1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեզ համար ամենամեծ ձեռքբերումը մեր հանդիսատեսն է. լրացավ հայկական«Նեմրա» ռոք-խմբի հնգամյակը

Մեզ համար ամենամեծ ձեռքբերումը մեր հանդիսատեսն է. լրացավ հայկական«Նեմրա» 
ռոք-խմբի հնգամյակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հյուսիսային պողոտայում մարտի 8-ին կայացավ «Նեմրա» ռոք-խմբի համերգը: Օրերս լրացել է խմբի հնգամյակը: Հինգ տարվա ընթացքում խումբը ձայնագրել է ձայնասկավառակ, նկարահանել վեց տեսահոլովակ, ունեցել շուրջ հինգ տասնյակ համերգ: «Մեզ համար հնգամյա ուղու ամենամեծ ձեռքբերումը մեր հանդիսատեսն է»,- նշում են խմբի անդամները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նրանք պատմեցին խմբի անցած ուղու և ծրագրերի մասին:

-Ի՞նչպես ստեղծվեց ձեր խումբը, և ի՞նչ է խորհրդանշում «Նեմրա» անվանումը:

-«Նեմրան» հայկական Արմեն անվան հակառակ ընթերցանությունն է: Քանի որ աշխարհում Հայաստանը անվանում են Արմենիա, Արմեն արմատի վրա շեշտ դնելով՝ ցանկացել ենք ընդգծել խմբի հայկական ծագումը: Խմբի խորհրդանիշն է մեր հնարած «Նեմրա» մոլորակը, որտեղ մարդիկ շփվում են երաժշտության միջոցով: Խմբի անդամներն են՝ Վան Եղիազարյանը (վոկալ, կիթառ), Մարիաննա Կարակեյանը (բեք-վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Վասպուր Եղիազարյանը (բեք-վոկալ, բաս կիթառ) և Մառեկ Զաբորսկին (հարվածային գործիքներ): Հայ հանդիսատեսին ենք ներկայացնում արտերկրում արդիական, սակայն Հայաստանում դեռևս լայն տարածում չգտած, ալտերնատիվ-ռոք և ինդի-ռոք ոճերը:

-Ովքե՞ր են հանդիսատեսի կողմից սիրված ձեր երգերի հեղինակները, և ի՞նչպես են ստեղծվել դրանք:

-Երգերի մեծամասնության հեղինակն է Վան Եղիազարյանը, սակայն մի քանիսը հեղինակել են Մարիաննա Կարակեյանը (“Last Chance To Love”, “Train Of Despair”) և Վասպուր Եղիազարյանը (“All I Need”, “Seasons”), իսկ երգիծական “Shorts” երգը գրել ենք բոլորս միասին: Այն բաղկացած է երեք ուրույն հատվածներից, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է երեք համահեղինակների հոգեվիճակը: Սա ևս մեկ ապացույց է, որ մեր հոգեկերտվածքները լրացնում են միմյանց: Լինում է, որ երգի հեղինակը մեկն է, իսկ հանրությանը հայտնի վերնագիրը հորինել է մյուսը: Օրինակ՝ “Last Chance To Love” երգի հեղինակն է Մարիաննա Կարակեյանը, իսկ անունը դրել է Վասպուր Եղիազարյանը: Տվյալ պահին խմբի հեղինակային երգերի ցանկը ներառում է շուրջ 25 երգ: Չնայած երգերի թեմաները վերցված են մեր անձնական կյանքից, համամարդկային արժեքների մասին են՝ անկեղծության, արդարության, ազատության… Ստեղծագործելիս ևս աշխատում ենք լինել ազատ և անկեղծ մեր երազանքների հանդեպ:

-Ո՞րոնք են ըստ ձեզ, խմբի հնգամյա ուղու նշանակալից ձեռքբերումները:

-Մեզ համար ամենամեծ ձեռքբերումը մեր հանդիսատեսն է: Երևի թե ձեռքբերումներից է նաև մեր առաջին ձայնասկավառակը՝ «Մուբլան»: Կրկին հակառակ ընթերցանությամբ՝ միջազգային album բառն է: Թեև հակառակ ընթերցանությունը, կարծես թե, դարձել է խմբի ձեռագրի ուրույն տարր, այսուհանդերձ երգերում ձգտում ենք կոնկրետության, որպեսզի ունկնդիրը ճիշտ հասկանա մեր ուղերձն իրեն: Ձայնասկավառակն ընդգրկում է տասնմեկ երգ, որոնցից շատերը այսօր էլ հնչում են մեր համերգներին:

-Խնդրում եմ համառոտ ներկայացնել նաև ձեր համերգային գործունեությունը:

-Ունեցել ենք շուրջ հինգ տասնյակ համերգներ Երևանյան տարբեր ակումբներում ու թատրոններում, մասնակցել ենք մի շարք փառատոնների: 2015 թ. պատիվ ենք ունեցել առաջինը ներկայացնել Հայաստանը ՌԴ-ում անցկացվող “Voice of Nomands” ամենամյա փառատոնին: Հաճելիորեն զարմացած էինք Վանաձորում և Ախթալայում 2016 թ. կայացած մեր համերգների արձագանքից:

-Համագործակցե՞լ եք, արդյոք մեր այլ երաժիշտների հետ:

-Համագործակցել ենք “The Beautified Project” խմբի մեներգիչ Անդրե Սիմոնյանի հետ, ինչի արդյունքն է մեր “Leave Me Alone” երգի զուգերգ-տարբերակը: Երգը մինչ այդ տեղ էր գտել մեր առաջին ձայնասկավառակում, զուգերգ-տարբերակի տեքստում որոշակի փոփոխություններ կատարեցինք:

-Ձեր տեսահոլովակները համացանցում տասնյակ հազարավոր դիտումներ են գրանցել: Կխնդրեի պատմել դրանց մասին:

-Խումբն ունի վեց տեսահոլովակ՝ 2014 թ. Նկարահանված “Sad Reality”-ն (ռեժ. Կ.Ամյան), “Dream”-ը (ռեժ. Մ.Կազարյան), 2016-ին՝ “Train of Despair”-ը (ռեժ. Ի.Աբրահամյան), “Feet in the River”-ը (ռեժ. Ա.Հովակիմյան), “Leave Me Alone”-ը (մասնակցությամբ՝ Ա.Սիմոնյանի, ռեժ. Մ.Գեվորգյան) և “Lost Connection”-ը (2016, ռեժ. Ի.Աբրահամյան):

-Չենք կարող խուսափել ավանդական՝ ապագա ծրագրերի մասին հարցից:

-Առաջնահերթ է երկրորդ ձայնասկավառակի ձայնագրումը: Երգերից երկուսը (“Feet In The River”, “Connection Lost”) արդեն իսկ ձայնագրվել են, ներկայացվել տեսահոլովակով: Եթե առաջին ձայնասկավառակում գերակայում էին «գլոբալ» թեմաները, ապա երկրորդը առավելապես արտացոլելու է մեր ներաշխարհը: Երևի այն անվանենք “Hmm”: Մեր երգերը հայկական ֆիլմերում որպես երաժշտական ուղեկցում օգտագործելու առաջարկություններ ենք ստացել: Ծրագրում ենք նաև մեր գործիքավորմամբ ձայնագրել հայկական ժողովրդական երգեր:

Հարցազրույցը Արման Սաֆարյանի

«Նեմրա» ռոք-խումբը հիմնադրվել է 2012 թ. փետրվարի 17-ին: 2013 թ. կայացել է խմբի առաջին մենահամերգը, հրապարակվել առաջին ձայնագրությունը: 2015 թ. «Նեմրա» ռոք-խումբը առաջին անգամ ներկայացրել է Հայաստանը ՌԴ-ում անցկացվող “Voice of Nomands” ամենամյա փառատոնին: 2016 թ. թողարկվել է խմբի առաջին ձայնասկավառակը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]