Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արաբագետը Իրաքում ԻՊ-ի դեմ սկզբունքային հաղթանակը 1-2 ամսվա խնդիր է համարում

Արաբագետը Իրաքում ԻՊ-ի դեմ սկզբունքային հաղթանակը 1-2 ամսվա խնդիր է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը մոտենում է եզրափակիչ փուլին: Իրաքում խմբավորման դեմ պայքարի հաջողություններն ավելի ակնհայտ են. այնտեղ սկզբունքային հաղթանակը 1-2 ամսվա խնդիր է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը` անդրադառնալով «Իսլամական պետության» դեմ պայքարի արդյունքներին: «Խնդիրը որոշակի բարդություններ կարող է ներկայացնել Սիրիայում, որովհետև այստեղ կա շահերի ակնհայտ բախում, թե «Իսլամական պետության» դեմ որ կողմը պետք է վերջնական հաղթանակ տանի: Իրաքի պարագայում ամեն ինչ ավելի հստակ է, քանի որ այնտեղ ներքին և արտաքին դերակատարների միջև կա որոշակի համաձայնություն: Իրաքյան բանակը և նրան հարող խմբավորումներն են գլխավորում ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, իսկ նրանց աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան: Սիրիայի պարագայում խնդիրը մի փոքր ավելի բարդ է»,- ասաց Պետրոսյանը:

Նա մանրամասնեց, որ Սիրիայի տարածքում ԻՊ-ի դեմ պայքարում ներգրավված են երեք հիմնական ուժեր` սիրիական բանակը` ՌԴ-ի և Իրաքի աջակցությամբ, սիրիական ազատ բանակը և ընդդիմադիր խմբավորումները, որոնց թիկունքին Թուրքիան է, և քրդերը, որոնց թիկունքին ԱՄՆ-ն է ու նրա գլխավորած միջազգային կոալիցիան: «Այստեղ կողմերի միջև կան ակնհայտ հակասություններ: Հենց այս մրցակցությունն է, որը որոշակիորեն բարդացնում է Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դեմ վերջնական հաղթանակի գործընթացը»,- նշեց արաբագետը:

Նրա խորին համոզմամբ` արտաքին խաղացողների միջև կուլիսային բանակցությունների ակտիվ փուլ է ընթանում, ինչը կհանգեցնի որոշակի կոնսենսուսի: Նա գտնում է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում վերջնական հաղթանակ կարձանագրվի: «Այսինքն, կառույցն այլևս չի լինի այն տեսքով, որ կար մինչ այս ու կանցնի ահաբեկչական դասական գործողությունների»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետն այն կարծիքին է, որ ԻՊ-ի դեմ հաջող պայքարից հետո Մերձավոր Արևելքի տարածաշրջանում հիմնական խնդիրը, որը կարող է առաջ գալ, քրդական հարցն է: «Բոլորի համար էլ պարզ է, որ նրանք հենց այնպես չեն կռվում և պարզ է, որ նրանք առաջ են քաշելու իրենց շահերը: Հենց այդ գործընթացն է, որ ժամանակի ընթացքում նոր կոնֆլիկտի է հանգեցնելու Սիրիայի տարածքում, որում ներգրավված կլինեն և Թուրքիան, և սիրիական իշխանությունները, և սիրիական ընդդիմադիր խմբավորումները»,- մանրամասնեց Պետրոսյանը:

Նա նշում է, որ միջազգային հանրությունը հանդես եկավ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը շարքից հանելու ակտիվ նախաձեռնությամբ, քանի որ այդ խմբավորումը լավ առիթ էր տարածաշրջանային գործընթացներին միջամտելու համար: Հիմա, ԻՊ-ից բացի, կա բավականին լուրջ գործոն` քրդական գործոնը, որը շատ ակտիվ է: Առաջիկայում այս խնդիրը հենց դառնալու է միջազգային հանրության գործողություների հիմնական առանցքը Մերձավոր Արևելքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]