Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մարտ

Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը դեմ է գնում Ամենայն Հայոց կաթողիկոսի կամքին


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, վիժեցնելով Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրության գործընթացը, դեմ է գնում Ամենայն Հայոց կաթողիկոսի կամքին, քանի որ տեղապահի ընտրություն անցկացնելը կաթողիկոսի կամքն էր: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն` անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններին, Ստամբուլի իշխանությունների այն հայտարարությանը, որ չեն ճանաչում տեղապահի ընտրությունների արդյունքները:

«Զարմանալ կարելի է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ավելի գերակա է համարում միջին կլասի թուրք բյուրոկրատի կասկածելի գրությունը Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորից»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Ի՞նչ կարելի է անել ստեղծված իրավիճակում: Հարցին ի պատասխան թուրքագետը նշեց, որ ներկայում Պոլսո հայոց համայնքի միակ լեգիտիմ իշխանութունն ունի օրինական ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Հետևաբար, ըստ նրա, պետք է հաշվի չառնել որևէ փոխնահանգապետի գրություն և իրավիճակը տանել դեպի հաջորդ փուլ` կազմակերպելով պատրիարքի ընտություններ:

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, նշանակում է դանդաղեցնել գործընթացը: Խնդրել են հանդիպում Ստամբուլի նահագապետի հետ հարցը քննարկելու համար: Արդեն քննարկումը սխալ է, որվհետև նահանգապետն իրավունք չունի միջամտելու ներեկեղեցական հարցերին հենց թուրքական օրենքներով: Այս դանդաղկոտությունը, ոչ վճռկանութունը բացասական  դեր է խաղալու»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետը կարծում է, որ Գարեգին սրբազանը պետք է իր վրա վերցնի ամբողջ իշխանությունն, իր շուրջը հավաքի բոլոր ուժերին և գնա խնդրի լուծման: Նա ընդգծեց, որ ներկայում, փաստորեն, համայնքում երկիշխանություն է: Ընտրված տեղապահը չի կարողանում ստանձնել իր լիազորությունները, իսկ չընտրված Արամ Աթեշյանը շարունակում է դե ֆակտո լինել իրավիճակի տերը:

«Անգամ հայտարարել է` թեկուզ չի ընտրվել տեղապահ, բայց թուրքական պետությունն այդպես է ուզում, հետևաբար շարունակելու է մնալ փոխանորդ: Ի դեպ, տեղապահի ընտրությունից հետո տեղի է ունենում այսպիսի արարողություն, եկեղեցու զանգերը ղողանջում են` ավետելով բարի լուրը, հնչում է աղոթք և փոխանորդը ֆինանսական փաստաթղթերը հանձնում է տեղապահին: Քանի որ տարիներ շարունակ խոսվում է ֆինանսական չարաշահումերի մասին, հետևաբար հնարավոր է Արամ Աթեշյանը չի ցանկանում հանձնել այդ փաստաթղթերը կամ միգուցե ժամանակ է շահում դրանցում փոփոխություններ անելու համար»,-հավելեց թուրքագետը:

Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը պետք է շնորհավորի ընտրված տեղապահին, դա կլինի կարևոր աջակցություն, մեսիջ ուղղված համայնքին: Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի լռելը թուրքագետը պայմանավորում է զգուշավորությամբ:

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 15-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում: Քվեարկությունը իրականացվել է դռնփակ կարգով` պատրիարքարանի 30 հոգևորականի կողմից: Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ