Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Նոյ» ազգագրական թաղամասը կարող է դառնալ Հայաստանի մշակութային զբոսաշրջության այցեքարտ

«Նոյ» ազգագրական թաղամասը կարող է դառնալ Հայաստանի մշակութային 
զբոսաշրջության այցեքարտ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության կողմից մշակվել ու կառավարությանն է ներկայացվել «Նոյ ազգագրական թաղամասի» կառուցապատման ներդրումային ծրագիրը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նախագիծը ներկայացրեց ճարտարապետ Արտավազդ Թարխանյանը։ 

- Պարոն Թարխանյան, որտե՞ղ է գտնվելու թաղամասը:

- Այն գտնվելու է «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնին և Դալմայի այգիներին հարող տարածքում։ Դա շատ յուրահատուկ լանջ է, որտեղից տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը և Երևանյան լիճը։ Հենց դրանով էլ կապ է ստեղծվում բիբլիական առասպելի և թաղամասի միջև։ 

- Որքա՞ն է լինելու կառուցապատման մակերեսը։ 

- Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցապատել մոտ 9,2 հա մակերեսով հողատարածք։ Շուրջ 150 000 քմ կառուցապատմամբ մի թաղամաս է լինելու, որտեղ տարբեր հատվածներում կկառուցվեն Հայաստանի տարբեր տարածքներին բնորոշ ժողովրդական տներ։ 

- Ինչպիսի՞ շինություններ են լինելու այդ թաղամասում։ 

- Լինելու են երկու և երեքհարկանի շինություններ, որոնք կունենան տարբեր ճարտարապետական ոճեր՝  Արևմտյան Հայաստանից, Արևելյան Հայաստանից։ Խոսքը ոչ թե հասարակական շինությունների մասին է, այլ ժողովրդական, այսինքն՝ սեփական առանձնատների և այն բնակելի կառույցների մասին։ Թաղամասի հատակագծային լուծման մեջ որպես հիմք է ընդունված դեռ միջնադարից մեզ հայտնի Անի քաղաքի թաղամասերից մեկի հատակագիծը։ Նախատեսվում է այսպիսի ինքնատիպ միջավայրում կառուցել փոքր-ինչ թեք փողոցներ, գողտրիկ անկյուններ, ինչով հնարավորություն կստեղծվի մի փոքր այլ կերպ ներկայացնել ժողովրդական մշակույթը։ 

- Ինչպիսի՞ աշխատանքներ են նախատեսվում ցուցադրել։ 

- Գորգագործություն, կարպետագործություն, քանդակագործություն, նկարչություն, կավագործություն և բոլոր այն արվեստներն ու արհեստները, ինչով հարուստ է մեր երկիրը և հայ ժողովրդական ժառանգությունը։ Լինելու են նաև ցուցասրահներ, վաճառասրահներ նույն այդ վարպետների աշխատանքների համար։ Որպեսզի թաղամասը չլինի ինչ-որ մի աշխատավայր, որտեղ մարդիկ գալիս են ուղղակի մեկ նպատակով, մտադիր ենք ժողովրդական վարպետներին տրամադրել որոշ բնակելի հատվածներ, որպեսզի բոլոր այդ արհեստագործները կարողանան ապրել։ Գուցե շենքերի առաջին հարկերում լինեն ցուցասրահները, երկրորդում՝ արվեստանոցները և երրորդ հարկերում՝ նրանց բնակարանները։ Այս ամենը կհանգեցնի նրան, որ  թաղամասը կդառնա նաև «կենդանի մարմին»։ 

- Ի՞նչ միտում ունի այս ծրագիրը։ 

- Ամբողջ ծրագիրը միտված է ևս մեկ զարկ հաղորդելու Հայաստանում մշակութային զբոսաշրջությանը։ Սա կարող է օրինակ ծառայել այն զբոսաշրջիկների համար, ովքեր կարճ ժամանակով են գալիս մեր երկիր։ Այսինքն՝ այստեղ կարող են տպավորություն ստանալ այն իսկականից, ինչը ներկայացված է Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում։ Տուրիստական հոսքերը մեր ծրագրի շնորհիվ կարող են ավելանալ, և այստեղ բոլոր այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի ժողովրդի մշակույթին։ Մտադրություն կա, որպեսզի լինեն նաև տաղավարներ, որտեղ կցուցադրվեն Հայաստանի մի շարք շրջանների խոհանոցներ։ 

- Ի՞նչ հեռավորությամբ է թաղամասը գտնվում Երևանի կենտրոնից։ 

- Երևանի Հանրապետության հրապարակից և «Զվարթնոց» օդանավակայանից գտնվում է մեքենայով 10 րոպե ընթացքի հեռավորությամբ։ Գտնվում է տարանցիկ մի հատվածում, որը հասանելի է տարբեր տուրիստական հոսքերի տեղաշարժի համար։ Որպեսզի զբոսաշրջիկը Հայաստանից մեկնելու վերջին պահին ևս կարողանա ինչ-որ բանի հետ ծանոթանալ։ Հնարավոր է, դա էլ առիթ հանդիսանա, որ նա հաջորդ անգամ այցելի Հայաստան, արդեն ավելի մանրամասն ուսումնասիրի տվյալ շրջանը կամ շրջանները։ 

- Դեպի ազգագրական թաղամաս կառուցվելո՞ւ են, արդյոք, նոր փողոցներ։ 

- Իհարկե, լինելու են նաև նոր փողոցներ։ Օրինակ՝ դեպի «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի տանող ճանապարհը նախատեսվում է երկարացնել և հասցնել մինչև այդ թաղամասը։ Թաղամասն էլ իր հերթին կունենա սեփական ավտոկայանատեղի 750 կամ ավելի ավտոմեքենայի համար։ Հնարավորություն կա նաև կապ ստեղծել Մոնթե Մելքոնյան պողոտայի հետ։ 

- Ովքե՞ր են ներդրողները և մոտավորապես որքա՞ն է արժենալու այս նախագիծը։ 

- Ներկա պահին մենք մշակել ենք այս ներդրումային ծրագիրը և նոր ենք ներկայացնում հանրությանը, հենց այն նպատակով, որպեսզի ներդրողներ ներգրավենք։ Դեռ այս ծրագրի շրջանակում ներդրողներ չկան, որովհետև մոտ 2 ամիս առաջ է ներկայացվել։ Ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 98 մլն դոլար։ Այժմ բանակցություններ են տարվում հնարավոր ներդրողների հետ։

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]