Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մանկական բեսթսելեր 4/14. «Լինում է, չի լինում» պատկերազարդ հեքիաթներն առաջատարն են

Մանկական բեսթսելեր 4/14. «Լինում է, չի լինում» պատկերազարդ հեքիաթներն 
առաջատարն են

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում «Զանգակ» հրատարակչության «Լինում է, չի լինում» հեքիաթների պատկերազարդ ժողովածուն է: Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի հեքիաթների հերոսները փոքրիկների ամենասիրածներն են: Այս հեքիաթների նոր նկարազարդումներն էլ ավելի հետաքրքիր են դարձնում ընթերցումը:

Մեկ հորիզոնականով առաջատարի տեղը զիջել և երկրորդ տեղում է հայտնվել «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը: Այն մեծ մասսայականություն է վայելում փոքրիկների շրջանում: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում:

Մեծերը փոքրիկների համար հաճախ գնել են նաև «Շաղգամը» գիրք-փազլը, ինչի արդյունքում այն հայտնվել է երրորդ հորիզոնականում: Հեքիաթի առանցքում համատեղ ուժերով նպատակին հասնելու գաղափարն է: Շաղգամը հողից հանելու համար պապիկին օգնության հասած թոռնիկին են միանում շունը, կատուն, անգամ մուկը:

«Արև, արև, եկ, եկ» մանկական բանաստեղծությունների ժողովածուն բարելավել է իր դիրքերը և չորրորդ տեղում է: Գրքում զետեղված են տարբեր սերնդի հայ մանկագիրների ստեղծագործություններ:

Հինգերորդ տեղում է Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ» գիրքը: Հեղինակի ստեղծագործություններում արտահայտվում են հայ ժողովրդի դարավոր ավանդույթները, աշխատասիրությունը, հոգևոր հարստությունը:

Վեցերորդ հորիզոնականում է Ջ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը» ստեղծագործությունը: Ամառային արձակուրդներն ավարտվում են, և Հարի Փոթերը կրկին վերադառնում է Հոգվարթսի վհուկության և կախարդության դպրոց: Դղյակի պատերին հայտնվող սպառնալից գրությունները զգուշացնում են, որ գաղտնիքների սենյակը կրկին բացվել է:

Ջ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքը յոթերորդն է: Առաջին անգամ այն լույս է տեսել 20 տարի առաջ: Վեպի հիման վրա 2001 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը մեծ աղմուկ է բարձրացրել ու արժանացել  և՛ փոքրիկների, և՛ մեծահասակների ուշադրությանը:

Այս ամիս իր դիրքերը զիջել է Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» գիրքը: Այն ութերորդն է: Թումանյանի  ստեղծագործությունները, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթն իններորդն է: Այն Վաչագանի և Անահիտի սիրո, խիզախության, աշխատասիրության, նվիրվածության մասին է: Հեքիաթի մոտիվներով նաև մուլտֆիլմ է նկարահանվել:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակած  «Սասնա տուն» գիրքը: Հայ ժողովրդական դյուցազնավեպի Մկրտիչ Խերանյանի պատումը մանուկների համար համառոտ վերապատմում են Անժել Քյուրքչյանը և Լիլիթ Տեր-Գրիգորյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները,  7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81): Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

 

Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1

«Լինում է չի լինում»

պատկերազարդ հեքիաթներ

Զանգակ 200
2 «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» Բուկինիստ 120
3 «Շաղգամը» գիրք փազլ Բուկինիստ 70
4

«Արև, արև, եկ, եկ»

Էդիթ Պրինտ 66
5

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

ՀաշընդՀաշ 60
6

Ջ. Ռոուլինգ

«Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»

 

Զանգակ 60
7

Ջ. Ռոուլինգ

«Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը»

Զանգակ 50
8

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 30
9

Ղազարոս Աղայան

«Անահիտ»

Արևիկ 30
10 «Սասնա տուն» Էդիթ Պրինտ 27

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց

Անժելա Համբարձումյանը



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]