Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը կներկայանա որպես տարածաշրջանային շուկան կամրջող երկիր. «fDi Magazine»-ի անդրադարձը

Հայաստանը կներկայանա որպես տարածաշրջանային շուկան կամրջող երկիր. «fDi 
Magazine»-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը հարցազրույց է տվել “Financial Times” խմբի “fDi Magazine” պարբերականին՝ խոսելով Հայաստանի տնտեսական առավելությունների մասին։ “fDi Magazine”-ն օտարերկրյա ուղղակի ներդրումների և գլոբալ ներդրումային ակտիվության վերաբերյալ թարմացված հրապարակումներով առաջատար ամսագիր է։

«2017 թվականին մենք նախատեսել ենք Հայաստանի առավելությունները գլոբալ ներդրողների համայնքին ներկայացնելու մի շարք միջոցառումներ՝ շեշտադրելով տարածաշրջանային շուկայում մեր կամրջող դերը»,- գլխավոր խմբագիր Քորթնի Ֆինգարի հետ հարցազրույցում ասել է նա։ Մկրտիչեանը խոսել է ներդրողների աջակցման «մեկ կանգառ» ծառայության մասին՝ մեծապես կարևորելով Հայաստանով հետաքրքրված պոտենցիալ ներդրողների համար առաջին ձեռքից անհրաժեշտ տեղեկատվության ստացումը։ «Մենք նաև շարունակում ենք արտահանման խթանման մեր ծրագրերը՝ աջակցելով արտադրողներին մասնակցել միջազգային ցուցահանդեսների ու տոնավաճառների, կյանքի կոչելով նաև հայկական արտադրանքի ամենախոշոր ցուցահանդեսը՝ «Made in Armenia»-ն»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրենը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, Կարէն Մկրտիչեանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում ներդրումների ներգրավման միջոցառումներ կկայանան Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լիբանանում, Կանադայում և ԱՄՆ-ում։

Այս ամենից անմասն չի մնա նաև հայկական սփյուռքը, որն, ըստ Մկրտիչեանի, Հայաստանի տնտեսության մեջ ներկայում իրականացնում է ոչ միայն ֆինանսական ներդրումներ, այլ նաև աջակցում իր տեխնիկական know how-ներով, գլոբալ կապերով և համաշխարհային շուկային ուղղակի հասանելիությամբ։ «Հիմնադրամը 2017-ին ձեռնարկելու է իրազեկման միջոցառումներ սփյուռքի տարբեր համայնքներում՝ հետագայում նրանց կողմից Հայաստանում ներդրումներ ներգրավելու նպատակով»,-ասել է նա։ Մկրտիչեանը հայտնել է, որ այս տարվա վերջին` հագուստի արտադրությամբ զբաղվող սփյուռքահայերի շրջանում կկազմակերպվի համաժողով, քննարկելու ոլորտի զարգացման հեռանկարները Հայաստանում և փնտրելու օպտիմալ ճանապարհ համատեղ ջանքերով գլոբալ ասպարեզում մրցունակ տեքստիլ արտադրություն հիմնելու համար։

Պատասխանելով հարցին, թե ինչպես կարելի է փոքր շուկան վերափոխել առավելության՝ Կարէն Մկրտիչեանն ասել է. «Հայաստանի աշխարհագրական դիրքը և առևտրային կապերը մի շարք տարածաշրջանային տնտեսական բլոկների հետ մեր երկիրը դարձնում են գրավիչ կամուրջ դեպի խոշոր շուկաներ։ Եվրասիական տնտեսական միությանը մեր լիակատար անդամակցությունը, ցամաքային սահմանը Իրանի հետ և Եվրամիության հետ GSP+ առևտրային արտոնյալ ռեժիմը թույլ են տալիս Հայաստանում տեղակայված ընկերություններին ունենալ ազատ մուտք այդ շուկաներ»,-ասել է նա։ Բացի այդ՝ ունենալով փոքր շուկա, Հայաստանն առաջարկում է ազատական և բաց տնտեսություն, իսկ մեծ շուկա չլինելու փաստը փոխհատուցում՝ ներդրողներին արտոնություններ տրամադրելով։

Ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժին և այդ ճյուղում օտարերկյա ներդրումների ներգրավմանը, ապա Կարէն Մկրտիչեանը նկատել է, որ ՀՀ կառավարության զարգացման ծրագրում զբոսաշրջության ոլորտը տնտեսության առանցքային շարժիչ ուժերից է։ ՀԶՀ տնօրենը նշել է, որ Հայաստանն աշխատանք է տանում ինչպես միջազգային ֆինանսական ինստիտուտների, այնպես էլ օտարերկրյա ներդրողների հետ մի դեպքում` զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մյուս դեպքում՝ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]