1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիական 20-25 ընկերությունների կներկայացվի Հայաստանի ներդրումային գրավչությունը. մեկնարկում է գործարար համաժողով

Ֆրանսիական 20-25 ընկերությունների կներկայացվի Հայաստանի ներդրումային 
գրավչությունը. մեկնարկում է գործարար համաժողով

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական կապիտալը Հայաստան բերելու նպատակով փետրվարի 21-ից Ֆրանսիայի մի քանի քաղաքում անցկացվելու է գործարար համաժողով, որը լինելու է թիրախավորված հանդիպում ներդրողների հետ: Համաժողովին մասնակցելու են սննդի, գինեգործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեքստիլ արդյունաբերության, տրանսպորտի, ինչպես նաև դեղագործության ոլորտների 20-25 ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներ: Այն տեղի է ունենալու «Business France»-ի համագործակցությամբ և նրա ֆինանսավորմամբ: Գործարար համաժողովի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար «Արմենպրես»-ը զրուցեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանի հետ:  

-Արդեն հստակեցվե՞լ է, թե Ֆրանսիայում անցկացվելիք գործարար համաժողովը ի՞նչ ժամկետներում է տեղի ունենալու։

-Միջոցառումների շարքը սկսվելու փետրվարի 21-ից և տևելու է մինչև փետրվարի 28-ը: Սկզբի երեք օրը լինելու ենք Փարիզում, փետրվարի 23-ին տեղի է ունենալու համաժողով «Business France»-ի տարածքում, որտեղ հանդիպելու ենք ընկերությունների, որոնց պետք է ներկայացնենք Հայաստանի բիզնես գրավչությունը և պատասխանենք նրանց հարցերին: Հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին նաև պետք է լինենք Լիոնում , որտեղ կհանդիպենք գործարար միության անդամների և քաղաքապետի գրասենյակի հետ: Լիոնում հատկապես կարևորում ենք գյուղատնտեսական ճյուղի վերաբերյալ հանդիպումները: Այնուհետև կիրակի օրը կգնանք Մարսել, իսկ երկուշաբթի և երեքշաբթի այնտեղ հանդիպումներ կանցկացնենք: Նախատեսված է հանդիպում հայ-ֆրանսիական առևտրային պալատի ներկայացուցիչների, ինչպես նաև սփյուռքահայ գործարարների հետ: Իսկ երեքշաբթի օրը կհանդիպենք Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանի հետ:

-Միջոցառման կազմակերպման գործում ի՞նչ դերակատարում ունի «Business France»-ը։

«Business France»-ի հետ մենք համագործակցում ենք Եվրոպական միության մի ծրագրի շրջանակներում, ըստ որի՝ նախատեսված է, որ ԵՄ պետական մի ընկերություն աջակցում է մեկ այլ երկրի պետական ընկերության, որն այս պարագայում Հայաստանի զարգացման հիմնադրամն ու «Business France»-ն են, որոնք երկուսն էլ զբաղվում են արտահանման և ներդրումների խթանմամբ: «Business France»-ը շուրջ 18 ամսից ավելի աջակցում է, որպեսզի ներդրումներ ներգրավվելու և արտահանումն ավելացնելու իրենց փորձը փոխանցեն մեզ, որի համար բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել: Ֆրանսիայում կայանալիք գործարար համաժողովի շրջանակներում նրանց դերակատարությունը մեծ է` նրանք մեզ նախ և առաջ օգնում են կազմակերպչական և ֆինանսական հարցերում: Ինչպես նաև իրենց կապերի միջոցով օգնում են, որպեսզի մենք կարողանանք հանդիպումներ ունենալ ֆրանսիացի ընկերությունների և գործարարների հետ: Սակայն հետաքրքրական է նաև այն, որ 18 ամիսների ընթացքում նրանք կարողացել են մարզել մեր թիմին, որի արդյունքում մենք ինքնուրույն կարողանում ենք որոշակի կապեր սահմանել ընկերությունների հետ:

-Ինչո՞ւ է ընտրվել հենց Ֆրանսիան, միջոցառումը միայն ֆրանսիացի գործարարներին ու ներդրողներին է ուղղված, թե՞ մասնակիցների առավել լայն շրջանակ է ներառելու։

-Այս պահին թիրախավորված է Ֆրանսիան, ֆրանսիական ընկերությունները, ինչպես նաև այնտեղի սփյուռքահայ գործարարները: Բացի այդ, կան ֆրանսիական ընկերություններ, որոնք միջազգային շուկաներում հաջողություններ ունեն: Մենք կարծում ենք, որ բավականին մեծ պոտենցիալ կա ֆրանսիական ներդրումների ներգրավման համար` տարբեր բնագավառներում: Կարծում ենք, որ ֆրանսիական ընկերությունները կցանկանան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն սահմանել Հայաստանի հետ: Նաև ֆրանսիական գյուղատնտեսական ոլորտն է զարգացած և տեսնում ենք, որ այդ ոլորտում նրանք տարածաշրջանում ներդրումներ են կատարում, ինչի հետևանքով ցանկանում ենք նրանց խրախուսել Հայաստանում ևս ներդրումներ իրականացնելու համար:

-Համաժողովի մասնակիցներին ներկայացվելու են ներդրումային նախագծե՞ր, թե՞ պարզապես Հայաստանի ներդրումային միջավայրը, տնտեսության վիճակն ու օրենսդրությունը։

-Մենք ունենք բավականին ծավալուն փաթեթ, որը կներկայացնի Հայաստանի տնտեսական միջավայրը, ինչպես նաև այլ ոլորտների վերաբերյալ համառոտ պատկերը: Թիրախային հանդիպումների ժամանակ մենք խոսելու ենք ոլորտային առավելությունների մասին: Մենք ուսումնասիրել ենք ֆրանսիական ընկերությունների բիզնեսը և նրանց համար Հայաստանում պոտենցիալ գործընկերներ ենք գտել, որոնց գործունեությունը և հաջողությունները կներկայացնենք ֆրանսիական ընկերություններին, որպեսզի նրանք նույնպես հետաքրքրվեն և ուսումնասիրություններ կարողանան կատարել: 

-Ինչպես վկայում է վիճակագրությունը, Հայաստան-Ֆրանսիա առևտրատնտեսական կապերը ոչ այնքան բարձր մակարդակի վրա են, ինչո՞վ է դա պայմանավորված և ի՞նչ կփոխի այս համաժողովը։

-Կարծում եմ, որ մեր ցանկացած գործընկեր երկրի հետ մենք կարող ենք շատ ավելին անել, քան անում ենք: Հայաստանը կարող է հանդիսանալ հարթակ Եվրոպական երկրների ընկերությունների՝ Իրան և Եվրասիական միություն մտնելու համար: Կարծում ենք ճիշտ ներկայացման միջոցով կապահովվենք այդ հարթակի դերակատարությունը: Արդեն կան իտալական, եգիպտական և գերմանական ընկերություններ, որոնց մենք աջակցել ենք, և նրանք ցանկություն են հայտնել Հայաստանում մի քանի միլիոն դոլարի ներդրումներ իրականացնել, որպեսզի կարողանան Եվրասիական և Իրանի շուկա մտնել: Բացի այն, որ Հայաստանն այդ հարթակը համարվելու համար ունի աշխարհագրական դիրք, նաև ունի բարենպաստ բիզնես միջավայր, ապահովություն, որակյալ աշխատուժ, ինչը եվրոպական երկրները տեսնում են որպես իրական արժեք: Պարզապես կա իրազեկման պակաս, որը մենք պետք է լրացնենք: Հատկանշական է նաև, որ Ֆրանսիայում հայկական դեսպանատունը նույնպես տնտեսական զարգացման ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում:

-Հատկապես ո՞ր ճյուղերում իր առաջարկներով կարող է Հայաստանը գրավիչ լինել ֆրանսիացի գործարարների համար։

-Առաջինը գյուղատնտեսությունն է, որտեղ Հայաստանն ունի բազմաթիվ առավելություններ: Հայաստանի բնակլիմայական պայմանների, ջրի, հողի, արևի շնորհիվ ստացվում են բարձր որակի մթերքներ: Մյուս ճյուղը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, որտեղ առավելությունը բանիմաց, ստեղծագործ և որակյալ աշխատուժն է: Կարող եմ ասել, որ Հայաստանը ՏՏ ոլորտում հասել է մի մակարդակի, որտեղ դրսի ընկերություններն  արժևորում են նորարարությունները: Հայաստանը դարձել է ինովացիոն կենտրոն, իսկ ֆրանսիական ընկերություններն այդքան էլ ակտիվ չեն եղել և կարծում ենք, որ նրանք կարիք ունեն մեզ հետ համագործակցելու:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս համաժողովից, մասնավորապես, ի՞նչ արժեքի ներդրումներ ներգրավելու հնարավորություններ կան։

-Ես խուսափում եմ թվեր ներկայացնելուց, քանի որ սա գործընթաց է, և մենք թիրախավորում ենք այն ընկերությունները, որոնց համար Հայաստանը կարող է հետաքրքիր լինել, բայց այդ սկզբնական քայլի ընթացքում թվերի մասին խոսելն այդքան էլ իրատեսական չէ: Նախ` մենք պետք է հասկանանք ֆրանսիական կողմի հետաքրքրվածությունը, որից հետո կսկսենք խոսել ոլորտների մասին: Դրանց հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելուց հետո կարելի խոսել կոնկրետ ներդրումների մասին, ինչից հետո էլ միայն կարելի է խոսել թվերի մասին: Երբեմն համաժողովների հենց հաջորդ օրը սպասում ենք, որ պայմանագրեր պիտի լինեն: Սակայն չէի ասի, որ դա հիմնական սպասված արդյունքը պետք է լինի: Սպասված արդյունքը կարելի է տեսնել առնվազն 6-12 ամիս հետո: Այդ դեպքում երբ նկատելի կլինի շարժը և հստակ ծրագրեր ներկայացված կլինեն, կարելի կլինի խոսել թվերի մասին:

-Հայաստանի զարգացման հիմնադրամն այդ համաժողովից հետո ի՞նչպես է պատրաստվում գործարարի ձեռքը բռնած ուղեկցել հետագա աշխատանքի ընթացքում:

-Ասեմ, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի ստեղծման օրվանից մենք այդ գործընթացն իրականացնում ենք և վերջին 9 ամիսներին ընթացքում այն ավելի է ակտիվացել: Երբ ներդրողներն արդեն կան և ցանկանում են գործունեություն սկսել Հայաստանում, մենք կիրառում ենք «մեկ պատուհանի» սկզբունքը: Մենք նրանց աջակցություն ենք տրամադրում տարբեր ուղղություններով: Սկզբնական շրջանում տրամադրում ենք տեղեկություններ ընդհանուր Հայաստանի մասին: Երբ ներդրողը հետաքրքրված է կոնկրետ ոլորտով մենք տեղեկատվություն ենք տրամադրում այդ ոլորտի մասին և կապի մեջ ենք դնում համապատասխան նախարարության կամ տարբեր կազմակերպությունների հետ: Ինֆորմացիա ենք տրամադրում նոր օրենքների, հարկերի, բիզնես միջավայրի, գործընկերների վերաբերյալ: Նույնիսկ կազմակերպում ենք այցելություններ դեպի Հայաստան, որտեղ կազմակերպում ենք հանդիպումներ տարբեր շահագրգիռ մարմինների հետ, ծանոթացնում ենք նաև անշարժ գույքի շուկային, ինչպես նաև նրանց փորձում ենք ներկայացնել Հայաստանի ոչ տնտեսական միջավայրը` բնությունը, գեղատեսիլ վայրերը, հյուրասիրությունը, մշակույթային կյանքը, որը ցույց է տալիս ներդրողին, թե որքան հաճելի և ապահով է մեր երկիրը:

-Համաժողովի միջոցով հետաքրքրություն ներկայացրած գործարարներին կհատկացվեն արդյոք ինչ-որ արտոնություններ:

-Մենք ունենք հարկային արտոնություններ, որոնք բոլոր ներդրողներին են վերաբերվում: Բնականաբար, բոլոր այն արտոնությունները, որոնք կան տեղացի տնտեսավարողների համար, գործում են նաև օտարերկրացիների համար:

Հարցազրույցը՝ Վահե Հակոբյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]