Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 03 03.2017

Սպասվող լրահոս. 03 03.2017

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ կառավարության որոշմամբ հայ մեծ գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը` մարտի 3-ը, պաշտոնապես նշվում է որպես «Գործարարի օր»: Այդ առթիվ Գեղագիտության ազգային կենտրոնում կկայանա հուշադրոշմանիշի շնորհանդեսի և մարման արարողություն: Նույն կենտրոնում կբացվի «Մանթաշյանցի ժամանակը,հայ գործարար կյանքը 19-20-րդ դարերում» ժամանակավոր ցուցադրությունը: Այնուհետև Մանթաշյանցի արձանի մոտ կլինի միջոցառում, որից հետո կից Սուրբ Աննա եկեղեցում կկատարվի հոգևոր արարողություն օրվա խորհրդի կապակցությամբ:

Գործարարների թեման կշարունակեն սիրիահայ գործարարները: «Սիրիահայերի միություն» կազմակերպության խորհրդի անդամ, գործարար Շանթ Խնկիկյանը, սիրիահայ գործարարներ Սարգիս Յազջյանը, Գևորգ Սարյանը կներկայացնեն Հայաստանում իրենց գործունեության հաջողությունները, կանդրադառնան ոլորտում առկա խնդիրներին:

Զինգրքույկներում պատերազմի մասնակցության փաստը հերքող դեպքերը զրկում են զինծառայողներին օգտվել զեղջերից: Ի՞նչ խնդիրներ կան այս ոլորտում, դրանց լուծման ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվում: ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը, հասարակական գործիչ Դավիթ Մաթևոսյանը, նախկին զինծառայողներ կանդրադառնան թեմային:

«Հայաստան» համահայկական հիմնադրամում կկայանա միջոցառում` նվիրված հիմնադրամի գործունեության 25-ամյակին: 1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը` որպես եզակի մի կառույց,որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի և Արցախի կայուն զարգացմանը:

Լրագրողների հետ կհանդիպեն «ԵԼՔ» դաշինքից Էդմոն Մարուքյանը,Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը: Նրանք կներկայացնեն դաշինքի նախընտրական քարոզչության ռազմավարությունը և անելիքները։ Մամուլի ասուլիսով կազդարարվի նաև շտաբի բացումը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին կստորագրեն կիբերանվտանգության ոլորտում համագործակցության հուշագիր:

ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ կանցկացվի «Արի տուն» ծրագրի միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի և աշխատանքային խմբի նիստ: Միջոցառմանը կմասնակցեն մարզպետարանների, քաղաքապետարանների, գյուղական համայնքների ներկայացուցիչներ,հյուրընկալ ընտանիքներ: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը կամփոփի «Արի տուն-2016թ»ծրագրի արդյունքները և կներկայացնի 2017թ-ի անելիքները:

Այսօր պաշտոնապես կբացվի ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սպասարկման նոր կենտրոնը: Այդտեղ տնտեսվարողներն ու սպառողները հնարավորություն կունենան ստանալ տեղեկատվություն, խորհրդատվություն սննդամթերքի անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Դրանից բացի, ցանկացողները կարող են կազմակերպել արտահանման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները ժամանակակից ստանդարտներին համապատասխանող, հարմարավետ պայմաններում: Հայ և բրիտանացի մասնագետները համագործակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հայաստանում Բրիտանական դեսպանատունը կներկայացնի «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում հայկական 17ՏՏ ընկերությունների և բրիտանական գործարար համայնքի միջև մարտի 9-10-ը Լոնդոնում կայանալիք հանդիպումների ծրագիրը: ԵՊՀ-ում կանցկացվի «Պետական բարեփոխումների արդիականացումը Ղազախստանում.Հայացք Հայաստանից» թեմայով կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը կմասնակցեն ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը,ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը,պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Այսօր հանդիսավորությամբ կբացվի «Երազի տուն» վերականգնողական կենտրոնը։ «Հայ մայրեր»ՀԿ կողմից վերակառուցված կենտրոնը նախատեսված է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ու նրանց ծնողների համար։ Ներկա կլինեն «Երազի տուն»կենտրոնի վերակառուցման գործում աջակցություն ցուցաբերած բարերար կազմակերպություններ և անհատներ, գործընկերներ, քաղաքական գործիչներ, գործարարներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]