Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Արցախի սահմանադրական հանրաքվե 

Արցախի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն ընդունված է համարում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին կողմ է քվեարկել 69 հազար 540 քաղաքացի՝ ընտրողների 87,6 տոկոսը, դեմ՝ 7 հազար 686:

Ստեփանակերտի 3/3 ընտրատեղամասում փետրվարի 20-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվերակությանը մասնակցեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: «Այսօր մեր ազգային ազատագրական շարժման և պետականության վերակերտման սկիզբն է։ Սա քայլ առաջ է մեր պետականաշինության գործում»,- ասաց Բակո Սահակյանը։

Արցախի Հանրապետությունը պետք է և կարող է ունենալ անկախություն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեցին դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամներ Վլադիմիր Եվսենը, Վալերի Կորովինը և Ալեքսանդր Սկակովը: «Հանրաքվեի ժամանակ մենք խախտումներ չենք նկատել: Արցախի ժողովրդի իրավագիտակցության մակարդակը բավականին բարձր է, և այստեղ մենք տեսել ենք կայացած ժողովրդավարական երկիր»,- ասաց պատվիրակության անդամ, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը և հավելեց, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ապրիլին, այլևս չեն կրկնվի: Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամները նաև նշեցին, որ Արցախի ճանաչված չլինելը ոչինչ չի նշանակում. պատմությունը ջնջել հնարավոր չէ:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) միջազգային կազմակերպությունը հրապարակել է միջանկյալ եզրակացություն Լեռնային Ղարաբաղում/ Արցախի Հանրապետությունում կայացած նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի առնչությամբ։ Նշվել է, որ փետրվարի 20-ին տեղի ունեցած հանրաքվեն նախատեսում է անցում ուժեղ նախագահական համակարգին, ինչպես նաև անվանափոխություն․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»-ից՝ վերանվանելով «Արցախի Հանրապետություն»։ «Մեր դիտարկումների արդյունքում՝ կարող ենք փաստել, որ հանրաքվեն լավ կազմակերպված էր և այն քաղաքացիների կողմից համարվում էր անհրաժեշտություն՝ Ադրբեջանի կողմից աճող ռազմական վտանգի պայմաններում՝ հատկապես 2016-ի ապրիլին տեղի ունեցած դեպքերից հետո»,-ամփոփել է EuFoA գործող նախագահ Մայքլ Քեմբեքը։  

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանադրական հանրաքվեի ընթացքին հետևող օտարերկրյա դիտորդները կներառվեն Ադրբեջանի «սև ցուցակ»-ում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Շատ մտահոգիչ է, որ Ադրբեջանի իշխանությունները սկսել են քրեական հետապնդումներ Եվրախորհրդարանի այն պատգամավորների նկատմամբ, ովքեր մասնակցում էին Լեռնային Ղարաբաղում անցկացված Սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդներ:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրախորհրդարանի շվեդ պատգամավոր Սորայա Փոստը։ «Մենք միանշանակ հանգամանալի քննարկում կունենանք Եվրախորհդարանում այն մասին, թե ինչպես այս ամենին ընթացք տանք: Սա այսպես չի մնա»,-շեշտեց ԵԽ պատգամավորը:

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է, որ ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոհարուսը և Յարոմիր Շտետինան Ինտերպոլի հաշվառումներով չեն անցնում և միջազգային հետախուզման մեջ չեն գտնվում: Հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերով ուղղակիորեն նախատեսված է էթնիկ պատկանելիության կամ քաղաքական հայացքների համար անձին հետապնդելու համար հանձնելու անթույլատրելիությունը: Նույն հիմքերով բացառվում է նաև անձանց միջազգային հետախուզումը։

Ղարաբաղյան հակամարտություն 

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Նա նշել է, որ հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա երբեք տեղի չի ունենալու միակողմանի զիջումների արդյունքում: ՀՀ նախագահն ընդգծել է, որ հայկական կողմը հստակ է գնահատում իրավիճակը և Ադրբեջանից չի ակնկալում միակողմանի զիջումներ: «Նույնը պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցի այս պարզ, ավելի ճիշտ՝ շատ պարզունակ հանգամանքը: Ուստի, մենք ջանք ու եռանդ չենք խնայելու ուժերի հավասարակշռության պահպանման համար: Մենք Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու կարիքը չունենք: Թո՛ղ Ադրբեջանը մրցակցի իր իսկ հավակնությունների հետ: Սակայն մենք վստահաբար շարունակելու ենք այնպիսի կարողությունների ձևավորումը, որոնք կապահովեն պաշտպանության արդյունավետ կազմակերպում, ինչպես նաև՝ հակառակորդի հնարավոր ագրեսիային շեշտակիորեն ազդելու կարողություն»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և, կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ղարաբաղյան շփման գծում փետրվարի 25-ին տեղի ունեցող դեպքերի առնչությամբ` հայտնելով կորուստների մասին: ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որի մեջ, մասնավորապես, ասվում է. «Փետրվարի 25-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե իբր արցախյան ուժերն իրենց դիրքերը բարելավելու նպատակով անցել են հարձակողական գործողությունների՝ չմոռանալով հիշատակել նաև, որ «պաշտպանողական մարտերի» ժամանակ ադրբեջանական զինուժն ունի կորուստներ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշյալը իրականության հետ որևէ աղերս չունի: Ավելին՝ այստեղ առաջանում է մի շատ պարզ հարց, որի պատասխանը թողնում ենք ադրբեջանական քարոզիչներին, այն է՝ ի՞նչպես կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում»։

ՀՀ ԱԳ նախարարությունը Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին:

Ադրբեջանական կողմը Բաղանիս համայնքի մոտակայքում Հայաստանի պետական սահմանին գտնվող հայկական դիրքերի թիկունքի արոտավայրերի ուղղությամբ կրակոցներ է արձակել:  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կրակոցների արդյունքում երկու կով է սատկել: «Դիրքերը չեն տուժել»,-ասաց նա:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է տեսանյութ, որն ապացուցում է Արցախի Հանրապետության հետ շփման գծում Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին սրացումներն Ադրբեջանի ակտիվացած պատերազմական հռետորաբանության տրամաբանական շարունակությունն են: Սակայն ինչպես հռետորաբանությունը, այնպես էլ ռազմական արկածախնդրությունը չհասան իրենց բուն նպատակին: Այս մասին նշեց պատմաբան, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: «Բացահայտ ռազմական սադրանքներն անպատիժ չեն մնում, և հարկ է, որ միջազգային հանրությունը խիստ հասցեական արձագանքի ժամանակակից աշխարհի իրողություններին ոչ վայել այդ գործելաոճին: Միջազգային հանրությունն արդեն ամեն ինչ շատ լավ հասկանում է, և համոզված ենք, որ այս անգամ վերաբերմունքը չպետք է նախկինի պես նույնքան խնայող լինի»,- ընդգծեց Արամ Անանյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել փետրվարի 25-ին Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծում ադրբեջանական կողմի ձեռնարկած հարձակման փորձի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Բաքուն միտումնավոր սրում է իրավիճակը, դիմում նոր սադրանքների։ Կրկին միջազգային հանրության, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սթափեցնելու, իրականության դաշտ բերելու խիստ անհրաժեշտության վրա»։ 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը փետրվարի 25-ի գիշերը ադրբեջանական կողմի հարցակման փորձի նոր ապացույցներ է հրապարակել: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ներկայացրել է գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն:

Հայաստան և աշխարհ 

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով պաշտոնական այց է կատարել Վրաստան: Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Նրանք ընդգծել են, որ Խաղաղության պահպանումն առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրների համար։ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանի  գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համաձայնության Է եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի շուրջ: Այդ մասին նա հայտնել Է լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում: «Եթե ձեզ հետաքրքրում Է՝ լինելու Է արդյոք Լարսի այլընտրանքը, ապա կարող եմ ձեզ հավաստիացնել, որ, այո՛, լինելու Է: Մնացածի մասին՝ հետո, առայժմ չեմ բացում փակագծերը: Մենք համաձայնության ենք եկել ինչպես Լարսի, այնպես Էլ Էներգետիկական միջանցքի շուրջ»,-ասել Է Կարապետյանը: ՀՀ վարչապետն իր այցը գնահատել Է արդյունավետ, ջերմ ու կառուցողական, նշելով, որ ամբողջությամբ կատարել Է այն ծրագիրը, որով ժամանել Է Վրաստան: 

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ-ի Ընդունելությունների տանը բացել են արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսը՝ նվիրված երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցին հաջորդել են պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված բանակցությունները:

 «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է «Իսկանդեր»-ների կիրառման պայմանները: «Ամեն դեպքում, մենք այն դիտարկում ենք որպես զենք՝ երաշխավորված հարվածի համար, եթե նման անհրաժեշտություն լինի: Դա, առաջին հերթին, զսպող զենք է: Ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել նման մոտեցումների դիտարկում, բայց սկզբունքորեն, իր գաղափարախոսությամբ, հնարավորություններով այդ զենքն այնպիսին է, որը պետք է յուրաքանչյուր տաք գլուխ սառեցնի որոշումների ընդունման ժամանակ»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարը: Նա հավելել է Ռուսաստանի ռազմատեխնիկական ներուժի այն դինամիկան, առաջընթացը, որը նկատվում է վերջին տարիներին, խորը հարգանք է առաջացնում և ցանկություն՝ զարգացնել համագործակցությունը: «Մենք կշարունակենք ռուսական կողմի հետ երկխոսությունը ռուսական շուկայից նոր սպառազինություն ձեռք բերելու հնարավորության շուրջ»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարը:     

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը «ԷԿՐԱ» և «ԷԿՐԱ Կովկաս» ԳԱԿ ՍՊԸ-ների հետ համագործակցության հուշագիր է կնքել, որի համաձայն՝ Հայաստանում ռելեական պաշտպանության սարքավորումների արտադրություն կստեղծվի։ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կադաստրի մարմինների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ գյուղատնտեսության նախարարաւոթյան  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության պետ Զուրաբ Չեկուրաշվիլին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում համագործակցության վերաբերյալ: ՀՀ առողջապահության նախարարության և ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) միջև ստորագրվել է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հուշագիր։

Why Armenia? հարցման արդյունքների համաձայն` Երևանը որպես ապահով քաղաք գերազանցում է Բեռլինին, Լոնդոնին, Մոսկվային և Լոս Անջելեսին։

Ներհայաստանյան զարգացումներ 

2016 թվականի երրորդ եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է 97.4 տոկոս:  Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվարին 6,5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 

Հանրապետության Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: ՀՀ նախագահն ընդգծել է. «Առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել, որ լիովին համոզված եմ Հայաստանի քաղաքական համակարգի կայունության մեջ: Որքան էլ սուր քննարկումներ տեղի ունենան, դրանք չեն խաթարելու մեր հանրային անդորրը: Նման սուր քննարկումներն ու բանավեճերը գալու են վկայելու մեր ուժը՝ Հայաստանի հասարակության ինքնակազմակերպման բարձր աստիճանը և որակը»։  

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «Հայկյան» մրցանակաբաշխությամբ ամփոփեց տարվա  երիտասարդական աշխատանքներն ու միջոցառումները: «Հայկյան» մրցանակաբաշխությունը իրականացվել է 10 անվանակարգերում: Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողներ արժանացան «Հայկյան» հատուկ մրցանակի: Մի խումբ զինծառայողներ «Հայկյան» մրցանակի արժանացան հետմահու: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկյան» մրցանակաբաշխությանը։ Այն այս անգամ նվիրվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին։ Մրցանակաբաշխության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, կարևորել ավանդական դարձած այս նախաձեռնությունը և մաղթել հետագա հաջողություններ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ, ինչպես բազմիցս ենք նշել, մեր երկիրը մենք պաշտպանում ենք բոլորս միասին՝ շինարարն ու բժիշկը, մանկավարժն ու բարերարը, հեռավոր գյուղի բնակիչն ու սփյուռքահայ դպրոցականը: Ապրիլյան քառօրյա պատերազմը կրկին ապացուցեց այդ անհերքելի ճշմարտությունը: Հայրենիքը երախտապարտ է իր նվիրյալներին»:

ՀՀԿ-ն ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավին հանդես կգա «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համամասնական և տարածքային ցուցակները: ՀՀ ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանն տեղեկացրեց, որ որպես թեկնածու գրանցվել է 1531 քաղաքացի: Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին  մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ։

 «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդրանիկ համաժողովին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց իրենց դաշինքին միացած կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և այլ ուժերի ցանկը։

ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության միջև կնքվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հաղորդակցության և նովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագիրը: Փաստաթղթի համաձայն` պետական և մասնավոր հատվածի գործընկերության միջոցով թիրախային շուկաներում կստեղծվեն ներկայացուցչություններ։ Նախատեսվում է 15 երկրներում ներկայացուցչական գրասենյականեր ունենալ։ 

Իրականացված օպտիմալացման ծրագրերի շրջանակներում, կառավարության որոշման համաձայն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայության տակ գործող մի շարք կառույցների միավորմամբ ստեղծվել է ընդերքի գործակալություն։

Հայաստանում շուտով կարտադրվեն առաջին արևային վահանակները։ Այդ նպատակով կստեղծվի արտադրական ձեռնարկություն, որը եզակի կլինի մեր տարածաշրջանում։ Արևային վահանակների արտադրությունը Հայաստանում կսկսվի արդեն այս տարվա երկրորդ եռամսյակում։ Այդ նպատակով առաջին փուլում կիրականացվի շուրջ  315 մլն դրամի  ներդրում, որի շրջանակներում կստեղծվի ավելի քան 50 աշխատատեղ։

ՀՀ առողջապահության նախարարությունը շուկայում կեղծ դեղեր է հայտնաբերել: Երեւանի, Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի դեղատներում հայտնաբերվել են կեղծ լինելու առումով կասկած հարուցող եւ չդրոշմապիտակավորված Պրեստանս 5մգ/10մգ եւ Ցեֆտրիաքսոն-Աստերիա  1գր դեղերը: Դեղերը ներմուծվել են ոչ թե ուղիղ, այլ անուղղակի կամ զուգահեռ ներմուծման ճանապարհով: «Ցեֆտրիաքսոն-Աստերիան հայկական եւ բավական տարածված դեղ է: Հայաստանում առաջին անգամ է, որ հայկական դեղ է կեղծվում»։

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ստեղծվելու է զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն: 

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Արման Լազգիյանի և նրա սխրանքի պատմությունը։ Արման Լազգիյանը ինքնուրույն, նպատակասլաց, աշխատասեր և հասուն մտածելակերպով 20-ամյա երիտասարդ է։ Նրան այդպիսին դեռ մանկուց են դաստիարակել իր ծնողները։

Փետրվարի 21-ն Ապրիլյան պատերազմի հերոս, ապրիլի 26-ին Մարտակերտում զոհված ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է: Տիգրանի եղբայրը՝ Տարոն Պողոսյանը, ասում է, որ այս ամիսների ընթացքում շարունակել է ապրել՝ գիտակցելով մի բան. նա հերոսի եղբայր է: Հենց այդ միտքն  է ապրեցրել ու ստիպել առաջ նայել: Փետրվարի 23-ն Ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված հետախույզ Աղասի Ասատրյանի ծննդյան օրն է: Երկու քույրերի՝ Հռիփսիմե եւ Ռիտա Ասատրյանների համար Աղասին միշտ եղել է շատ հոգատար եղբայր, ով ամեն հարցում կանգնած էր նրանց կողքին:

Սփյուռք 

Լիտվայի հայկական համայնքը տապալել է Ադրբեջանի հերթական քարոզչական միջոցառումը: Համայնքը բացահայտել է, որ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության 25 ամյա տարելիցին» նվիրված համերգի մասնակցության հրավերներնԱդրբեջանի դեսպանությունն ուղարկել է Լիտվայի խորհրդարանի Ադրբեջան-Լիտվա բարեկամության խմբի անունից, սակայն իրականում պարզվել է, որ խմբի անդամները տեղյակ չեն եղել իրենց անունից հրավերներ ուղարկվելու մասին: 

Օսկարակիր Սյուզան Սարանդոնը նկարահանվել է ռեժիսոր Արթուր Բալդերի նոր փաստագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում ամերիկաբնակ հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի հետ։ Բալդերն արժանացել է մրցանակի իր առաջին աշխատանքի` «Փոքրիկ իսպանացի» ֆիլմի, հետագայում «Երևակայական իրականություն» փորձառական ֆիլմի համար: 

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցան հանդիպումներ, որոնց մասնակցում էին Հայոց Հովվապետի հրավերով Մայր Աթոռ ժամանած Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության երեք միաբան եպիսկոպոսներ։ Տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքում ձեռք բերվեց ընդհանուր համաձայնություն, որի առաջին կետն է. «Պատրիարքության Կրոնական ժողովի հրավերով Եկեղեցական համագումար ժողովը մինչև ս. թ. մարտի 15-ը կատարում է տեղապահի ընտրությունը: Տեղապահի ընտրությամբ, ըստ Եկեղեցու կանոնակարգի, դադարեցվում են Պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազորությունները»։

Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը և ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին հանդիպել են Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։

Միջազգային խճանկար

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանը հաստատել Է, որ Բելառուսը լրիվ ծավալով չի կատարում ԵԱՏՄ-ի պայմանագրի դրույթներն ապրանքների շարժման ազատության եւ Մաքսային միության գործունեության ապահովման առումով:

Մահապարտների իրականացրած պայթյունների հետևանքով սիրիական Հոմս քաղաքում զոհվել է առնվազն 42 մարդ:

ԱՄՆ-ը սիրիական խնդիրը կլուծի երկու ճանապարհով՝ բուն հակամարտության կարգավորմամբ, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելով, ինչպես նաեւ անվտանգության գոտիների ստեղծմամբ:

Գերմանիայի իշխանությունները մտադիր են արտաքսել հարյուր հազարավոր այն միգրանտներին, որոնք փախստականի կարգավիճակ չեն ստացել Գերմանիայում:

Իրանի հարցում թուրքական իշխանությունների վերջին հայտարարությունների առնչությամբ Թեհրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն: Պաշտոնական Թեհրանը դեսպան Ռըզա Հաքան Թեքինին իր խիստ դիտողություններն է արել` կապված Բահրեյնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մյունխենում արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունների հետ: Էրդողանը Բահրեյն կատարած այցի ժամանակ քննադատել էր Իրանին` ասելով, թե այդ երկիրն Իրաքում և Սիրիայում «պարսկական ազգայնականության» քաղաքականություն է վարում: Նմանօրինակ հայտարարություն էր արել նաև Չավուշօղլուն: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանին վերանայել տարածաշրջանային քաղաքականությունը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուսեյն Մյուֆթուօղլուն պատասխանել է իրանցի իր գործընկերոջ հայտարարությանը, ով հորդորել էր թուրքական կողմից «չանցնել սահմանները»: Մյուֆթուօղլուն Իրանին կոչել է տարածաշրջանում լարվածության և անկայունության պատասխանատու։

Մալայզիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդի եղբոր մահը վրա Է հասել թունավորման հետեւանքով, ընդ որում օգտագործված թույնը մտնում Է մարտական թունավոր նյութերի կատեգորիայի մեջ։ Կիմ Չեն Նամը թունավորվել Է այն քիմիկատով, որը հայտնի Է որպես VX: Այն համարում են ամենաթունավորը մարդու կողմից սինթեզված բոլոր արհեստական թույներից: 

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Բլեքբերն»-«Մանչերսթեր Յունայթեդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի ազգային թիմի անդամ այս խաղի ընթացքում դարձավ գոլային փոխանցման հեղինակ և մասնակցեց ամբողջ խաղին: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց 1:2 հաշվով և կշարունակի պայքարը գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում; 

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելով հաղթեց «Սենթ Էթիեն»-ին Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկու խաղերի ընդհանուր 4:0 հաշվով հաղթեց «Սենթ Էթիեն»-ին և կշարունակի պայքարը Եվրոպայի լիգայում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am