Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 08.03.2017

Սպասվող լրահոս. 08.03.2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: Այսօր Մարտի 8-ն է` Կանանց և գեղեցկության տոնը: Ըստ օրենքի` այն համարվում է ոչ աշխատանքային օր: Այդ օրը գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ավանդույթի համաձայն տղամարդկանց կողմից հատուկ ուշադրության են արժանանում` ստանալով ծաղիկներ եւ նվերներ: Հարկ է, սակայն, նշել, որ կանանց օրը տոնվել է այլ նշանակությամբ: Մարտի 8-ը տոնվել է հեղափոխական կանանց փառաբանելու նպատակով, կանանց, ովքեր պայքարում էին իրենց իրավունքների համար: Առաջին անգամ Կանանց միջազգային օրը կազմակերպված տոնվել է 1911թ-ին Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում եւ Դանիայում: Ժամանակի ընթացքում տոնի քաղաքական մասը մոռացվել է եւ մնացել է միայն անհրաժեշտությունը` գարնանը պատվել կանանց` իրենց գեղեցկության, քնքշության եւ անսահման սիրելու ունակության համար: Հայաստանում կանանց օրը տոնվում է երկու անգամ: Առաջինը մարտի 8-ն է` Կանանց միջազգային օրը, իսկ երկրորդն ապրիլի 7-ը` Մայրության օրը, որը Սբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնն է:

Մինչեւ Ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածն ընդունված է համարել կանանց միամսյակ: Մարտի 8-ին, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում: Չխախտելով վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթը՝ Երևանի քաղաքապետարանը Մարտի 8-ի առթիվ հաճելի անակնկալներ է նախապատրաստել մայրաքաղաքի կանանց, աղջիկների և այդ օրը Երևանում գտնվող իգական սեռի զբոսաշրջիկների համար: Անակնկալները կմեկնարկեն «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ վաղ առավոտից ժամանող բոլոր կանանց և աղջիկներին նվիրելու են ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ: Ժամը 12:00-ից մինչև 18:00-ն մայրաքաղաքի փոքր կենտրոնի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայում, Ավ. Իսահակյանի և Արամ Խաչատրյանի արձանների հարակից տարածքներում ևս սպասվում են հաճելի անակնկալներ, այդ թվում նաև՝ երաժշտական կատարումների տեսքով: Օրվա ընթացքում անակնկալ ֆլեշմոբեր են սպասվում նաև Երևանի մետրոպոլիտենում երթևեկող կանանց ու աղջիկներին: Իսկ էքստրեմալ զգացողությունների սիրահար կանայք և աղջիկները ժամը 17:00-19:00-ն կարող են այցելել Ազատության հրապարակ: Օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Երևանում կանցկացվի «Գյուղմթերքի կին հերոս-2017» ազգային մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակաբաշխությունն ուղղված է գյուղատնտեսական արտադրության ու պարենային անվտանգության ոլորտում կանանց դերի ընդգծմանը ՝ տոնելով Կանանց միջազգային օրը: Միջոցառմանը կմասնակցեն նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, տարածաշրջանային և տեղական իշխանությունների, գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:

Կոմիտաս թանգարան-ինստիտուտում Կանանց միջազգային տոնի կապակցությամբ տեղի կունենա հերթական կրթական ծրագիրը, որը կրում է «Գովերգեր» խորագիրը: Ծրագրի ընթացքում կսովորեն Կոմիտասի ազգագրական ժողովածուներից քնարական ժանրի անծանոթ նմուշներ, որոնք գովերգում են կնոջը՝ այլաբանորեն գովաբանելով նրա գեղեցկությունը։ Չնայած օրը տոնական է և ոչ աշխատանքային, սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահի և Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության միջև: Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Փարիզում նախատեսված են հանրապետության նախագահի հանդիպումները Ֆրանսիայի գործարար շրջանակների, Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Նախագահ Սարգսյանը կայցելի նաև Լիոն՝ հանդիպում կունենա Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am