1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքագետը վստահ է՝ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու դեպքում նրա վարքագծում փոփոխություններ կլինեն

Քաղաքագետը վստահ է՝ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու դեպքում նրա 
վարքագծում  փոփոխություններ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Նարեկ Գալստյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մարտի 27-ին Հայաստանում եւ Արցախում սպասվող այցից որեւէ նորություն չի ակնկալում: Նրա խոսքով՝ այցի շեշտադրումները լինելու են նույնը, ինչ նախորդ այցի ընթացքում են եղել:

«Կասվի նույնը, նույն  բարձր մակարդակով հայտարարությունները, որոնք մինչեւ այժմ եղել են, վստահության մթնոլորտի վերականգնմանն ուղղված միջոցառումներ, հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտություն եւ այլն: Ըստ էության՝ նրանք չեն էլ շեղվել այդ գծից, բայց դա որեւէ էական փոփոխություն չի էլ բերել: Հիշում ենք՝ ապրիլյան պատերազմի բախումներից հետո որոշ ժամանակ այդ բանակցային ֆոնն էր ստեղծվում, այսինքն՝  բանակցություններ էին տարվում, որպեսզի վերականգնեին բանակցային ձեւաչափը: Վիեննայում եւ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները հենց դրան էին ուղղված, բայց մենք տեսանք, որ սրան զուգահեռ ավելացավ նաեւ Արդբեջանի գործողությունների ինտենսիվությունը. ռեժիմի հաճախակի խախտում, դիվերսիաներ: Սա ցույց է տալիս, որ խնդիրը չի էլ լուծվել, այն վտանգները, որոնք կային, հիմա էլ են պահպանվում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Բանակցային գործընթացում, որն ըստ նրա՝ այս տարի եւս որեւէ լուծում չի տվել հակամարտությունում առկա բացերին, կա մեկ կարեւոր խնդիր՝ կողմերի միջեւ վստահության բացակայությունը:

«Հայկական կողմը չի կարող վստահել Ադրբեջանին՝ զուտ հիմք ընդունելով համանախագահների հայտարարությունները, ինչ-որ բանավոր երաշխիքները, թե լարվածություն չի վերսկսվի. մենք պետք է մշտապես զգոն ու պատրաստ լինենք եւ իրականում սպասենք այդպիսի գործողությունների: Վերջին շրջանի պատմությունն էլ ցույց է տալիս, որ լավագույն տարբերակը զգոնությունն է եւ ոչ թե պարզապես սպասելը, այլ հենց պատրաստ լինելը, որ Ադրբեջանը ցանկացած ժամանակ ցանկացած առիթ կարող է օգտագործել ինչ-որ հատվածում գործողություններ իրականացնելու համար: Պարզապես պետք է հասկանալ, որ նման գործողություններ էլի են լինելու, ուստի մեր անելիքը  ինքներս պետք է որոշենք, այլ ոչ թե սպասենք ինչ-որ հայտարարությունների»,-նշեց Նարեկ Գալստյանը:

Նա զարմանալի է համարում այն, որ անգամ հիմնավոր ապացույցների, փաստերի առկայության դեպքում համանախագահների համար դեռեւս խնդիր է մնում մատնանշելը, թե որ կողմն է նախահարձակ լինում նման գործողությունների ժամանակ:

«Համանախագահները նշում էին, որ երկու կողմերը միմյանց են մեղադրում ռեժիմն առաջինը խախտելու մեջ, մինչդեռ մեր գործողությունները ընդամենը պատասխան էին: Հատկապես վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ակնհայտ փաստեր, ապացույցներ կան, թե ով  է կատարել առաջին գործողությունը, բայց դրանք էլ են անտեսվում: Եթե հակառակորդի դիվերսիոն խմբավորման զինվորների մարմինները գտնվում են չեզոք  գոտում, արդեն իսկ հասկանալի է, թե ովքեր են սկսել գործողությունները, բայց  դա Ադրբեջանին սանձելու համար հիմք չեղավ: Ինչ վերաբերում է շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը, Մինսկի խումբը կոչված է ապահովելու կողմերի միջեւ երկխոսություն, այն չունի պարտադրական լիազորություններ, բայց եթե կողմերից մեկն առաջարկված գաղափարը կտրականապես մերժում է եւ անընդհատ խնդիրներ է ստեղծում,  ապա դա իրականություն դառնալ չի կարող: Խնդիրը մնում է բաց, եւ արդեն տեւական ժամանակ է՝ առնվազն 4-5 տարի է՝  Հայաստանը այդ մասին բարձրաձայնում է: Եթե դրանք չեն ներդրվում, ուրեմն այդտեղ ուրիշ խնդիրներ կան, որոնք մեզնից կախված չեն»,-ասաց նա:

Քաղաքագետը կարծում է, որ թեկուզ այդ ապացույցներն անտեսվում են, բայց համանախագահները գիտեն, թե իրականում ով է նախահարձակ եղել:

«Միգուցե նրանք դա Ադրբեջանի հետ այլ հարցերում, իրենց հարաբերություններում որպես խաղաքար են օգտագործում,  բայց ոչ ի նպաստ արցախյան հիմնախնդրի կարգավորման: Պարզապես հասկանալի է, որ մենք ինչ-որ բան  ապացուցելու կարիք չունենք, որովհետեւ ամեն ինչ այնքան բացահայտ է թե տեսանյութերով, թե լուսանկարներով: Եթե նրանք դա որպես հիմք չեն ընդունում, ապա դա այլ հարց է: Ասում եմ՝ Մինսկի խումբը, որպես այդպիսին, այլ լիազորություններ չունի, բայց կարող են իրենց պետությունների մակարդակով  պատժամիջոցներ հայտարարել Ադրբեջանի նկատմամբ մինչեւ այն պահը, քանի դեռ հետաքննական մեխանիզմները ներդրված չեն: Եթե դա տեղի ունենա, համոզված եմ՝ Ադրբեջանի վարքագծում կլինեն փոփոխություններ, հակառակ դեպքում անպատժելիության մթնոլորտից կուրացած՝ այն կշարունակի իր քաղաքականությունը»,-եզրափակեց Նարեկ Գալստյանը: 

Սյուզի Մուրադյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]