Երևանյան բեսթսելեր 4/49. «Չգտնված երիցուկներ» գիրքը ամենավաճառվածն է
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է լուսանկարիչ Էդգար Հարությունյանի նոր գիրքը: «Չգտնված երիցուկներ»-ը հեղինակի երկրորդ գիրքն է, որը մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են հենց բուն սիրային հարաբերություններից:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և այս շաբաթ երկրորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։
Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը բարելավել է իր դիրքերը և երրորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:
Չորրորդ հորիզոնականում լուսանկարիչ Էդգար Հարությունյանի առաջին՝«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն է: Այն արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի լքում մեր ցանկը:
Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և հինգերորդ տեղը զբաղեցրել Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:
Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը վեցերորդն է: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Ցանկ է վերադարձել բրազիլացի գրող Պաուլու Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Այն յոթերորդ հորիզոնականում է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը մի քանի հորիզոնականով զիջել է իր դիրքերը և ութերորդն է: Գրքում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:
Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը վարկանիշային աղյուսակում է և իններորդն է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին:
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է երիտասարդ և խոստումնալից գրող Էդգար Կոստանդյանի «Կուկու» վեպը: Գրքի կենտրոնական հերոսներից մեկը զինվորական է:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):
Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | Նոր |
Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» |
Անտարես | 268 | |
2 | -1 |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ պրինտ | 107 | |
3 | +1 |
Ջոն Բոյն «Զոլավոր գիշերանոցով տղան» |
DirectMEDIA | 85 | |
4 | -2 |
Էդգար Հարությունյան «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 79 | |
5 | * |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 71 | |
6 | -1 |
Սպենսեր Ջոնսոն «Ու՞ր է իմ պանիրը» |
Էդիթ պրինտ | 40 | |
7 | * |
Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» |
Անտարես | 34 | |
8 | -5 |
Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ» |
Բուկինիստ | 33 | |
9 | * |
Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451» |
Զանգակ | 33 | |
10 | Նոր |
Էդգար Կոստանդյան «Կուկու» |
Վարդ Հրատ | 31 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում