմարտացի լինի: Հրաչ Բեգլարյանը պիեսում ընդգրկել է պատմություններ, որոնք իրական են, և մենք փորձել ենք հավուր պատշաճի ներկայացնել այդ ամենը: Զգեստների հեղինակ Սեդրակ Վելիկոդնու, կոմպոզիտոր Արման Էլբերտի հետ փաստավավերագրական նյութեր ենք ուսումնասիրել համապատասխան միջավայր, երանգավորում ստանալու նպատակով:

 -Ի՞նչ սկզբունքով եք արտիստների ընտրությունը կատարել:

 -Ներկայացման մեջ 13 դերասան է ընդգրկված: Գլխավոր դերերում են Ջուլիետա Ստեփանյանը, Մարիամ Դավթյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Անդրանիկ Զաքարյանը, սակայն նյութն այնպես է կառուցված, որ ոչ մի դերասան իրեն երկրորդական դերում չի զգում: Ընտրություն կատարելիս բնականաբար հաշվի ենք առել դերասանների հնարավորությունները: Բոլոր հերոսներն էլ հետաքրքիր են ու յուրահատուկ: Ներկայացումը զուրկ է պաթոսից, քանի որ մեր զինվորները հասարակ են, պարզ, ազնիվ մղումներով:

-Ձախողումներից վախենու՞մ եք:

-Իհարկե վախենում եմ: Վախենում եմ բոլոր այն մարդկանցից, որոնք անցել են պատերազմի միջով:  Նրանց մոտ հիշողությունները դեռ թարմ են, չսպիացող վերքեր կան: Վախենում եմ վիրավորել այդ մարդկանց զգացմունքները: Շատ եմ ցանկանում, որ բեմում ամեն բան մաքսիմալ լավ և անսխալ ընթանա: Ամեն մի նոր ներկայացում  էքսպերիմենտ է. ամենակարևոր խոսքը հանդիսատեսինն է:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]