Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պոլսո պատրիարքական աթոռի շուրջ քննարկումները Մայր Աթոռում տևել են մինչև կեսգիշեր. «Ժամանակ»-ը մանրամասներ է հաղորդում

Պոլսո պատրիարքական աթոռի շուրջ քննարկումները Մայր Աթոռում տևել են մինչև 
կեսգիշեր. «Ժամանակ»-ը մանրամասներ է հաղորդում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ համայնքի ու ազգային-եկեղեցական շրջանակների ուշադրությունն արդեն երկու օր է` սևեռված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվող քննարկումների վրա, որոնք ընթանում են Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի, Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի և Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի միջև:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը նոր մանրամասներ է հաղորդում ընթացող քննարկումներից, որոնք բովանդակության մասին տեղեկությունները չափազանց սակավ են: Փետրվարի 23-ին առանձնազրույց են ունեցել Վեհափառ Հայրապետն ու Աթեշյանը: Ավելի վաղ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպումներ էր ունեցել նաև մյուս սրբազանների հետ:

«Մայր Տաճարի Սրբոց Վարդանանց տոնակատարություններից հետո մայրավանքի համալիրի Հին վեհարանի տանիքի տակ Վեհափառ Հայրապետն ու երեք սրբազանները ձեռնարկել են քննարկումներ: Նորին Սրբությունը չի մասնակցել իր անվանակոչության տոնի առթիվ մայրավանքի միաբանական սեղանատան ճաշին: Շուրջ երեք ու կես ժամ են ընթացել առաջին փուլի քննարկումները»,- հայտնում է օրաթերթը:

Հետմիջօրեին Վեհափառ Հայրապետը Գևորգյան ճեմարանում նախագահել է Սրբոց Վարդանանց տոնին կազմակերպված միջոցառմանը, որին ներկա են եղել նաև երեք սրբազանները: Ավելի ուշ նրանք վերադարձել են քննարկումների: «Օրվա ծանր աշխատանքն ավարտին է հասել գրեթե կեսգիշերին»,- գրում է «Ժամանակ»-ը` հայտնելով, որ փետրվարի 24-ի առավոտյան ժամերին կողմերի միջև քննարկումները շարունակվել են:

Օրաթերթի տվյալներով` սպասվում է, որ Մայր Աթոռը քննարկումների արդյունքներով փետրվարի 24-ին պաշտոնական հայտարարություն կհրապարակի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]