Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 14.03.2017

Սպասվող լրահոս. 14.03.2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 14-ին, երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում առանցքային հարցեր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Երևանում կանցկացվի աշխատաժողով` նվիրված «Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ.»-ի ծրագրին: Ներկա կլինեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկի, ինչպես նաև երրորդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացվող «Ֆրանսիայի համը» խոհարարական միջոցառման կապակցությամբ լրագրողների հետ կհանդիպի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Նա կներկայացնի Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում դեսպանության կողմից կազմակերպվելիք միջոցառումները: Ավելի ուշ Ֆրանսիայի դեսպանությունում տեղի կունենա ընդունելություն, որի ընթացքում «Ֆրանսիայի համը» միջոցառմանը մասնակցող ռեստորանների շեֆ-խոհարարները կներկայացնեն իրենց կողմից առաջարկվող ճաշատեսակները:

Մոսկվայում մարտի 17-ին տեղի կունենա ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստը։ Նիստին ընդառաջ կազմակերպվում է Երևան-Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Քիշնև-Մինսկ տեսակամուրջը՝ «Անկախ պետությունների համագործակցության տնտեսական օրակարգը» թեմայով։ Տեսակամուրջի ընթացքում կներկայացվեն տնտեսական և սոցիալական հարցեր:

Կներկայացվեն հանրային գնումների համակարգի 2016-2017թթ-ի մոնիտորինգի արդյունքները: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» -ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն անդրադարձ կկատարի նաև ՀՀ «Գնումների մասին» նոր օրենքին, որն ընդունվեց 2016թ. դեկտեմբերի 16-ին և ուժի մեջ կմտնի այս տարվա ապրիլի 25-ից:

Ընթերցասերներին կներկայացվեն Էդիկ և Տաթևիկ Մինասյանների «Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին», ինչպես նաև «Հայ հերոսուհի կանայք» գրքերը: Գրքերի շնորհանդեսը տեղի կունենա այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում: Միջոցառմանը կմասնակցեն Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և այլք:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am